ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Փախչել ներելի մեղքերից – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Փախչել ներելի մեղքերից

Ասացինք, որ մեղքն է, որ ամենից ավելի պատճառ է եղել Հիսուսի չարչարանքներին։ Արդ, եթե սիրում ես Նրան, փախի՛ր ամեն տեսակ մեղքից, նաև ներելի ասվածից։ Մահացու մեղքն այնքա՜ն ծանր ու սոսկալի է, որ պիտի զգուշանաս մտքիդ ծայրով անցկացնելուց անգամ։ Բայց դու զգուշացիր ամե՛ն մեղքից, որքան փոքր էլ որ կարծվեն դրանք։ Երբ գիտակցությունդ վրադ է, կամավոր կերպով ամենափոքր մեղքից էլ փախիր։ Եթե ջանք անելու լինես, Աստծո շնորհով կարող ես հասնել դրան։

Հսկի՛ր լեզվիդ վրա։ Սուտ վկայություն թող որ դուրս չգա քո բերանից, ամենափոքր բամբասանք անգամ մի՛ արա ընկերոջդ հասցեին, հակառակ որ առիթներ շատ կլինեն կյանքիդ ընթացքում։ Զգուշացի՛ր նաև անխոհեմ խոսքերից կամ ուրիշներին ծաղրելուց, ու մանավանդ՝ չարախոսելուց ու վարկաբեկելուց։ Ո՛չ մի դատարկ խոսք թող դուրս չգա բերանիցդ։

Հսկի՛ր մտքիդ վրա և արթո՛ւն մնա։ Մի՛ դատիր ոչ ոքի, ո՛չ էլ կասկածիր մեկին, եթե հատուկ պաշտոն չունես նրանց նկատմամբ։ Դու քեզ մեծ մեկը մի՛ համարիր, ո՛չ էլ խոսածներիդ համար հպարտացիր։

Հսկի՛ր աչքերիդ վրա և մի՛ դիտիր ամեն բան. կարողացի՛ր զսպել հետաքրքրությունդ և մի՛ ցանկացիր տեսնել հատկապես այն բանը, ինչը հոգուդ վնաս է հասցնում։

Հսկի՛ր նաև սրտիդ վրա և ոչ մի բանի կամ անձի մի՛ կապվիր։ Զգուշացի՛ր անհամբերությունից, ավելորդ այցելություններից. մի՛ սիրիր տեսնվել կամ երևալ։ Սահման դիր կերակուրիդ ու քնիդ։ Կյանքումդ բնավ մի՛ ասա. «Սա փոքր բան է, կարելի է անել», որովհետև ով որ փոքր բաներն արհամարհում է, կամաց կամաց կործանման է հասնում։

Դի՛ր հաստատ առաջադրություն՝ գիտակից կերպով ոչ մի ներելի մեղք չկատարելու։ Աստծուց խնդրի՛ր, որ քեզ օգնի՝ համոզումն ունենալով, որ այդ շնորհն անպայման պիտի ընդունես Իրենից։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։