35. ՀԻՍՈՒՍԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԵՐԸ ԽԱՉԻ ՎՐԱՅԻՑ – Գրադարան – Mashtoz.org

35. ՀԻՍՈՒՍԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԵՐԸ ԽԱՉԻ ՎՐԱՅԻՑ

Հիսուսն Իր հոգին ավանդելուց առաջ, խաչի վրայից նվաղ ձայնով ասում է. «Ամեն ինչ կատարված է» (Հվհ 19, 32)։ Այս խոսքերն արտասանած պահին Հիսուսն Իր աչքի առջևով անցկացնում է Իր ողջ կյանքը, կատարած աշխատանքը, ցավը, կրած անարգանքը, և այդ ամենը նվիրում է երկնավոր Հորը՝ փոխարենը մեր հոգիների փրկությունը խնդրելով և ուստի ասում է. «Ամեն ինչ կատարված է», ասել կամենալով. «Ո՜վ մարդիկ, ձեր փրկությունը կատարեցի, Արքայության դռները բացեցի. ահա՛ հասավ ժամանակը, որ ինձ սիրեք։ Սիրեցե՛ք ինձ, որովհետև սրանից ավելին չէի կարող անել՝ սերս ցույց տալու համար։ Ձեր համար մի կյանք անցկացրեցի՝ տառապանքով լեցուն, և մահանալուցս առաջ ձեր համար թափեցի Արյանս մինչև վերջին կաթիլը. թույլ տվեցի, որ երեսիս թքեն, մարմինս բզկտեն, գլուխս փշով պսակեն, և ապա հանձն առա խաչի վրա կրել այն հոգեվարքը, որ տեսնում եք։ Ի՞նչ մնաց անելիք, եթե ո՛չ միայն՝ մահանալ ձեր համար. դա՛ էլ եմ հանձն առնում, ձեր համար ամբողջ կյանքս եմ տալիս։ Այսուհետև ձեր էլ պարտականությունն է ի՛նձ սիրել, որովհետև ավելի մեծ նշան չէի կարող տալ, որպեսզի դուք ինձ սիրեք։ Ամեն բան, որ արդարությունը պահանջում էր, կատարյալ եղավ, ինչը որ կարող էր սերս ձեզ հայտնել»։

 

Հիսո՜ւս, սիրելի Փրկիչս, երանի՜ թե ես էլ մահվանս պահին կարողանայի ասել, թե փրկությանս համար արեցի այն ամենը, ինչ հարկավոր էր, այն է՝ պահեցի պատվիրաններդ, թույլատրածդ խաչերը համբերությամբ կրեցի, ոչ մի շնորհ չկորցրեցի։ Եթե այս պահին մահն ինձ ներկայանար, ո՜վ Հիսուս, չպիտի կարողանայի ասել այս խոսքերը։ Ինձ շնո՜րհ տուր, որպեսզի այսուհետ այնպես ապրեմ, որ մահվանս պահին կարողանամ ասել այն, ինչը որ Դու ասեցիր խաչի վրա. «Ամեն ինչ կատարված է»։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։