34. ՀԻՍՈՒՍԻ ԾԱՐԱՎԸ ԽԱՉԻ ՎՐԱ – Գրադարան – Mashtoz.org

34. ՀԻՍՈՒՍԻ ԾԱՐԱՎԸ ԽԱՉԻ ՎՐԱ

Մոտենում է այն պահը, որ Հիսուսը պիտի հոգին ավանդի՝ մեր փրկությունն ապահովելու համար։ Հիսուսը խաչի վրա սաստիկ ծարավ է զգում, որովհետև այդքա՜ն չարչարվելուց հետո մի քանի ժամ էլ խաչի վրա գամված էր մնացել։ Մարմնի մեջ մի կաթիլ անգամ արյուն չէր մնացել։

Հիսուսն ասում է. «Ծարավ եմ» (Հվհ 19, 29)։

Արդյոք խաչի վրա այդքա՜ն կրածներից ամենասոսկալին ծարա՞վն է լինում. ոչ մի ցավի համար ձայն չի հանում և միայն ծարավ լինելն է հայտնում։ Ի՞նչ նշանակություն ունի Հիուսի ծարավելը։ Ա՜հ, ակնհայտ է, որ Հիսուսը մեր փրկության ծարավն ունի, մեր սիրո ծարավը. կամենում է, որ մենք մեր երախտագիտությամբ և Իրեն սիրելով հագեցնենք Իր ծարավը։

 

Հիսո՜ւս, չարչարվա՜ծ Հիսուս, ծարավա՜ծ Հիսուս, այսպիսի քաղցր հրավեր ընդունելուց հետո ի՞նչ անեմ ես՝ ծարավդ հագեցնելու համար։ Ամոթով եմ ասում, որ հրեաներին նմանվելով՝ ջրի փոխարեն քացախն է, որ հրամցնում եմ Քեզ. փոխանակ ամբողջ սրտով Քեզ սիրելու, անկարգ բաների հետևից է վազում հոգիս։ Դու ինձնից ամբողջ սիրտս ես կամենում, իսկ ես կեսը կամ փոքր մասը միայն տալով՝ մյուս կեսը կամ մեծ մասը պահում եմ աշխարհը վայելելու և հանգիստս փնտրելու համար, թեև հստակ կերպով գիտեմ, որ դրանք ինձ ոչ մի մնայուն երջանկություն չեն պարգևում։ Ների՜ր ինձ, Տե՜ր, ների՜ր ինձ, որովհետև կամենում եմ նոր կյանք սկսել։

Ինչպես եղնիկն է ջրի աղբյուրի փափագում, այնպես էլ հոգիս Քեզ է փնտրում, Տե՜ր Հիսուս։ Սիրտս ծարավի է Քեզ, ե՞րբ պիտի գա այն պահը, որ կանգնեմ առջևդ (հմմտ. Սղմ 41, 2-3), ո՜վ Հիսուս, կյանքիս Աղբյուր, ե՞րբ պիտի լինի, որ վերջապես անցնի հոգուս ծարավը։ Այս չոր ցամաք անապատում հոգիս ու մարմինս ծարավից մաշվում են, պիտի գա՞ ժամանակը, որ Քեզ վայելեմ։ Իմ համար ավելի լավ է Քո ողորմությունը, քան իմ կյանքը։ Բերանիցս թող չպակասի Քեզ օրհնելու աղոթքը։ Մինչև մահս ցանկանում եմ Քեզ օրհնել, սիրտս թող հրճվի Քեզ օրհնելով, Քո օրհնությունը երգելով ցանկանում եմ Քեզնով զմայլվել։ Ցանկանում եմ Քեզ հիշել անկողնումս, ցանկանում եմ մտածել Քո գործած հրաշքների մասին (հմմտ. Սղմ 63, 6)։

Սրտիս ամբողջ փափագը Դու ես, Տե՜ր, Քեզ եմ ծարավի, քանի որ Դու ես իմ կյանքի աղբյուրը, միայն Դու կարող ես հագեցնել հոգուս ծարավը։ Ծարավի եմ սիրույդ, ցանկանում եմ Քեզ ամբողջապես ունենալ, և ե՞րբ պիտի լինի, որ այս փափագս կատարվի, ե՞րբ պիտի գա այն օրը, որ ինձ գթալով ասես. «Մտի՛ր Տիրոջդ ուրախության մեջ, մտի՛ր Արքայությունս, որն այլևս քոնն է, մտի՛ր և վայելի՛ր»։ Այդտեղ իմ արցունքները պիտի սրբես, Տե՜ր Հիսուս, փափագներս պիտի լիովին գոհացնես, նեղություններս պիտի դադարեն, պիտի չհիշեմ կրածս տխրություններն ու վշտերը։

Թող օրհնյա՜լ լինի Քո սուրբ կամքը, Տե՜ր, քանի որ կամենում ես, որ դեռ մնամ այս աշխարհում, որպեսզի առաքինորեն ապրեմ, Քո խաչն ու վշտերը կրեմ, որպեսզի հավիտենական հանգստին արժանի լինեմ։ Հնազանդվում եմ Քեզ, միայն թե նկատի՜ր իմ փափագները։ Սիրտս ու հոգիս Քեզ են ծարավի, ողորմի՜ր ինձ, միայն Դու կարող ես ինձ հագեցնել։ Հարստությունն ու պատիվը, զվարճություններն ու աշխարհի բոլոր հաճույքները չեն կարող հոգիս լիացնել, բայց Դու, միայն Դո՛ւ կարող ես ինձ գոհացնել։

Հիսո՜ւս, ինձ տո՜ւր միայն Քո սերը, միայն այն կարող է հագեցնել ծարավս։ Այնպես արա՛, որ ամբողջ սրտովս Քեզ սիրեմ, ավելի, քան ինքս ինձ. այնուհետև ուրիշ բան սիրելու փափագ սրտումս չի մնա այլևս։ Այնպես արա՛, որ Քեզ սիրեմ մաքուր սրտով, կենդանի հավատքով, խանդավառ հոգով։ Երկրի վրա իմ ամենամեծ երջանկությունը թող որ լինի Քո համար աշխատելը, Քո համար կյանքս մաշեցնելը։ Ա՛յս է սրտիս փափագը. որ Քո համար ապրեմ, Քո համար աշխատեմ ու հոգնեմ և Քեզ ընծայեմ իմ ողջ կյանքը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։