ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մտքի ամփոփություն – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մտքի ամփոփություն

Ջանա՛ այսօրդ անցկացնել ամփոփ՝ սովորություն անելով չցրվել մտքով։ Առանց այս աշխատանքի անկարելի է, որ առաքինական կյանքիդ մեջ զարգանաս, որովհետև միայն մտամփոփ կյանք ապրելով է կարելի ջերմեռանդ աղոթել, անձի վրա հսկել և չար սովորություններից ազատվել։

Ամփոփությունը կարող ես ստանալ աղոթքով, անսանձ ցանկություններդ զսպելով, որի մասին մեկ ա՛յլ առիթով պիտի խոսենք։ Ուստի ջանա՛ պահել նաև արտաքին լռությունը և օրվա մեջ հաճախ սիրտդ առ Աստված բարձրացրու։

Լռությունը պահելու համար՝ ընդունակ եղիր լեզուդ զսպելու, քիչ և խոհեմ կերպով խոսիր։ Հակոբոս Առաքյալն ասում է, որ նա, ով լեզուն զսպել չի իմանում, չի կարող բարեպաշտ լինել (Հկբ 1, 26)։ «Քի՛չ խոսիր, որովհետև շատ խոսողն անպայման մեղանչում է», ասում է Աստվածաշունչը (հմմտ. Հկբ 3, 1-12)։

Սովորություն արա օրվա մեջ հաճախ, նույնիսկ գիշերն արթնանալուց, կարոտի մի հառաչանք ուղղել Հիսուսին։ Սա լավագույն միջոցն է Աստծուն մոտ ապրելու համար։ Կարող ես հետևյալ աղոթքների նման համառոտ աղոթքներ ասել. «Աստվա՜ծ իմ, սիրում եմ Քեզ», «Աստվա՜ծ իմ, շնորհակալ եմ այս շնորհիդ և բոլոր շնորհներիդ համար», «Աստվա՜ծ իմ, սիրով ընդունում եմ ինձ պատահած այս վիշտը, հիվանդությունը, ... », «Աստվա՜ծ իմ, ե՞րբ պիտի լինի, որ Քեզ սիրեմ այնքան, որքան արժանի ես ... »։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։