ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ջանալ և աշխատել՝ փրկելու համար մեր հոգին – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ջանալ և աշխատել՝ փրկելու համար մեր հոգին

Որդյա՜կ, դու, որ այս գիրքը կարդում ես, լա՛վ մտածիր հոգուդ փրկության մասին, ինչը որ ամենից կարևոր գործն է։ Այս հանգամանքին պիտի շատ հետամուտ լինես, սա՛ պիտի լինի քո առաջնահերթ գործը։

Մարդը ջանում է որքան կարող է հարստանալ, գանձ հավաքել, բայց ի՞նչ օգուտ, եթե իր հոգին կորցնի։ Եթե աշխարհային վայելքների հետևից ընկնես, փառք և պատիվ փնտրես, զգայարաններիդ ոչնչից չզրկես, ցանկություններիդ միշտ հագուրդ տաս, միայն հանգստիդ նայես, և ... դատապարտվելու լինես, ձեռքիդ ի՞նչ կմնա։

Որոշ ժամանակ հետո աշխարհն էլ, հարստությունդ էլ, զվարճություններդ էլ, իշխանությունդ էլ պիտի անցնեն, երբ թշվառ կերպով հոգիդ կորցնես, ի՞նչ պիտի մտածես բոլոր բարիքների մասին։

Խնդրում եմ քեզ, լա՛վ մտածիր հոգուդ փրկության և միակ անհրաժեշտ անելիքիդ մասին։ Քննիր, թե հոգիդ ի՛նչ վիճակում է։ Եթե մինչև այսօր փրկությանդ մասին չես մտածել, դեռ ժամանակ ունես սկսելու, շո՛ւտ արա, կարգի՛ բեր խիղճդ։

Եթե – Աստծո շնորհով – խղճիդ վրա ծանր մեղք չունես, ջանա՛ հոգիդ հարստացնել բարի գործերով, առաքինություններո՛վ զարդարվիր։ Սկսիր այս օրվանից իսկ, հիշելով Հիսուսի խոսքերը. «Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի» (Մտթ 16, 26)։

Հիսուսի այս խոսքերը թող որ դուրս չգան հոգուցդ։ Իրենից խնդրիր, որ այս խոսքերի նշանակությունը տպավորի սրտումդ։ Եթե դրանց իմաստը լավ ըմբռնես, սիրտդ կշարժվի, կհասկանաս, որ աշխարհի մեջ ամեն բան ոչինչ է և ունայն, և սրբությանդ հետամուտ կլինես։

Իսկ եթե արդեն սրբությամբ ես քայլում, ինչպիսի՜ ուրախություն Հիսուսի Սրտի համար, ինչպիսի՜ հանդարտություն քո հոգում։ Վստահ եմ, որ քաղցր հույով լի ես, որ մի օր Իր հետ Երկնքում պիտի թագավորես։

Սկսի՛ր, ուրեմն, որդյա՜կ, Հիսուսը հետդ է և Իր զավակներից ոչ մեկին չի կամենում Իր ձեռքից բաց թողնել, մանավանդ թե՝ քաջալերում է, օգնում է նրանց տկարություններին։ Վստահ եղիր, որ փրկությանդ կհասնես։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։