Նախաբան. «Իմ ընթերցող բարեկամներին» – Գրադարան – Mashtoz.org

Նախաբան. «Իմ ընթերցող բարեկամներին»

Ձեզնից շատ գոհ ու շնորհակալ կլինեմ, եթե այս նախաբանն ամբողջությամբ կարդաք: Այդպիսով կխուսափեք փնտրելուց այս գրքում այն, ինչը չեմ կամեցել գրել, և կհասկանաք, թե ինչո՛ւ եմ ո՛չ սովորական ոճ ընտրել: Իրոք, եթե գործերիցս մեկին ծանոթ եք, թերևս շատ կզարմանաք, քանի որ այս ոճն ամբողջովին տարբերվում է իր նախորդներից:

 

Արժեզրկված, «առարկայականացած» սերը

 

Ժամանակակից աշխարհում, ինքներդ էլ գիտեք, սերը վտանգավոր կերպով արժեզրկված է: Ընդհանուր առմամբ, ոմանք սիրույն այլևս չեն հավատում, հատկապես՝ զույգի սիրույն: Ամուսնությունն, իրենց համար, այլևս անհրաժեշտ չէ: Հավատարմությունն՝ անհնարին: Փորձերը՝ պարտադիր: Սերը՝ ֆիզիկական հաճույք, մի «արհեստ», որ կարող ես սովորել, և որն անպատճառ ստացվելու է:

Անշուշտ, սերն այլևս արգելված բան չէ: Նրա մասին խոսվում է: Բարեբախտաբա՛ր: Տղաներին ու աղջիկներին սկսել են նախապատրաստել: Բայց ինչպե՞ս: Բնական գիտությունների դասերով, սխեմաներով, անվտանգ “սեր” անելու համար բազմահազար խորհուրդներ տալով, և այլն:

Զուգահեռաբար, բազմաթիվ երիտասարդներ սկսել են հոգնել սառն ու անհոգի կրթությունից և անթիվ ու անհամար հուսախաբ փորձառություններից: Ուրիշներ, ավելի տարիքոտ, սկզբում հպարտ, որ վերջապես ազատվել էին անցյալի նախապաշարումներից ու հարկադրանքներից, իրենց արկածախնդրությունների վերջում, սակայն, երջանկություն չեն գտնում:

Սերը թերևս «մի ա՞յլ բան է»: Ոմանք սկսում են նշմարել և հուսով են, որ այն բացահայտելու են:

Մի շարք երկրներում, հատկապես արևմտյան տնտեսապես զարգացած երկրներում, վերագնահատվում են զույգի, հավատարմության և նույնիսկ ամուսնությունից առաջ կույս գտնվելու արժեքները: Նոր ձգտումներ ու ներշնչումներ են երևան գալիս: Եվ դրանք կյանքի կոչերն են. կյանքի, որ մահվան վտանգի տակ էր, եթե մահանար սերը:

 

Սերը. մի մեծ խորհուրդ

 

Հարկավոր է սիրույն վերադարձնել իր իսկական տեղն ու իսկական մեծությունը: Սիրո իսկական տեղը մարդու սրտում և աշխարհի պատմության սրտում է: Սերը ուժն է, էական Էներգիան, առանց որի մարդն ու աշխարհը չեն կարող ներդաշնակ զարգանալ և ճանաչել երջանկությունը: Սիրո իսկական մեծությունն անսահման է: Սերը գերազանցում է սիրույն: Գալիս է մի ուրիշ տեղից և ճախրում է դեպի մի ուրիշ տեղ: Հավատացյալի համար սերը գալիս է Աստծուց և գնում է դեպի Աստված: Աստված սեր «է»:

Այս մեծ արկածախնդրության մեջ, ամուսնական զույգը և ընտանիքը կենտրոնում են: Սերն է, որ մարմնանում է և ապրել է տալիս կյանքը, ինչպես մի օր Աստված-Սերը մարդկային դեմք ստանձնեց և Ինքն էլ «մարմին» եղավ, մեզ պարգևելու համար Կյանքը:

 

Ի՞նչ է իրենից ներկայացնում այս գիրքը

 

Այս գիրքը սիրո համակարգված ներկայացում չէ, և ո՛չ էլ բաղադրատոմս՝ սիրո մեջ հաջողություն գտնելու համար: Եվ ո՛չ էլ «սիրային պատմություն» է, որն որպես օրինակ է ծառայում: Սա սիրո մասին մտորումների ու խորհրդածությունների հավաքածու է, որ կամենում է օգնել ընթերցողներին՝ բացահայտելու կամ վերաբացահայտելու սիրո գեղեցկությունը, մեծությունը, բայց նաև՝ պահանջները:

