- 7 - – Գրադարան – Mashtoz.org

- 7 -

Պատրաստել էի ամեն մի բառս ու նախադասությունս, ինչպես զենքերն ու փամփուշտներն են պատրաստում ճակատամարտից առաջ, բայց երբ «հակառակորդիս» դիմաց հայտնվեցի, պատերազմական տրամադրություններս իսկույն վերացան: Երկչոտությամբ, կանխավ չքմեղանքներ, թերևս նաև, ծածուկ կերպով, խրախուսանք փնտրելով, ոչինչ չկարողացա ասել, այլ միայն շշնջացի. «Դժվար է սիրել»:
«Կարծածիցդ շա՜տ ավելի», պատասխանեց Իմաստունը:
Ապշած էի: Այս կերպ նա հույսն ուներ ինձնից ինչ որ մի ջա՞նք կորզել ... : Բայց կրկին փորձեցի ինքնարդարացման դիմել.
«Հավատարմորեն փորձեցի, որպեսզի Ձեզ հաճույք պատճառեմ ... »:
Խոսքս իսկույն կտրեց.
«Մանկահաս երեխաներն են, որ ջանքեր են անում իրենց ծնողներին հաճելի լինելու նպատակով: Երիտասարդներն ու հասուն անձինք, եթե նման բան են անում, դա պետք է անեն իրենք իրենց համար: Նախ իրենք են իրենց կյանքի պատասխանատուները»:
«Բայց ես չէ, որ խնդրել եմ ապրել», եռանդով հակադարձեցի:
«Ճիշտ է: Ոչ ոք կյանքն ինքն իրեն չի տալիս: Այն ստանում է ... : Եվ ապրել՝ նախևառաջ նշանակում է ընդունել սեփական կյանքը:
Անթիվ ու անհամար մարդիկ տխուր տրտում թափառում են, որովհետև “ԱՅՈ՛” չեն ասել իրենց կյանքին: Բայց եթե նրանք ընդունում են այս կյանքը և քաղում են նրա պտուղները, պետք է նաև տրամադիր լինեն ծաղկեցնելու դրանք և աճեցնելու: Ծառն իր պտուղների պատասխանատուն չէ, մինչդեռ մարդն՝ այո՛, այլապես ... մարդ չէ»:
«Սրա՞ համար է, որ երբ որոշեցի ջանք գործադրել, Դուք ինձ ասացիք. “Շնորհակալություն ... քո համար” »:
«Այո՛»:
«Բայց նաև ավելացրեցիք. “ ... և ուրիշների համար” »:
«Որովհետև ուրիշները սոված են, և դու նրանց ես պարտական քո պտուղները:
Երբ դու քաղում ես նրանց պտուղները՝ առանց քո պտուղները պարգևելու, մակաբույծ ես ու ձրիակեր:
Եթե մարդկությունը տառապում է հանձինս իր միլիոնավոր անդամների, պատճառն այն բազմահազար անձինք են, որոնք սնվում են ուրիշների կյանքով, առանց նվիրելու իրենց սեփական կյանքը:
Քեզ դա ապացուցելու համար կարող եմ մի շարք ընդհանուր սկզբունքներ մեջբերել: Ոմանք շատ լավ են մշակել իրենց տեսությունները, ինչպես օրինակ մասնագետներ՝ հոգեբանության, հասարակագիտության, քաղաքագիտության, տնտեսագիտության, որոնք քեզ շատ լավ կարող են սովորեցնել ... :
Բայց այդպես չեմ վարվի:
Անձամբ ես շատ եմ սովորել, ագահաբար, լուսավորելու համար վրդովված հոգիս: Անթիվ գրքեր եմ կարդացել: Միշտ, սակայն, մի բան պակաս էր մնում. Կյանքի Գիրքը:
Այնժամ նայեցի շուրջս, լսեցի ու հասկացա այն, ինչ սկզբից չէի ըմբռնում: Մանավանդ թե, ավելի խորը թափանցեցի, հասկանալով, որ գաղափարներն առանց կյանքի՝ նման են անմիս կմախքների:
Վերջապես հայտնաբերեցի, որ բարդ խնդիրների մասին կարելի է խոսել նաև պարզ բառեր գործածելով ... , թերևս շատ պարզունակ՝ գիտուն մտքերի համար, բայց լուսավոր նրանց համար, ովքեր կարդում են սրտի աչքերով»:
 
Ապշած էի ու երջանիկ: Վերջապես Իմաստունը մի քիչ էլ իրենից էր խոսում: Իր անհատակ խորհրդի մեջ մի փոքրիկ լույս էր վառվում իմ համար:
Այն սենյակում, ուր ինձ ընդունում էր, առաջին հանդիպումներից ի վեր նկատել էի պահարաններում շարված գրքերը, որոնք անթիվ էին: Պատերը գրապահարաններով էին զարդարված: Հիացած էի: Բոլոր երկերն էլ կարդացե՞լ էր: Չէի համարձակվում հարցնել, բայց չէի էլ կասկածում նրա իմաստուն լինելու վրա: Սակայն զարմանում էի, որ իմաստունի նման չէր խոսում:
Հասկանում էի այն ամենն, ինչ ասում էր: Բայց այդ օրը բացահայտել էի, որ նա էլ էր փնտրել – երկա՜ր ժամանակ – և դա իմանալը ինձ մեծ մխիթարություն ու քաջություն պարգևեց:
 
