- 3 - – Գրադարան – Mashtoz.org

- 3 -

Տարածվել էի անկողնուս վրա: Ամբողջ ներաշխարհս խառնաշփոթ վիճակում էր և ինձ շատ վատ էի զգում:
Հաճախ, գործից վերադարձիս, երբ երեկոյան դուրս չէի գնում, ցավագին ու անպտուղ մենախոսությունից խուսափել փորձելով պառկում էի անկողնուս վրա, ինչպես լճի վրա տարուբերվող մի նավակ, որն ամեն կողմից ծակվել է և ջուր է ներս թողնում:
Այդ երեկոյան փորձում էի խորհրդածել:
Գրեթե մի ամիս էր անցել այն օրվանից, ինչ այցելության էի գնացել Իմաստունին: Հրապուրված, հետաքրքրված, բայց միաժամանակ նաև վախեցած, չէի ուզում կրկին այցելել նրան: Միտքս փորձում էր արդարացումներ գտնել, չէր ընդունում Իմաստունի ասած խոսքերը. արդյոք իսկապես դրա՞նք էին իմ հարցերի պատասխանները: Սիրտս անհանգիստ էր, վախեցած, և կարծես ինչ որ վտանգ նախազգալով՝ ուզում էր փախչել: Ցածրաձայն շշնջում էր. «Իսկ եթե Իմաստունն իրավացի՞ է»:
Բարեբախտաբար, մարմինս աղաղակ բարձրացրեց: Քաղցած էր, և ես ուրիշ բանի մասին չմտածեցի, այլ միայն՝ նրան կերակրելու: Իսկույն կանչեցի աղմուկներին, իմ հավատարիմ դաշնակիցներին: Եկան, և երգերով խուժեցին սենյակս: Կախարդական կարողությունն ունեի ռիթմն ավելի զորացնելու, և կատաղած՝ այդպես էլ արեցի, հարևաններիս անտեսելով:
Կլռեցնեմ մարմինս, կխեղդեմ սրտիս յուրաքանչյուր շշուկը:
Կարողացա, բայց անհանգիստ էի. զգում էի, որ փոթորիկը մոտենում էր: Այն ահավոր փոթորիկներից մեկն էր, որոնցից շատ էի վախենում:
Ամենասաստիկ փոթորիկն էր, որ երբևիցէ ճանաչել էի:
Փոթորիկը սկսեց մենամարտի բռնվել թշվառիս հետ: Այն ամենը, որ երբեմն երբեմն փորձում էի կառուցել իմ կղզու վրա, գրեթե քարը քարի վրա դնելով, հավաքելով մի քանի մտքեր, որոնք բավական հստակ էի կարծում, մի քանի բարի փափաք, որոնք սթափեցնում էին սիրտս, այդ բոլորը միասին հոդս էին ցնդում մի ակնթարթում: Այնպիսի տպավորություն ունեի, որ կարծես թե ներսումս, նաև շուրջս, ոչինչ գոյություն չունենար: ՈՉԻՆՉ: Փլատակներ ամեն քայլափոխի: Ավելի՛ վատ. ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ, և դատարկության եզերքին սիրտս խփում էր, մահացու կերպով խոցված՝ մի ահավոր զգացումից. ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ, ՊԱԿԱՍԻ ... . բայց ինչի՞ պակաս, կամ ո՞ւմ ... :
Սա՛ էր տառապանքս:
Փորձում էի հասկանալ, թե արդյոք բնական վիճակում էի գտնվում կամ ո՛չ: Բայց մի՞թե խենթություն է ապրել փորձելը: Մի՞թե խենթություն է փնտրելը, թե որտեղից է գալիս կյանքը, կամ ուր է գնում: Մի՞թե խենթություն է – հանկարծ անդրադարձա, որ առաջին անգամն էր, որ ինքս ինձ տալիս էի այդ հարցը – խենթությո՞ւն է փորձելը հասկանալ, թե ի՛նչ նպատակ ունի սեփական կյանքը:
... Եվ նողկանքի մի հետին սաստկությամբ տարված, մտածեցի. «Ինչը որ անօգուտ է, թափվում է»:
Մի օր մտածել էի այդպես անել: Արդյոք լո՞ւրջ էի:
Թերևս:
Լաց եղա:
 
