ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մտածել Արքայության մասին և քաջությամբ ծառայել Աստծուն – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մտածել Արքայության մասին և քաջությամբ ծառայել Աստծուն

Արդ, որդյակ, այնպես ջանա՛ և աշխատի՛ր, որ Արքայությանը արժանի լինես։ Հիսուսն Ավետարանում ուսուցանում է քեզ, որ Արքայությունը ծույլերի ու վախկոտերի տեղը չէ, այլ՝ ջանասերների ու քաջարիների. «Աստծո Արքայությունը բռնության է ենթարկվում, և բուռն հոգիներն են այն ձեռքբերում» (հմմտ. Մտթ 11, 12)։ Այս խոսքերը լա՛վ տպավորիր հոգուդ խորքում և քննի՛ր խիղճդ. չլինի թե որևէ ծանր մեղք ունենաս հոգուդ վրա։ Եթե հոգիդ մաքուր է, Արքայության մեջ ես և լավ ընթացքի մեջ։ Մի՛ մոռացիր, որ հարատևելով է, որ պիտի փրկության հասնես. «Ով մինչև վերջ համբերի, նա կապրի» (Մտթ 24, 13)։

Համբերի՛ր աշխարհի նեղություններին ու վշտերին. պատերազմի՛ր փորձությունների դեմ, որ փրկությանդ թշնամին բերում է դիմացդ։ Լավ պատերազմողն է, որ ընդունում է հաղթանակի պսակը։ Հետամուտ եղիր, որ լինես խոնարհ և ժուժկալ. կրածներդ շուտով կանցնեն, բայց դրանց հատուցումը հավիտենական է։

Ի՛նչ տեսակ դժվարություն որ դիմացդ դուրս գա, նայի՛ր Երկնքին և կզորանաս։ Սատանան քեզ նեղո՞ւմ է, նայի՛ր Երկնքին և պիտի հաղթես նրան. աշխարհն իր սուտ վայելքները դիմացդ է դնո՞ւմ, նայի՛ր Երկնքին և դրանք պիտի արհամարհես։

Քա՛ջ եղիր, աշխատանքդ երկար չպիտի տևի. մի քիչ համբերիր, և արդեն ամեն բան կավարտվի։ Գրի՛ր, կարդա՛, երգի՛ր, Աստծուն օրհնի՛ր, աղոթի՛ր, ամեն տեսակ նեղություն կրի՛ր, որովհետև Արքայության համար ամեն աշխատանք քիչ է։ Սիրտդ մի՛ կապիր աշխարհին. հրաժարվի՛ր նույնիսկ ինքդ քեզնից և միշտ ասա՛ Հիսուսին. «Թող գա Քո Արքայությունը» (Մտթ 6, 10)։

Մնա՛ս բարով, ո՜վ բարեպաշտ ընթերցող։ Հուսով եմ, որ Աստծո ողորմությամբ Արքայության մեջ իրար կհանդիպենք։ Մինչ այդ, աղոթի՜ր իմ համար էլ. ես քո հոգու բարիքի մասին մտածելով՝ շարադրեցի այս էջերը։ Աղոթի՜ր, որ ես էլ Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ Արքայության հասնեմ, և մի օր հավիտյան միասին օրհնենք Աստծո ողորմությունը. ամեն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։