13. ՄԱԳԴԱՂԵՆԱՑՈՒ ՍԵՐԸ ՀԻՍՈՒՍԻ ՀԱՆԴԵՊ – Գրադարան – Mashtoz.org

13. ՄԱԳԴԱՂԵՆԱՑՈՒ ՍԵՐԸ ՀԻՍՈՒՍԻ ՀԱՆԴԵՊ

Ավետարանի ամենագեղեցիկ էջերից մեկն է, որ պիտի պարզեմ հիմա՝ Հիսուսի ունեցած գութը քեզ ցույց տալու համար։ Անկարելի է կարդալ Մագդաղենացու պատմությունը (հմմտ. Մտթ 26, 6-14) և չխանդավառվել Հիսուսի սիրով, տեսնելով, թե Հիսուսն ինչպիսի՛ գութ ունի մեղավորի հանդեպ, տեսնելու համար, թե Հիսուսն ինչպե՛ս է ներում, երբ հոգին զղջում է։

Մի փարիսեցի Հիսուսին ճաշի է հրավիրում։ Հիսուսն ընդունելով հրավերը՝ գնում է և բազմում։ Մի մեղավոր կին, որ ամբողջ քաղաքին ծանոթ էր իր մեղավոր բնությամբ, իմանալով, որ Հիսուսն այնտեղ է, շշով անուշահոտ յուղ է վերցնում և Հիսուսին մոտենալով՝ հեղում է Հիսուսի ոտքերին, իր արցունքների հետ միասին, մազերով սրբում է և հաճախ համբուրում։

Կինն իր մեղքերի ծանրությունն էր զգում ու տանջվում էր։ Երկար տարիներ ախտերի մեջ ընկած՝ հոգեպես տանջվում էր և չէր իմանում ինչպե՛ս ազատվել։ Լսած լինելով, թե Հիսուսը բարեգութ է, հիվանդներ է բժշկում, վշտացած հոգիներին է մխիթարում և ուրիշ հրաշքներ է գործում, ինքն իրեն խորհրդածում է. «Գնամ, Իր ոտքերն ընկնեմ»։ Մտածածը գործադրում է։ Ներս է մտնում, մի բառ անգամ չի ասում, ոչ մի բան չի խնդրում, միայն լալիս է ու իր արցունքներով ցույց է տալիս իր զղջումն ու սերը։

Փարիսեցին, որ Հիսուսին հրավիրել էր, մտածում է. «Եթե Հիսուսը մարգարե լիներ, կիմանար, որ Իրեն մոտեցող կինը մեղավոր մեկն է»։ Այսպես էր մտածում, և նախ ի՛նքն է, որ չէր իմանում, թե Հիսուսն ի՛նչ աստիճանի բարեգութ է։

Հիսուսն իմանալով նրա մտածությունը՝ ասում է. «Մի պարտատեր երկու հոգուց առնելիք ուներ, մեկից հարյուր և մյուսից հիսուն դահեկան. երկուսն էլ աղքատ լինելով՝ երկուսին էլ ներում է. նրանցից ո՞վ ավելի պիտի սիրի իր տիրոջը»։ Փարիսեցին պատասխանում է. «Ինձ այնպես է թվում՝ նա, որ ավելի պարտք ուներ»։

Հիսուսն ասում է. «Ճի՛շտ պատասխանեցիր։ Տեսնո՞ւմ ես այս կնոջը. դու ջուր անգամ չտվեցիր՝ ոտքերս լվանալու համար, նա իր արցունքով է լվանում և մազերով չորացնում է. ինձ մի համբույր չտվեցիր ներս մտածս ժամանակ, սա չի դադարում ոտքերս համբուրել. դու անուշահոտ յուղ չդրեցիր գլխիս, սա անուշահոտ յուղերով օծում է ոտքերս։ Արդ, իմացիր, որ ներված են նրա մեղքերը, որովհետև շա՜տ սիրեց»։ Այնժամ Հիսուսն ասում է կնոջը. «Ներված են քո մեղքերը»։ Երանի՜ իրեն, որ ճանաչել էր Հիսուսի Սիրտը, համոզված էր, թե ի՛նչ աստիճանի է Հիսուսի գութը մեղավորների հանդեպ, և տարակույս չէր ունեցել, որ պիտի լսեր այդ խոսքերը։

