7. ՀԻՆ ՕՐԵՆՔԻ ՍՐԲԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԷԻՆ ՔՐԻՍՏՈՍԻ ԳԱԼՍՏՅԱՆԸ – Գրադարան – Mashtoz.org

7. ՀԻՆ ՕՐԵՆՔԻ ՍՐԲԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԷԻՆ ՔՐԻՍՏՈՍԻ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Աստված խոստացել էր մի Փրկիչ առաքել՝ մարդկանց ազատելու համար, ովքեր իրենց մեղքի պատճառով արժանի էին դժոխքի գնալու։ Հին Օրենքի բոլոր Սրբերն ու Մարգարեները չէին դադարում աղոթել՝ խնդրելով, որ այդ Փրկիչը շուտով գա, ում նրանք անհամբեր ու սրտանց սպասում էին։ Ինչ ասես, որ չէին անում՝ Նրան հաճելի լինելու համար, միայն թե բախտն ունենային Նրան տեսնելու, որպեսզի ցույց տային Նրան իրենց սերը, շնորհակալ լինելու, որ իրենց պիտի փրկի դժոխքի կրակից։

Իսկ մենք, որ քրիստոնյա ենք, ճանաչենք, որ մեր հետ Քրիստոսին ունենք և Իր շնորհիվ սիրո նշաններով և բարերարություններով ենք լցված և, հատկապես, արժանի ենք եղել Իր Սուրբ Մարմինն ու Արյունը ճաշակելու։ Այս բոլորի փոխարեն ի՞նչ է մեր արածը։ Դժբախտաբար, շատ քիչ ենք մտածում այս ամենի մասին և այսքա՜ն բարեգութ Փրկչին շատ քիչ ենք սիրում։ Երբեմն այն տպավորությունն ենք թողնում, որ Իրեն շատ ենք սիրում, որովհետև պարզապես Իրեն չենք անարգում։

Ա՜հ, դադարեցրո՛ւ ապերախտությունդ և կարողացածիդ չափ սիրի՛ր Հիսուսին։ Եթե քիչ ես սիրում, գոնե փափագիր շատ սիրել։ Եթե սիրելու փափագդ շատ լինի, Իրեն հաճելի կդառնաս և քո փափագը կկատարի։

Բայց զգույշ եղիր, որ փափագդ առանց գործի չինի, այն է՝ փափագես սիրել Իրեն միայն խոսքով, բայց ո՛չ նաև գործով։ Աստված քեզ ի՛նչ վիճակի մեջ որ դրած լինի, ջանա այդ վիճակիդ պարտականությունները հավատարիմ կերպով կատարել։ Հիսուսի սիրո համար բոլոր պարտականություններդ կատարելուց հետո փափագիր ավելին էլ անել՝ Իրեն հաճելի դառնալու համար։ Սա՛ է ճշմարիտ փափագը, որ հաճախ Աստծո համար ավելի արդյունավետ է, քան գործը։

Այս փափագով էին տոչորվում Սրբերը։ Բայց սրանց դիմաց հոգիների բազմություն կա, որ անտարբեր է Աստծո կողմից իրենց հանդեպ ցույց տրված սիրույն և չեն ցանկանում երախտագետ լինել։ Որքա՜ն քիչ են երախտագետ հոգիները։

 

Հիսո՜ւս, ես էլ եմ ցանկանում լինել այն քիչ հոգիների խմբի մեջ, որ հալչում են Քո սիրով։ Տարիներ շարունակ դժոխքում պիտի լինեի, Քեզ ատողների խմբի մեջ։ Բայց Քո ողորմությունը ինձ չլքեց. մեղքերի մեջ եղած ժամանակ էլ ինձ համբերեցիր զարմանալի համբերությամբ, որպեսզի, փոխանակ դժոխքի կրակով այրվելու, Արքայության մեջ Քեզ սիրողների խմբի մեջ դասվեմ։ Ինձ անչափ լույս տվեցիր, բարի ազդեցություններ, դարձի գալու փափագ՝ ինձ տալով Քո սիրո բոլոր ապացույցները, պարզապես ինձ սիրաշահելու համար։

Ո՜վ Հիսուս, վերքերով լցված այս սիրտս կամեցար գրավել և դեռ շարունակում ես ինձնից այն ակնկալել։ Ընդունի՜ր այն, ահա՛ տալիս եմ Քեզ, առողջացրո՜ւ ինձ, ինձ հավիտյան Քոնը դարձրու։ Դժբախտաբար, տկար եմ և անհաստատ, միայն Դու կարող ես ինձ հաստատակամություն տալ, որպեսզի Քեզ հավատարիմ մնամ։ Այնքա՜ն բարի ես, որ միայն Քեզնից հույս ունեմ ստանալ այս շնորհը։ Արդյոք կարո՞ղ է պատահել, որ դարձյալ ապերախտ լինեմ և ցանկանամ Քեզնից բաժանվել։ Տե՜ր Հիսուս, չեմ ցանկանում մեկ վայրկյան անգամ առանց Քեզ սիրելու անցկացնել։ Սիրում եմ Քեզ, իմ Տե՜ր Հիսուս, ամեն բանից առավել եմ Քեզ սիրում, նաև իմ անձից առավել։ Դու ինձ զորացրու, որպեսզի շատ ավելի սիրեմ Քեզ։

Սուրբ Աստվածածին, բարեխոսի՜ր իմ համար, որպեսզի իսկապես սիրեմ Հիսուսին, ամեն օր միշտ ավելի, մինչև հավիտենական երջանկության հասնեմ, ուր քո հետ միասին սիրեմ Իրեն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։