9. ՔՐԻՍՏՈՍԸ ԾՆՎԵՑ ԱԽՈՌՈՒՄ – Գրադարան – Mashtoz.org

9. ՔՐԻՍՏՈՍԸ ԾՆՎԵՑ ԱԽՈՌՈՒՄ

Արտասովոր բան էր պատրաստվում, աշխարհը նոր բան պիտի տեսներ, անըմբռնելի խորհուրդ, խոնարհության և սիրո հրաշք, որի վրա զարմանալու էին Երկնքի հրեշտակները և անգամ Սրբերը։

Աստված պիտի մարդ լիներ և պիտի աշխարհ գար։

Ո՜վ հրեշտակներ, ո՜վ մարդիկ, պատրաստեցե՛ք այս Մանուկ Աստծուն արժանի պալատ, իրեն արժանի փոքրիկ օրորան։

Իսկ դու, ո՜վ Հիսուս, դու ի՞նչ ես մտածում, Քո խորհուրդները շատ հեռու են մարդկանց մտածածից։ Հիսուսը գալիս է յուրայինների մոտ, և յուրայիններն Իրեն չեն ընդունում։ Ո՛չ թե պալատ, այլ՝ սովորական տեղ անգամ չունեցավ, ուր կարողանար գլուխը դնել։ Հարուստները պանդոկները, հյուրանոցները գրավել էին, իսկ Հիսուսի համար միայն մի ախոռ էր մնացել, իբրև օրորոց՝ անասունների մսուրը։

Նման բան կարո՞ղ էր պատահել, որ Ամենակարողն Աստծո Միածին Որդին քարայրի մեջ մնա, մի կտոր խոտի վրա պառկած։ Հիսուսն Ինքն Իրեն է, որ նսեմացնում է։

Սողոմոնը՝ Իսրայելի ամենից իմաստուն թագավորը, յոթը տարի ծախսեց Աստծո փառքի համար վայելուչ տաճար կառուցելու համար և այն զարդարեց ոսկիով, արծաթով և թանկարժեք քարերով։ Երկրի վրա այդքա՜ն շքեղ ու հարուստ տեղ դեռ կառուցված չէր և, սակայն, կառուցումն ավարտելուց հետո Սողոմոնն ասաց. «Կարելի՞ է հավատալ, որ Աստված կամենա այստեղ բնակվել. ամբողջ երկիրն Իրեն բավական չէ, ինչպե՞ս պիտի բնակվի իմ կառուցած տաճարում» (հմմտ. 3Թգ 8, 27)։

Այսպես ասաց Սողոմոնը։ Իսկ մենք, որ տեսնում ենք Աստծո Որդուն քարայրի մեջ, չպիտի՞ ասենք. «Հավատալո՞ւ բան է, որ Աստված կամենա ծնվել ախոռի մեջ, հանգչել մսուրի մեջ»։ Եվ սակայն, այս բոլորը Հիսուսն արեց մեզ սիրելու պատճառով։

 

Ո՜վ իմ Փրկիչ Հիսուս, հնարավո՞ր է, որ Քեզ այսքա՜ն խոնարհված տեսնելուց հետո դեռ ցանկանամ բարձր տեսնվել, ես, որ հող եմ և մոխիր։ Ո՛չ, այսուհետև ցանկանում եմ ամեն ջանք գործադրել՝ խոնարհ լինելու համար։ Այս աշխատանքը ցանկանում եմ սկսել այսօրվանից իսկ։ Օգնի՜ր ինձ, տկարությանս ուժ տուր, Քո սերն իբրև սպեղանի դիր սրտիս վերքերի վրա. միայն դրանով կարող է բժշկվել այս սիրտը, որի վրա վերքեր են բացվել հպարտությունիցս և մյուս ախտերիցս։ Ինձ շնո՜րհ տուր, որ Քեզ սիրեմ և շա՛տ սիրեմ, որպեսզի հոգիս առողջանա։

 

Մի պահ ենթադրենք, որ չենք ճանաչում այս Մանկանը, որ ծնվել է Բեթղեհեմի քարայրում, բայց ուզում ենք իմանալ։

Մեր Հավատքն ասում է, որ Նա Աստծո Որդին է և ճշմարիտ Աստվածը։ Արդարև, այդ տկար ու աղքատ Մանուկն Ի՛նքը ստեղծեց տիեզերքը և երկնակամարը, իսկ այս երկիրն Իր ոտքերի պատվանդանն է։ Իր առջև մարդկությունն անարժեք մի որդ է։ Իր իշխանությունը չափ չունի, և բոլորը երկնչում են Իրենից։ Ինքն է, որ հրամայում է ծովին և դրա ալիքները հանդարտեցնում։ Իր աթոռը երկնքից վեր է, Ինքն է երկրի բոլոր թագավորների տերը։