Անշուշտ, այս մտորումները ներկայանում են պատմվածքի նման. մի երիտասարդ, որ պարբերաբար այցելում է մի Իմաստունի, որն էլ կամաց կամաց առաջնորդում է նրան սիրո բացահայտման գործում: Բայց այս պատմությունը մի արհեստական հենք է, առիթ՝ մտորումների մեջ ներածելու համար: Դիտավորյալ անորոշության պատկանող պատմություն է, որի մեջ մասնավորապես երկու դերակատարներ են հանդես գալիս հազիվ ուրվագծված դեմքերով, որպեսզի ընթերցողի երևակայությանը թողնենք ազատության մի այնպիսի շրջանակ, որը, մասնավոր հանգամանքներից անդին, կնպաստի նրա անձնական “սրտի փնտրտուքին”:

 

Իրական կամ անիրական

 

Ինչո՞ւ ընտրել այս ոճը, որն առաջին հայացքից այդքա՜ն հեռու է թվում իրական կյանքից: Փորձելու համար “կրկին բանաստեղծականություն պարգևել” սիրույն, վերադարձնելու համար նրան իր խորությունը և այնտեղ փորձել նշմարել նրա խորհուրդը:

Սերը երբեք կատարելապես ծրագրավորված դուրս չի գա մեր էլեկտրոնային մեքենաներից, որոնք անհագորեն կուլ են տալիս իրենց դակված պիտակները: Իր գաղտնիքները չի հանձնի հայտնի գիտունների եզրահանգումներին: Միայն հիացումը կարող է հասնել ամեն ինչի իրական մեծությանը: Բանաստեղծությունը կարող է առանձնաշնորհյալ ճանապարհ լինել դրա հաջողության համար: Այն անիրական չէ. ճանաչողության միջոց է՝ հասնելու համար իրականության ներքին անդենականությանը, ուր վերջինիս կարելի է հասնել միմիայն խորհրդանշաններով:

 

Այս գրքի սահմանները

 

Սիրո արկածախնդրությունն ընդգրկում է ամբողջ կյանքը: Այս գիրքը, մինչդեռ, դիտավորյալ սահմանափակվում է սիրո մի քանի տեսանկյունների վրա, և հատկապես, երկրորդ մասում, զույգի և զավակների սիրո վրա: Այս տեսակետից դիտված՝ արհեստական է, որովհետև մարդը զարգանում է ամբողջ կյանքի ընթացքում. անհատների միջև հարաբերությունները, ուսանողական կյանքը, մասնագիտական կյանքը, ազատ ժամանակը, միջավայրը, հասարակությունը, որի ներսում բարելավվում, հեղաշրջվում է ... : Բայց չէի կարող ամեն ինչ ասել: Հարկադրված, պետք է ընտրություն կատարեի: Առանձնացրել եմ ներքին ուղևորությունը, սրտի ճանապարհորդությունը, փնտրտուքի մեջ գտնվող անթիվ ու անհամար երիտասարդների խնդրանքով, ի նկատի ունենալով նրանց ապագա ընտանիքի կազմավորումը, ինչպես նաև այն չափահասների փափաքը, որոնք կամենում են երևան հանել իրենց դժվարին սիրո էական արմատները:

Ընդունում եմ, որ շատ եմ պնդել սիրո դժվարությունների վրա: Ինչո՞ւ: Մի կողմից, հակադրվելու համար այն բազում տղաների ու աղջիկների վարվելակերպին, որոնք կյանք են նետվում մտածելով, թե խոսքը մի զբոսանքի մասին է: Կարծում են, թե Սերն ապրելը դյուրին է: Փոխադարձ ձգողականություն է, պատասխանն է անդիմադրելի մի կարիքի: Բավական է թողնես և այն քեզ կտանի ... :

Մյուս կողմից, ընդհակառակն, հաճախ հանդիպել եմ խորապես հուսալքված անձանց: Գաղափարականացնում էին սերը, առանց հաշվի առնելու նրա դժվարությունները: Հետագայում բախվում են կյանքի տարբեր դժվարություններին և, խորապես վիրավորված, կորցնում են բոլոր հույսերը. «Այն չէր, ինչ երազում էի», ասում էին:

Այս պատճառներից ելնելով, փորձել եմ ցույց տալ, որ սերը մի շատ գեղեցիկ արկածախնդրություն է, բայց դժվարին, որ շարունակվում է ամբողջ կյանքում և լիովին ամբողջանալու է միմիայն Աստված-Սիրո հետ վերջնական հանդիպման ժամանակ:

Սիրել՝ չի նշանակում մի հրաշալի զգացմունքով «առաջնորդվել». նշանակում է վերամբարձված, վեր բռնված լինել այդ զգացմունքից, սեփական ամբողջ ուժով կամենալն է, կյանքի գնով մյուսների երջանկությունը կամենալն է, մյուսի երջանկությունը կամենալն է:

Ի դեպ, չեմ հարձակվում «արգելքներ»ի վրա և չեմ բնութագրում «մեղք»ի նողկալիությունը: Գուցե ինչ որ մեկին սա անհաճո թվա, որովհետև կրկին պիտի կամենար այսօրվա անտարբեր մարդկանց աչքի առաջ խաղացնել դժոխքի կրակները: Անշուշտ, հարկավոր է հստակ լինել հասնելիք նպատակի և հետևելիք ճանապարհի վերաբերյալ, բայց ես վստահ եմ, որ եթե վախով հնարավոր է հարգել տալ մի օրենք, ամբողջովին անհնարին է, վախով, մղել սիրելու: Գիտեմ նաև, որ եթե Տիրոջ օգնությամբ մի քանի անգամ կարողացել եմ ինչ որ կայծ արծարծել, դա եղել է սիրո և ո՛չ թե դժոխքի կայծը:

 

Իմ սահմանները

 

Բանաստեղծություն հաղորդել սիրույն, մոտավոր կերպով ցույց տալ սիրո անսահման խորությունը ... : Գովելի նպատակ է և, իմ կողմից էլ, անշուշտ հավակնոտ: Իմացած եղեք, որ գերազանց կերպով տեսնում եմ այն խոնարհեցուցիչ հեռավորությունը, որ կա նշմարած նպատակակետի և դրան հասնելու համար տրամադրությանս ներքո ունեցած իմ միջոցների սահմանների միջև: Շատ ավելի երկար ժամանակ հարկավոր կլիներ՝ բարեփոխելու և կատարելագործելու այս գրությունը: Գործերի մեջ խորասուզված, ես շատ ժամանակ չեմ գտնում: Հատկապես, հանճարեղ քերթող և մեծ խորհրդազգաց (միստիկ) է հարկավոր լինել, այսինքն՝ հավատքի մարդ, որն ընդունակ լինի տեսնելու սիրող անձանց սրտերում բնակվող կենդանի Աստծուն, որ նշան է անում: Ես ո՛չ մեկն եմ, ո՛չ էլ մյուսը: Ձեր նման, փորձում եմ սիրել: Միշտ չէ, որ ստացվում է:

Ուստի, բարի եղեք ընդունելու այս գիրքն իբրև մի փորձ: Արդարացումս այն է, որ ինձ խնդրել են, որ գրեմ: Վստահությունս կայանում է նրանում, որ – ինչպես միշտ – կամաց կամաց, մինչ շարադրանքը հառաջ էր գնում, ստուգում էի խոսքերս ու արտահայտություններս:

Ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում այն բարեհոժար ընթերցողներին, հատկապես երիտասարդներին, որոնք ինձ պարգևեցին իրենց խորհրդատվական նշումների և քաջալերանքների անգին նվերը: Առանց նրանց, թերևս հրաժարվեի:

Եվ ի վերջո, վստահությունս այն է, որ վերանայելով այս գրքի թերությունները և այն կարդալով ո՛չ որպես մի վեպ, որ կլանում ես մի գիշերվա ընթացքում[1], այլ՝ հանդա՜րտ հանդա՜րտ, իբրև մտորումների գիրք, դուք կկարողանաք վերագտնել, անբավարար բառերի ետևում, ձե՛ր իսկ փնտրտուքը:

Սիրելն իսկապես կյանքի միակ ու մեծ արկածախնդրությունն է: Այնտեղ է Աստված սպասում մեզ:

 

Միշել  Քուասթ

[1] Նշեմ նաև, որ այս էջերը պարզապես «աչքի անցկացնելու» համար չեն, այլ՝ այնպես ընթերցելու, որ նրանց տրվի այն ռիթմը, որ փորձել եմ նրանց մեջ ներդնել:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։