1. ՔՐԻՍՏՈՍԸ ՄԱՐԴԱՑԱՎ ՄԵԶ ՍԻՐԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ – Գրադարան – Mashtoz.org

1. ՔՐԻՍՏՈՍԸ ՄԱՐԴԱՑԱՎ ՄԵԶ ՍԻՐԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

Աստված մարդկանց սիրտը դեպի Իրեն գրավելու համար ամեն բարիք գործեց, բայց նրանք այդ բարիքները ո՛չ միայն չճանաչեցին, այլ նաև՝ չցանկացան անգամ Նրան իբրև Աստված ընդունել։ Կուռքերին Աստծո տեղ դրեցին, քարին ու փայտին երկրպագեցին, պաշտեցին ամենից անարգ արարածներին։ Միայն մի փոքրիկ անկյուն աշխարհի վրա՝ Հրեաստանը, որտեղ Աստված Ինքն Իր համար մի ժողովուրդ էր ընտրել, պաշտում էր Նրան, պաշտում էր՝ ավելի վախից, քան թե սիրելու զգացումից մղված։ Բայց, քանի որ Աստված կամենում է, որ ավելի սիրենք Իրեն, քան թե վախենանք Իրենից, մարդ եղավ մեր նման, բնակվեց մեր հետ։

Երկրի վրա աղքատ, աշխատավոր և հասարակ մարդու կյանք անցկացրեց՝ անարգ ու նախատական մահ հանձն առնելով, որպեսզի մեզ հայտնի մեր նկատմամբ ունեցած անհուն սերը՝ մեր սիրտը գրավելու համար։

Տարակույս չկա՛. մսուրի մեջ ծնվելը և խաչի վրա մահանալն ա՛յլ բան չէր կարող նշանակել։ Կամենում էր մեզ հասկացնել, թե Իր սերն ի՛նչ աստիճանի է և փոխարենը ինչքա՛ն է կամենում, որ Իրեն սիրենք. «Մեզ սիրեց», ասում է Պողոս Առաքյալը, «Ինքն Իրեն մեր համար մատնեց» (Գղտ 2, 20)։

Ի՞նչ պիտի լիներ մարդու վիճակը, եթե Ադամի մեղանչելուց հետո Քրիստոսը չկամենար մեզ Իր անգին արյունով փրկել։ Պիտի մնայինք առանց օգնության, գերի մեր կրքերին, պիտի մի թշվառ կյանք ապրեինք։ Աստծո բարկության տակ ընկած, պիտի ուրախության քաղցր հույսը չունենայինք, պիտի սրտի քաղցր խաղաղությունը չունենայինք, ինչը որ մաքուր խիղճ ունենալու արդյունքն է։ Պիտի ողորմելի լինեինք, մեր կրքերին ենթակա՝ վիճելով մեր մերձավորի հետ։ Պիտի մեր կյանքն անիծեինք, և երբ աշխարհից գնայինք, հավիտենական դժոխքի վիրապում պիտի հայտնվեինք։ Ի՜նչ ողորմելի վիճակ ... ։

Քրիստոսը մեր բախտը եղավ, Իր բարությամբ և անհուն ողորմությամբ գթաց մեր խեղճությանը։ Թեև մենք Իր դեմ ապստամբել էինք, կամեցավ մեզ սատանայի գերությունից փրկել։ Եթե այսպես չաներ և մեզ սատանային թողած լիներ, պիտի դժոխքին գերի լինեինք, ինչին արժանի էինք, և Իր մեծությունից կամ երանությունից ոչինչ պիտի չպակասեր։

Բայց, մարդկանց հանդեպ սիրուց մղված, մեր համար բացեց Երկնքի դուռը, հանձն առավ ամեն աշխատանք և չարչարանք այնպես, ասես Իր երջանկությունը մերինից կախում ուներ։ Կարող էր մեզ փրկել առանց աշխատանքի, առանց չարչարվելու, սակայն այդպես չվարվեց. կամեցավ Իր մահվամբ հավիտենական մահվանից մեզ ազատել։ Թեև կարող էր շատ ա՛յլ միջոցներով մեզ փրկել, նախընտրեց ամենից անարգ ու վշտալի միջոցը, որպեսզի ավելի երախտապարտ լինենք և ավելի սիրենք Իրեն։