Հիսուսը խոսքը շարունակելով՝ ասում է Մագդաղենացուն. «Քո հավատքն է, որ քեզ փրկեց. գնա՛ խաղաղությամբ»։ Սակայն կինն այնքա՜ն երախտագետ է մնում, որ Հիսուսից բնավ չի բաժանվում, միանում է ուրիշ բարեպաշտ կանանց, ովքեր Հիսուսի հետևից էին քայլում՝ Նրան օգնելու և կերակրելու համար։

Երբ հրեաները Հիսուսին բռնում են՝ չարչարելու և խաչելու համար, Մագդաղենացին չի՛ լքում Նրան։ Ի՛նչ քաջություն։ Առաքյալները գրեթե բոլորը փախչում են, Պետրոսը երեք անգամ ուրանում է Նրան, իսկ այս խեղճ կինը չի վախենում ո՛չ զինվորների սպառնալիքներից և ո՛չ հրեաների նախատինքից, և մենակ չի թողնում Հիսուսին։ Ընկերանում է Նրան մինչև Գողգոթա, մնում է խաչի ստորոտին, և լալով ու սիրելով՝ իր սերն է ցույց տալիս։

 

Ո՜վ իմ Փրկիչ Հիսուս, ես էլ մի խեղճ մեղավոր եմ. քանի՜ անգամ մեղքերս ներեցիր, ապերախտություններս հաշվի չառար. որքա՜ն պարտական եմ Քեզ սիրելու։ Զգում եմ, որ ներսումս սերը տկար է, և տկար հոգով եմ Քեզ ծառայում։ Ողորմի՜ր ինձ և շնորհի՜ր ինձ Քո սերը։ Ցանկանում եմ Քեզ սիրել. զգում եմ, որ սիրում եմ, բայց բավական չէ։ Ինձ շնո՜րհ տուր, որ Քեզ ավելի շատ սիրեմ։ Հիսո՜ւս, ես էլ Մագդաղենացու նման ընկնում եմ ոտքերիդ առաջ. ինձ էլ գթա, ինձ էլ ասա այդ օրհնյալ խոքերը. «Քո մեղքերը ներված են»։ Տե՜ր Հիսուս, ինձ էլ տուր այդ շնորհը, որ Մագդաղենացու նման լամ, հոգովս մնամ խաչիդ ստորոտին, որի վրա գամվեցիր՝ ինձ սիրելուդ պատճառով։ Չեմ խնդրում ո՛չ հարստություն, ո՛չ պատիվ և ո՛չ էլ աշխարհի վայելքները, այլ՝ միայն Քո սերը, Քեզնից երբեք չբաժանվելու համար։

 

Խաչի վրա Քրիստոսի մահանալուց հետո, երբ մարմինը գերեզման են դնում, Մարիամ Մագդաղենացին առավոտ կանուխ վազում է գերեզման՝ Հիսուսի մարմինն անուշահոտ յուղով ու խնկով օծելու համար։ Առաջինն ի՛նքն է հասնում գերեզման և տեսնում է, որ չկա մարմինը։ Պետրոս և Հովհաննես Առաքյալներին, ովքեր իրենից հետո են գերեզման հասնում, ասում է. «Տիրոջս մարմինը գերեզմանից տարել են և չեմ իմանում, թե ո՛ւր են դրել»։ Առաքյալները մտնում են գերեզման և տեսնում են, որ իսկապես չկա Հիսուսի մարմինը, և թողնում գնում են։ Բայց Մագդաղենացին տեղից չի շարժվում, քանի որ ուրիշ մխիթարություն չուներ ու, գերեզմանի մոտ մնալով, լալիս է։ Ո՜վ գիտե, թե ինչքա՛ն է լալիս և քանի՛ անգամներ է տալիս Հիսուսի Անունը, ինչի հետևանքով Հիսուսն էլ երևում է իրեն։

