ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հաճախ մտածել, թե Հիսուսը որքա՜ն ողորմած է – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հաճախ մտածել, թե Հիսուսը որքա՜ն ողորմած է

«Տե՜ր, ողորմությունդ հավիտյան պիտի օրհնեմ». սա՛ պիտի լինի քո բնական երախտագիտության աղոթքը՝ Աստծուց ընդունած անթիվ բարիքների փոխարեն։ Դժբախտաբար, երախտապարտ հոգիները քիչ են. մարդ, երբ մեկ ա՛յլ մարդուց բարիք է ընդունում, ամաչում է, երբ հաճախ երախտագիտությունը չի հայտնում, իսկ Աստծուն երախտապարտ լինելու մասին ո՞վ է մտածում։ Մեծ շնորհներ ես խնդրում Հիսուսից, և Նա Իր բարությամբ տալիս է քեզ, և քո կողմից «Շնորհակալ եմ» չի լսում։ Միայն այսքանը բավական է, որ Հիսուսը քեզ Իր շնորհներից զրկի։

Ուստի, սովորություն արա՛ ամփոփվելու և հիշելու Աստծո կողմից քո հանդեպ արված բարիքները, թե՛ մարդկությանն ընդհանուր առմամբ և թե՛ հատկապես անձամբ քեզ արվածները։ Աստված քեզ ստեղծել է և մինչև այս օրն է հասցրել, և անձամբ քո հանդեպ գուրգուրալով՝ քանի՜ քանի՜ շնորհներ է տվել քեզ։

Հիշի՛ր նաև տկարություններդ ու մեղքերդ, որոնցով վշտացրել ես Տիրոջդ ու Աստծուդ, Ով հոր նման ներել է բոլոր տկարություններդ։ Մեղքերիդ համաձայն չի վարվել քո հետ, այլ՝ գթառատ հոր նման միշտ կքվել է քո վրա ու գրկել։

Հոգեկան վերքերիդ դարմանն Ինքն է արել՝ քեզ դժոխքի կրակից ազատելով. երբ անառակի նման Իրենից հեռացել ես, հոր նման քեզ գրկելով՝ սեղմել է Իր կրծքին, քեզ վերադարձնելով անմեղության պատմուճանը։ Այն ժամանակ, երբ մեղքերի մասին էիր մտածում, և սատանան հոգիդ իրենով էր արել, Հիսուսը միջամտելով՝ քեզ ազատել է, Իր Սուրբ Արյամբ լվացել է հոգիդ, մաքրել է սիրտդ և շնորհներով ճոխացրել։

Դավիթ Մարգարեի հետ դու էլ ասա՛. «Աստծո կողմից իմ հանդեպ արված այսքա՜ն շնորհների փոխարեն ի՞նչ ընծա պիտի տամ։ Ո՞վ է նման մեր Աստծուն, որ երկրից բարձրացնում է աղքատներին, աղտոտության մեջ ընկածներին, և նրանց նստեցնում է իշխանների հետ, այն է՝ Հրեշտակների ու Սրբերի հետ» (հմմտ. Սղմ 112, 5-8)։

Համեմատի՛ր նախկին կյանքդ և ներկա ունեցածդ. մեղքերից ու տկարություններից քեզ ազատելով՝ դրել է մի մթնոլորտի մեջ, որտեղ Ինքը թագավորում է, և դու ամեն վայրկյան վայելում ես Իրեն։

Սրտիդ խորքից Հիսուսին շնորհակա՛լ եղիր՝ ասելով. «Օրհնելու եմ Տիրոջը ամեն ժամ, ամեն վայրկյան Իր օրհնությունը շուրթերիս է լինելու» (Սղմ 33, 2)։ Թույլ մի՛ տուր, Հիսո՜ւս, որ կրկին ապերախտ լինեմ Քո հանդեպ, որպեսզի իմ հանդեպ չկատարվի Մարգարեի խոսքը, որ ասում է. «Չըմբռնեցին Տիրոջ սքանչելիքները, ո՛չ էլ հիշեցին Նրա անթիվ ողորմությունները» (հմմտ. Սղմ 28, 5)։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։