Իր մի աղոթքը, մի կաթիլ արցունքը, մի կաթիլ արյունը մեր առջև կարող է բացել Արքայության դռները։ Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է. «Իր արցունքի մի կաթիլը բավական էր մեզ փրկելու համար, սակայն բավական չէր Իր սերը մեզ ցույց տալու համար»։

Արդ, Հիսուսը, ապացուցելու համար, թե Իր սերն ինչքա՛ն մեծ է և թե ինչքա՛ն պարտական ենք Իրեն սիրելու, հակառակ այն բանի, որ Իր ձեռքում էր՝ ընտրել մեզ փրկելու միջոցը, նախընտրեց անարգանքը, քան թե պատիվը, հանձն առավ աղքատ, ցավալի ու նախատական կյանքը, քան թե հանգիստն ու պատիվը. «Իր առջև ուրախությունը կար», ասում է Պողոս Առաքյալը, «սակայն հանձն առավ խաչը, արհամարհեց ամոթը» (Փլպ 2, 6-8)։

Սա՛ է Աստծո մեր հանդեպ արածը, ա՛յս չափով է Իր սերը մեր հանդեպ, իսկ մենք ապերախտությունից բացի, ուրիշ ոչինչ չենք անում։ Մեզ ողորմությամբ ու գթությամբ պսակեց, Ինքն Իրեն մեզ տվեց, մեր համար զոհ եղավ, մարդ եղավ՝ մեր սիրտը շարժելու համար, իսկ մեր սիրտը դեռ չի շարժվել՝ Իրեն սիրելու համար։

Զարմանալի է, երբ որևէ մեկը մեզ սիրո նշան է ցույց տալիս, իսկույն սիրում ենք նրան, նույնիսկ շնիկին, որ մեր հանդեպ համակրանք է ցույց տալիս, սիրում ենք, իսկ Աստծո հանդեպ, Ով այսքա՜ն բարերարություն է մեր հանդեպ արել և դեռ շարունակում է անել, անտարբեր ենք։

Երբ որևէ մեկը մեզ սիրո խոսք է ասում, անուշ նայվածք է նետում կամ ժպտում է, շնորհակալ ենք լինում։ Իսկ Աստված, Ով Իր սիրո և ամբողջ կարողության ու իմաստության գանձը բացել է մեր համար, մեր սիրտն անգամ չի շարժում։ Տե՜ր, ողորմի՜ր. այս ինչ տարօրինակ ապերախտություն է մեր արածը։ Արդյոք այսքա՜ն գթառատ Հոր սիրո հանդեպ այսքա՜ն ապերախտ պիտի լինենք։

 

Ո՛չ, ո՜վ Հիսուս, Փրկի՜չս, ո՛չ։ Սրանից հետո այլևս ապերախտ պիտի չլինեմ, ինչպես մինչև այսօր եմ եղել։ Ընդհակառակը, կամենում եմ ողջ սրտովս Քեզ սիրել։ Երանի՜ թե այն սերը, որ Գողգոթայի վրա Քեզ մղեց իմ համար մահանալու, այնպես աներ, որ ես էլ մահանայի աշխարհի բոլոր ցանկությունների համար։ Այն սուրբ կրակը, որով եկար հրդեհելու երկիրը, աշխարհային ամեն մի փափագ այրեր ու մաշեցներ սրտիս մեջ։

Հազար անեծք այն անարժան զվարճություններին, որ Քո չարչարանքների պատճառը եղան։ Սրտանց վշտանում եմ Քեզ վշտացրած լինելուս համար։ Այսուհետ նախընտրում եմ մահանալ, քան թե թեթև կերպով անգամ Քո կամքի դեմ որևէ բան անել. ուժերիս ներածի չափով կամենում եմ Քեզ հաճելի դառնալ։ Դու իմ համար ոչինչ չխնայեցիր, այսուհետ ես էլ ոչինչ չպիտի խնայեմ Քո համար։ Դու ինձ ամբողջապես սիրեցիր, ես էլ Քեզ պիտի սիրեմ ամբողջապես։

Ո՜վ իմ միակ Բարիք, սիրում եմ Քեզ, սե՜րս, կյա՜նքս, իմ ամեն ի՜նչս։ Սիրում եմ Քեզ և խնդրում եմ Քեզնից, ո՜վ բարեգութ Փրկիչ, այնպես արա՛, որ այնքան սիրեմ Քեզ, որքան որ կարող է սիրել Քեզ իմ նման խեղճ արարածը։ Այնպես արա՛, որ մինչև վերջին շունչս և հավիտյան սիրեմ Քեզ։ Ամեն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։