ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ինքդ քեզ Աստծուն հանձնել – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ինքդ քեզ Աստծուն հանձնել

Դիտի՛ր մի մանկան, որ հանգչում է իր մոր գրկում. ի՛նչ վտանգ էլ պատահելու լինի, անխռով շարունակում է իր քունը. եթե հանդիմանելու լինես, իր մոր վզին է փաթաթվում, գլուխը նրա կրծքին է դնում, որովհետև վստահությունն ունի, որ իր մայրն իրեն սիրում է և ամեն պարագայում կպաշտպանի։

Նույն տրամադրությունն ունեցիր նաև դու. դո՛ւ էլ ինքդ քեզ դիր Հիսուսի գիրկը, հոգովդ փարվիր Իր վզին։ Մայրն անգամ այնպես չի սիրում իր զավակին, ինչպես Հիսուսը՝ քեզ։ Հիսուսին պարզիր բոլոր կարիքներդ ու թերություններդ. որքան ավելի ես տեսնում, որ սատանան սպառնում է քեզ, այնքան ավելի դու փաթաթվիր Հիսուսին, որովհետև այնտեղ է միակ փրկությունդ, և ասա՛ Նրան. «Տե՜ր, փրկի՜ր ինձ, Դու տեսնում ես վիճակս»։

Սովորություն դարձրու կյանքիդ բոլոր պարագաներում գլխավերևումդ տեսնել Հիսուսի Աջը, որ կառավարում է քեզ։ Եթե գլխիցդ մազ անգամ չի ընկնում առանց Իր թույլտվության, դե՛ռ ավելի՝ քեզ ոչինչ չի կարող պատահել առանց Աստծո արտոնության։

Հիսուսին ես պատկանում, Նա սիրում է քեզ, սրտիդ բոլոր գաղտնիքները գիտի, ուստի թո՛ղ, որ Նա քեզ կառավարի։ Հանձնվի՛ր Իրեն և այլևս վախ մի՛ ունեցիր։ Աստված Սուրբ Գրքում ասել է. «Արդյոք մայրը կարո՞ղ է մոռանալ իր զավակին, կամ գութ չունենալ նրա նկատմամբ. նույնիսկ եթե մայրդ քեզ մոռանալու լինի, ես քեզ չեմ մոռանա» (Ես 49, 15)։

Եթե այս վստահությունն ունենաս Հիսուսի հանդեպ, քանի՜ հոգսերից կազատվես, քանի՜ մեղքերից հեռու կմնաս։ Երբ զգաս, որ փորձությունը մոտենում է քեզ, ասա՛. «Տե՜ր Հիսուս, ձեռքերիդ մեջ եմ դնում հոգիս»։ Երբ հոգեկան կամ մարմնական վիշտ ունենաս, մի՛ մտածիր, որ Հիսուսը քեզնից երես է թեքել. հիշի՛ր վերևում ասված խոսքերը, որ մայրը չի կարող իր զավակին մոռանալ, չի կարող գութ չունենալ նրա հանդեպ, և նույնիսկ եթե մի մայր իր զավակին մոռանալու լինի, Հիսուսը մայրերից ավելի սիրելով՝ անհնարին է, որ քեզ մոռանա։

Աստված Սուրբ Գրքում մեկ ա՛յլ տեղ ասում է. «Ձեռքիս մեջ նկարել եմ քո պատկերը, և ամեն վայրկյան իմ առջև ես» (Ես 49, 16)։ Արդ, ի՛նչ էլ պատահելու լինի քո հետ, վստահություն ունեցիր Հիսուսի հանդեպ։ Եթե միտքդ խավարած զգաս, կամ սիրտդ՝ նեղված, դիմի՛ր Իրեն, որովհետև միայն Իր շնորհն է, որ կարող է քեզ լուսավորել ու մխիթարել. «Մոտեցե՛ք Տիրոջը և առե՛ք լույսը, ճաշակեցե՛ք Նրան և տեսե՛ք, թե որքա՜ն քաղցր է» (Սղմ 33, 9)։

Եթե զգում ես, որ սատանան փորձում է քեզ, դիմի՛ր Հիսուսին. Նա չի թողնի, որ կարողությունիցդ վեր փորձության ենթարկվես։ Հիսուսը պատրաստել է հաղթանակիդ պսակը։ Սատանան, մարմինը, աշխարհը թող որ հարձակվեն վրադ. երբ Հիսուսի նկատմամբ վստահություն ունես, քեզ ոչ մի վնաս չի կարող պատահել։

Բոլոր մտածություններդ ու հոգսերդ, լինեն ծնողներիդ վերաբերյալ, լինեն դասերիդ կամ առողջությանդ վերաբերյալ, հանձնի՛ր Հիսուսին. քանի որ Նա սիրում է քեզ, և դու վստահում ես Նրան, Նա պիտի հոգա քո բոլոր կարիքները։ Անհնարին է, որ մարդ իր հույսն Աստծո վրա դնի և հուսախաբ մնա։ Երբեմն աղոթիր և ասա՛. «Տե՜ր Հիսուս, որքա՛ն էլ որ խեղճ ու տկար լինեմ, գիտեմ, որ Դու ինձ սիրում ես և իմ հավիտենական երջանկությունն ես փափագում. ես էլ Քեզ եմ սիրում և ամբողջ հույսս Քո վրա եմ դնում»։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։