Շարունակեց.
« ... Տե՛ս, բարեկամս, մտքով, բայց նաև սրտով ու ամբողջ կյանքովս է, որ այժմ գիտեմ այն, ինչ գիտեմ ... :
 
Ես գիտեմ,
որ եթե միլիոնավոր մարդիկ մեռնում են սովից և միևնույն ժամանակ ուրիշներ պայթում են շատ ուտելուց,
պատճառն այն է, որ ընդունակ չենք եղել կիսելու ցորենը և հաց պատրաստելու մեր եղբայրների համար:
 
Ես գիտեմ,
որ եթե անթիվ երիտասարդներ բռնություններով են զբաղվում, կամենալով տիրանալ այն բանին, ինչից զրկվել են,
պատճառն այն է, որ սխալմամբ են ծնվել, պատահական գրկախառնումներից,
կամ էլ՝ աշխարհ են եկել որպես խաղալիքներ իրենց տհաս ծնողների համար, որոնք արդեն ինքնաշարժն ու շնիկն ունեին:
 
Ես գիտեմ,
որ եթե ոմանք գրքի էջերի վրա միայն սև գծեր են տեսնում,
պատճառն այն է, որ ոմանք միայն իրենց են պահում իրենց գիտելիքները, իբրև վերապահված գանձ:
 
Ես գիտեմ,
որ եթե հողը մեկի համար միայն սեփականություն ու եկամուտ է, մինչդեռ բազմամարդ ամբոխների համար՝ քրտինք ու պատիժ,
պատճառն այն է, որ մարդիկ մոռացել են, որ հողը բոլորինն է և ո՛չ թե ամենաուժեղինը:
 
Ես գիտեմ,
որ եթե ոմանք ուրիշներից ավելի հարուստ են մտքով, առողջությամբ, քաջությամբ,
իրենց հարստությունները պարտքեր են նրանց հանդեպ, ովքեր զրկված են այդ ձիրքերից,
բայց գիտեմ, որ այդ պարտքերը գնալով աճում են և երբեք չեն վերադարձվում:
 
Ես գիտեմ,
որ եթե միլիոնավոր մարդիկ ապրում են առանց կարողանալու ազատ և պատասխանատու կերպով գրավելու իրենց տեղն աշխարհի կառուցման գործում,
պատճառն այն անձն է, որ կարծում է, թե ծնվել է դիմացինների վրա իշխելու և նրանց ստրկացնելու համար:
 
Ես գիտեմ,
որ եթե հազարավոր գերիներ մահամերձ վիճակի մեջ են գտնվում իրենց գերության մեջ, կամ ցավագին ճչում են չարչարանքների տակ,
պատճառը նրանք են, ովքեր ճշմարտության սեփականատերեր են կարծում իրենց և դանդաղորեն սպանում են մարմինները, որպեսզի մեռնի նաև գաղափարը:
 
Ես գիտեմ նաև, և դրանով հիանում եմ,
որ ամենուր ոտքի են կանգնում քաջասիրտ մարդիկ
և իրենց արյունոտված մարմինները պայքարի մեջ են նետում արդարության և խաղաղության համար,
բայց նաև գիտեմ, որ պայքարող մարմնից չի կարող հաղթանակ ծնվել, եթե պայքարում է առանց բաբախող սրտի,
որովհետև պայքարներն առանց սիրո իզուր են,
իսկ արյունը, որ թափում են, ուրիշ արյուն է հոսեցնում:
Ես գիտեմ ... :
Ես գիտեմ ... ուրիշ շա՜տ բաներ ևս:
Դու էլ գիտես, բարեկամս, բայց թերևս չես համարձակվում լսել, դիտել ... :
Քա՛ջ եղիր:
Նայի՛ր այս ողբալի մարդկությանը, որ արյունոտված սողում է պատմության երկարատև խաչակրության ճանապարհին:
Նայի՛ր նրա պատառոտված, ժամանակի ու տարածության չորս անկյունների վրա խաչված անդամներին:
Լսի՛ր երկրից վեր բարձրացող աղաղակները, որոնք միանալով ձուլվում են գիշերային մեկ աղերսանքի մեջ. “ԾԱՐԱՎ ԵՄ”:
Մարդկությունը տառապում ու մեռնում է, կրկնո՛ւմ եմ,
մարդկա՛նց իսկ ձեռքով չարչարված ու խաչված,
մեր բոլորի՛ս ձեռքով»:
 
 
Ես դա գիտեի: Բայց չէի ուզում իմանալ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։