ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հոգևոր Հաղորդություն – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հոգևոր Հաղորդություն

Բարի սովորություն ունես՝ հաճախ ընդունելու Ամենասուրբ Հաղորդությունը։ Բայց կարող են օրեր լինել, որ չկարողանաս Պատարագին մասնակցել և հաղորդվել, հիվանդության կամ որևէ ա՛յլ պատճառով հնարավոր չլինի ընդունել Ամենասուրբ Հաղորդությունը։ Նման դեպքերի համար ահա՛ քեզ մի գործնական հուշում. ամփոփվի՛ր հոգուդ խորքում և հավատքով Հիսուսից խնդրի՛ր, որ գա և սրտիդ մեջ բնակվի, այնպես՝ ինչպես որ պիտի գար Ամենասուրբ Հաղորդության ընդունմամբ։

Այս կերպ վարվելով՝ Հաղորդության բերած շնորհներին մասնակցած կլինես, հավատքը ներսումդ կաճի և կծառայի առավել ևս Հիսուսին սիրելու համար։

Նույնիսկ Պատարագի ընթացքում, եթե Ամենասուրբ Հաղորդությունը չես ընդունելու, կարող ես հոգեկան կերպով նույնը կատարել, այսինքն՝ ամփոփվել, գործածդ մեղքերի համար սրտանց զղջում կատարել, ինքդ քեզ անարժան համարել Իրեն ընդունելու և հոգուդ ողջ զորությամբ Հիսուսից խնդրել, որ գա և բնակություն հաստատի սրտիդ մեջ։

Եվ այնուհետև տարակույս մի՛ ունեցիր, որ Հիսուսը ներսումդ է և ասա՛ Նրան. «Տե՜ր Հիսուս, Դու ես Կյանքի Հացը։ Ե՜կ, լիացրո՜ւ իմ փափագը։ Ե՜կ և մաքրի՜ր հոգիս»։ Ապա գոհության աղոթքդ կատարիր այնպես, ինչպես որ պիտի անեիր, եթե հաղորդված լինեիր։

Եթե այս սովորությունը ձեռքբերես, հոգիդ դրանից մեծապես կօգտվի. ուստի սովորություն դարձրու, օրվա մեջ նույնիսկ մի քանի անգամ, հոգևոր Հաղորդություն կատարելու, որովհետև դա պիտի ծառայի Հիսուսի հետ մտերմանալու և Հիսուսի հատուկ օրհնությունը քո վրա հրավիրելու։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։