ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եղբայրական սերը – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եղբայրական սերը

Հովհաննես Առաքյալն ասում է. «Եթե մեկն ասում է, թե՝ Ես Աստծուն սիրում եմ, բայց եղբորն ատում է, սուտ է. մեկը, որ եղբորը տեսնում է և չի սիրում, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, Ում չի տեսել» (1Հվհ 4, 20)։ Այս խոսքերը լսելուց հետո դեռ շատերը կան, ովքեր իրենք իրենց խաբում են և աղքատներին ողորմություն չեն տալիս, սիրում են ուրիշի մասին բամբասել կամ բամբասանքի ականջ դնել, դժվարությամբ են ներում կրած մանր անիրավությունները, արհամարհում են ուրիշներին, և կարծում են, թե սիրում են Աստծուն, որովհետև ասում են. «Աստված իմ, Քեզ սիրում եմ»։

Բայց դու սրանց մի՛ նմանվիր, այլ՝ սեփական անձիդ պես սիրի՛ր ուրիշներին, սիրի՛ր ամենքին, որովհետև ստեղծված են Աստծո պատկերի համաձայն. փափագի՛ր, որ ամենքը փրկության հասնեն։ Բոլորին սեր ցույց տուր, մանավանդ՝ քեզ համակիր չեղողներին։ Բերանիցդ հակառակության խոսք անգամ թող դուրս չգա, նույնիսկ եթե սիրտդ նեղված լինի, խոսքերդ եղբայրսիրությամբ օծիր։

Միշտ պատրաստ եղիր օգնելու ուրիշին՝ վշտացած հոգիներին կարեկից լինելով, մեղավորներին գթալով։ Երբ տեսնում ես մեկի առաքինի գործը կամ բարեգործությունը, ուրախացի՛ր, իբրև թե դու ինքդ կատարած լինեիր։ Դիմացինիդ թշվառությունը զգա՛ իբրև քոնդ։ Հանդուգն կերպով մի՛ դատիր ոչ ոքի, ո՛չ էլ կասկածիր դիմացինիդ վրա։ Եղբորդ նկատմամբ լավ կարծիք ունեցիր՝ բարի մեկնաբանելով նրա խոսքերն ու գործերը։

Գեղեցիկ առաքինություն է եղբայրսիրությունը, բայց դժբախտաբար՝ քչերն են դրան հետևում։ Քննի՛ր հոգիդ և տե՛ս, թե ի՛նչ աստիճանի է քո ունեցածը. տե՛ս, թե պատրա՞ստ ես արդյոք ներելու քեզ դեմ եղածներին կամ բարիք անելու նրանց, որքան որ ձեռքիցդ գալիս է։ Արդյոք խոսո՞ւմ ես ուրիշների թերությունների մասին։

Հիսուսն է, որ խոսում է սրտի հետ և ասում. «Որդյա՜կ, քո անձի նման սիրիր եղբորդ» (Մտթ 22, 39; Մրկ 12, 31; Ղկս 10, 27)։ Ջանա՛ հնազանդվել Հիսուսի խոսքերին և օրդ մի՛ ամփոփիր առանց ասել կարողանալու. «Աստվա՜ծ իմ, սիրում եմ Քեզ, և Քո սիրո համար սիրեցի նաև եղբորս»։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։