Նա, Ում պատկանում են ողջ երկինքն ու երկիրը, ահա՛ ախոռի մեջ է։ Ամբողջ աշխարհն Իր համար բավական չէ, և սակայն հանգչում է մսուրի մեջ։ Հավիտենական Աստվածը դարձել է նորածին Մանուկ։ Աղքատիկ լաթերի մեջ է փաթաթված Նա, Ով ստեղծել է ծաղիկների գեղեցկությունը և աշխարհը լցրել է հրաշալիքներով։

Գիտե՞ս, ո՜վ իմ հոգի, թե ինչո՛ւ Հիսուսն այսքա՜ն խեղճ և ողորմելի է դարձել։ Քո նկատմամբ ունեցած Իր անսահման սերն է, որ Իրեն այդ վիճակին է հասցրել։ Ո՜վ մարդասեր Աստված, Քեզ ճանաչող չկա. քանի՞ քրիստոնյա կա, որ փոխարենը Քեզ սիրում է։

Ո՜վ իմ հոգի, նայի՛ր նորածին Տիրոջդ՝ ախոռի մեջ, և սիրի՛ր աղքատությունը։ Ցուրտը, որ քո համար կրում է, թող քեզ խրատ լինի, որպեսզի սիրես զուսպ կյանքը. արցունքը, որ մեղքերիդ համար թափում է, սովորիր, թե ինչպե՛ս պիտի լացես մեղքերիդ վրա։ Տե՛ս, Աստված քեզ ստեղծեց ոչնչից և քեզ փրկելու համար ի՛նչ կրեց։ Համբերում է, լալիս է, հեծեծում է և քիչ անց ամբողջ Արյունն էլ թափելու է քո համար։

Այս ամենը թող որ բանան աչքերդ, որպեսզի տեսնես, թե մեղքը հոգուդ մեջ ի՛նչ խորը վերքեր էր բացել։ Սկսիր ըմբռնել, թե Հիսուսն ի՛նչ աստիճանի է սիրել քեզ. երանի՜ թե դու էլ կարողանայիր ամբողջ սրտովդ սիրել Նրան։

 

Ո՜վ իմ Փրկիչ, Հիսո՜ւս, ծնվեցիր ախոռում, ծայր աստիճան աղքատությամբ՝ ամբողջ կյանքդ անցկացնելով խոնարհության մեջ ... , և այս բոլորն ի՛մ համար, ի՛նձ սիրելուդ համար։ Հիմա եմ ըմբռնում, որ մինչև այսօր անտեսել եմ իմ հանդեպ ունեցածդ սերը, մանավանդ թե՝ արհամարհել եմ Քեզ, կյանքս այս կերպ անցկացրած լինելով։ Ինձ հասկացրու, Տե՜ր, թե որքա՛ն մեծ չարիք է արածս և թե Դու որքա՛ն մեծ սիրո ես արժանի։

Տե՜ր, Դու, որ մինչև այսօր համբերեցիր իմ մեղքերին, այնպես արա՛, որ դեպի Քեզ դառնամ և թույլ մի՛ տուր, որ այլևս վշտացնեմ Քեզ։ Վառի՜ր ինձ Քո սիրով, շնո՜րհ տուր, որ միշտ հիշեմ իմ համար կրածներդ, որպեսզի ամեն բան մոռանալով՝ Քեզնից բացի ուրիշ բանի մասին չմտածեմ ու չսիրեմ, այլ՝ միայն Քեզ հաճելի դառնամ։ Աշխարհ եկար՝ մեր սիրույն տիրանալու համար. արդ, հանի՜ր սրտիցս այն, ինչը որ արգելք է Քեզ սիրելուս։ Քո կամքը թող լինի իմը, Քո կամքը թող լինի կյանքիս և գործերիս օրենքը։ Ինձ շնորհ տուր, որ ամեն ինչի մեջ կատարեմ Քո կամքը, իսկ իմ կամքը ենթարկվի Քո կամքին, որքան էլ դժվարին պարագաներ ինձ ներկայանան։ Թույլ մի՛ տուր, որ հրեաներին ուղղված հանդիմանությանդ արժանի լինեմ, որը Մարգարեի բերանով ասացիր նրանց. «Ի՞նչ բանի են ծառայում ձեր ծոմերն ու պահքերը։ Ձեր զոհերից ձանձրացել եմ, խունկերդ ձեզ մնան, իմ համար պիղծ են ձեր բարեգործություն կարծածները, քանի որ ձեր կամքն է, որ կատարում եք» (հմմտ. Ես 1, 10-17)։ Տե՜ր, սովորեցրու ինձ, թե ինչպե՛ս պիտի կատարեմ կամքդ, այնպես արա՛, որ մինչև վերջին շունչս կատարեմ Քո սուրբ կամքը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։