Լաց եղա:
Չգիտեմ մինչև երբ:
Ինչո՞ւ են ոմանք լաց լինելուց ամաչում: Ամեն անգամ, ցավոք շատ հազվադեպ, երբ աչքերս տեղիք էին տալիս արցունքներիս, կարծես վերածնվում էի և չգիտեմ ինչպես՝ ինձնում մի նոր ծաղիկ էր բողբոջում:
...
Հեռվից հստակ մի ձայն լսեցի, որն ինձ կանչում էր «սեղան նստելու», բայց այս անգամ – ինչպիսի՜ ինքնահեգնանք – գոռացի, թե «Սոված չեմ»:
Կամաց կամաց անդորրը վերադառնում էր: Բայց այդ թովիչ զեփյուռի մեջ շշուկի նման թափանցում էին Իմաստունի խոսքերը: Պետք է խոստովանեի, որ ճիշտ այդ բառերն է, որ տանջում էին ինձ, և ես դրանց դեմ էի պայքարում:
Դեռ շարունակելու եմ պայքարել ... :
Ո՛չ, չեմ թողնելու, որ կյանքս սահելով անցնի ինչ որ ցնորքների պատճառով:
Այո՛, ուզում էի ապրել, և փրկելու էի կյանքը, հետապնդելու էի նրան, նույնիսկ եթե շարունակեի վիրավորվել: Բռնելու էի, և ինչպես միրգն է քամվում, որպեսզի տա իր հյութը, այնպես էլ ես, իմ ամբողջ ուժով, քամելու էի կյանքը, որպեսզի ինձ տար իր երջանկությունը:
 
Ոտքի ցատկեցի և մի ոստումով հասա պատուհանի մոտ, բացեցի այն, իմ մոտ կանչելու համար քամու բոլոր ուժերը:
Դա իմ կործանումը եղավ:
Դրսում երգում էին: Սիրո երգ էր: Սահեց քամու վրայով և հպվեց սրտիս: Հանկարծ անդրադարձա, որ բոլոր երգերն էլ երգում են սերը ... և բոլոր ֆիլմերը սիրո մասին են ... և բոլոր վեպերը պատմում են սերը ... և բոլոր մարդիկ ...
... նրանց նայում էի, մինչ քայլում էին փողոցով, վազում: Տուն էին վերադառնում, իրենց սերերի մոտ, ճիշտ այն սերերը, որոնք նրանց առավոտյան գործի էին ուղարկել իրենց հացը շահելու համար: Իսկ եթե ոմանք նույն աճապարանքով, տառապած ու հուսախաբ, տնից դուրս էին գալիս, պատճառը կրկին իրենց սերերն էին, որ մեռնում էին, և նրանք փնտրում էին ուրիշ սերեր, որ տրվում են կամ ծախվում:
Այդ երեկոյան, ավելի ուշ, երբ երիտասարդներն էլ արդեն տուն էին վերադառնում սիրո հետ մակերեսային կերպով սիրաբանելուց հետո, կարծելով, թե կարողանալու էին ընտելացնել այն, տեսա, թե ինչպես պատուհանների լույսերը մարում էին մեկիկ մեկիկ: Ես գիտեի, որ այդ տներում երեխաներ, ծնողներ, հարսեր, փեսաներ և միայնակներ, ամեն ոք իր ձևով, իրենց երազների կամ իրենց վարվելակերպի, խոսքերի և լռության, ծիծաղի և լացի, աղոթքի կամ անարգանքի, գրկախառնումների և ծեծկռտուքների մեջ, բոլորն էլ փորձելու էին քաղել և ճաշակել սիրո մի քանի պատառ ... :
Սերը, որ ապրեցնում է, և առանց որի – վախվորած, կամաց կամաց սկսում էի ընդունել սա – մարդը մեռնում է, որովհետև քաղցից է մեռնում:
 
 
Դեռ շարունակում էի պատուհանից դուրս նայել, փողոցն էի նայում ... :
Մի մանուկ տեսա, որն անխոհեմ կերպով փողոցի մյուս կողմը վազեց, և մայրն անմիջապես նրան հասավ ու բռնեց, որպեսզի փորձանք չպատահեր:
Ինձ թվաց, թե մեկը շշնջաց – բայց սրտիս մեջ էր – . «Կյանքս էլ կտամ քո համար»:
Տեսա երկու սիրահարներ, որ քնքշությամբ գրկախառնվում էին, երբեմն ժպտում, և իրար ինչ որ մի բան շշնջում:
Ինձ թվաց, թե մեկը շշնջաց – բայց սրտիս մեջ էր – . «Կյանքս էլ կտամ քո համար»:
Տեսա մի մարդ, որն իր լրագրում կարդում էր. «Մահացել է հացադուլի մասնակիցներից երկրորդը ... »:
Ինձ թվաց, թե մեկը շշնջաց – բայց սրտիս մեջ էր – . «Կյանքս էլ կտամ արդարության և խաղաղության համար»:
Հետո լռության մեջ ընկղմվեցի, բայց – դուք կհավատայի՞ք – լռության մեջ հստակորեն մի ձայն լսեցի, Իմաստունի ձայնը: Ասում էր. «Տեսնո՞ւմ ես, բարեկամս, սերը կյանքից ավելի թանկարժեք է»:
 
Պարտվա՞ծ էի: Չեմ կարծում: Համենայն դեպս, գնացի պառկելու: Խաղաղ էի և զարմանալիորեն երջանիկ:
Քուն մտա, և երազումս գնացի բախելու Իմաստունի դուռը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։