Ի՛նչ լավ դաս է սա մեր համար. եթե դու էլ Մագդաղենացու նման Իրեն փնտրեիր, եթե մեղանչելուդ կամ գաղջ կյանք ապրելուդ հետևանքով ըմբռնեիր, թե ի՛նչ մեծ գանձ ես կորցրել ու չդադարեիր Հիսուսին փնտրել, եթե արցունքներով կանչեիր Նրան, անպայման կգտնեիր քո Տիրոջը, սիրտդ ուրախությամբ կլցվեր։

Լացելուց հետո թեքվում է գերեզմանի կողմը, տեսնում է երկու հրեշտակների, ովքեր սպիտակ զգեստներ հագած, նստած գերեզմանի վրա՝ ասում են իրեն. «Ո՜վ կին, ինչո՞ւ ես լալիս»։ Մագդաղենացին պատասխանում է. «Ինչպե՞ս չլացեմ, երբ Տիրոջս այստեղից տարել են, և ես չգիտեմ, թե որտե՛ղ են դրել»։ Այս խոսքերն ասելուց հետո դառնում է և տեսնում է մեկին, որ կանգնած է իր առջև և որ նույն խոսքերն է իրեն ասում. «Ո՜վ կին, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտրում»։ Մագդաղենացին կարծելով, թե պարտիզպանն է, պատասխանում է. «Տե՜ր, եթե դու ես վերցրել, ասա՛ ինձ, թե ո՛ւր ես դրել, որպեսզի ես վերցնեմ»։

Ինչպիսի՜ սեր. չի դադարում փնտրելուց, բոլորին հարցնում է, սիրտը չի հանդարտվում և անպայման ցանկանում է Հիսուսին գտնել։ Երանի՜ թե նույն այս սերն ունենայի նաև ես և այս կերպով փնտրեի Տիրոջս։

Նույն պահին Հիսուսն Իր բնական ձայնով է խոսում՝ ասելով. «Մարիա՜մ»։ Մագդաղենացին իսկույն ճանաչում է այդ ձայնը և գրեթե ինքն իրեն կորցրած՝ ուրախությամբ աղաղակում է. «Ո՜վ իմ Տեր»։ Եվ փարվում է Նրա ոտքերին, առանց մի բան ասելու։ Իր լռությամբ ու արցունքով ավելի շատ բան կարող էր Հիսուսին ասել։

 

Ո՜վ իմ Տեր, Հիսո՜ւս, այն, ինչը որ Մագդաղենացուն արեցիր, հուզում է սիրտս և զգացումներս։ Հարություն առնելուցդ հետո առաջինն իրեն երևացիր. արդյոք մոռացա՞ր, թե ի՛նչ տեսակ մեղավոր էր նա, որ ամբողջ քաղաքը գայթակղեցրել էր իր կյանքով։ Բայց ահա՛ լսում եմ ձայնդ, որ ասում է ինձ. «Այո՛, Ինձ բարկացրել էր, սակայն իր սիրով ու ջերմեռանդությամբ արեց հակառակը. քանի՜ քանի՜ մեծ մեղավորներ իրենց զղջմամբ և սիրով սիրելի են Ինձ դարձել, և դեռ հիմա էլ դյուրությամբ մոռանում եմ նրա մեղքերը, ով Ինձ սիրում է»։

Ինձ էլ ողորմիր, ո՜վ իմ Փրկիչ, ես էլ եմ զղջում գործածս մեղքերի համար ու սիրում եմ Քեզ, ների՜ր նաև իմ մեղքերը։ Ինձ շնո՜րհ տուր, որ մեղքերս չմոռանամ և միշտ զղջամ դրանց համար, որպեսզի Դու չհիշես դրանք և ընդմիշտ մոռանաս։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։