2. ԱՍՏՎԱԾ ԻՐ ՄԻԱԾԻՆ ՈՐԴՈՒՆ ԱՇԽԱՐՀ ՈՒՂԱՐԿԵԼՈՎ՝ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՄԵԶ ԻՐ ՍԵՐԸ – Գրադարան – Mashtoz.org

2. ԱՍՏՎԱԾ ԻՐ ՄԻԱԾԻՆ ՈՐԴՈՒՆ ԱՇԽԱՐՀ ՈՒՂԱՐԿԵԼՈՎ՝ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՄԵԶ ԻՐ ՍԵՐԸ

«Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդուն տվեց» (Հվհ 3, 16)։ Որքա՜ն խորն է այս խոսքերի իմաստը. մի փոքրիկ բառ է «այնպես» ասվածը, սակայն սքանչելի նշանակություն ունի։ Դա մատնացույց է անում Աստծո մեր նկատմամբ ունեցած սիրո մեծությունը. ո՛չ թե Իր ծառաներից մեկին մեզ տվեց կամ մի հրեշտակ ուղարկեց, այլ՝ Իր Միածին Որդուն։ Իր անմեղ Որդուն մահվան դատապարտեց մեր նման հանցավորներին փրկելու համար։

Ո՞վ կարող էր այսքա՜ն անհուն գանձ տալ, եթե ո՛չ միայն՝ Աստված, Որի ողորմությունն անչափ է։ Որքա՜ն պիտի օրհնենք Աստծո ողորմությունը։ Մեղքով մահացած էինք և հոգևոր կյանքից զրկված. Քրիստոսն Իր մահվամբ մեզ հարություն տվեց. ողորմելի էինք, տգեղ ու գարշելի, Աստված Քրիստոսի ձեռքով մեզ գեղեցկացրեց ու Իրեն սիրելի դարձրեց։ Ո՛չ թե միայն մեղքից ազատեց մեզ, այլ՝ ամեն տեսակ հոգևոր օրհնություն տվեց։

Մարդկային մտքին անհասանելի խելք և գութ. մի գերի ազատելու համար՝ Իր Միածին Որդուն տալ։

Այս խոսքերի շուրջ լա՛վ խորհրդածենք. «Իր Միածին Որդուն տվեց»։ Հիսուսը հրեշտակներին չտրվեց, նրանց համար չէ, որ մարդ եղավ, այլ՝ մե՛զ տրվեց այդ անգին պարգևը, մե՛ր համար ծնվեց անարատ Կույսից։

Քրիստոսը մերն է, Իրենով է, որ ամեն գանձ, ամեն բարիք ունենք։ Բայց շատ քիչ ենք ճանաչում Աստծո կողմից մեզ արված բարիքը՝ Իր Որդուն մեզ տալը, շատ քիչ ենք մտածում Քրիստոսի կողմից մեր հանդեպ գործած բարիքի մասին, որը Նա արեց մարդանալով։ Այնքա՜ն մեծ է այս շնորհը, որ գրեթե կարելի է ուրախանալ, որ Ադամն այդ մեղքը գործել է։ Չնայած որ Ադամն իր մեղքով մեզ կորստյան մատնեց, Քրիստոսի մարդեղությամբ շա՜տ ավելի մեծ բարիքներ ստացանք։

Քրիստոսն ասաց սամարացի կնոջը. «Եթե դու իմանայիր Աստծո պարգևը և թե Ո՛վ է, որ քեզ ասում է՝ ինձ խմելու ջուր տուր, այդ ժամանակ դո՛ւ Իրենից պիտի խնդրեիր» (Հվհ 4, 10)։

Այս խոսքերը քեզ էլ են վերաբերվում, ո՜վ իմ հոգի. եթե իմանայիր Հիսուսի ո՛վ լինելը, այդժամ կըմբռնեիր Նրան քեզ Տվողի կողմից քո հանդեպ ունեցած սիրո մեծությունը։ Եթե իմանայիր Հիսուսի ո՛վ լինելը և թե քեզ ի՛նչ արժանիքներ է տվել Իր մարդանալով, կըմբռնեիր նաև, թե որքա՛ն սեր ու երախտագիտություն պիտի ունենայիր քեզ այսքա՜ն գերազանց պարգև Տվողի հանդեպ։

Սուրբ Օգոստինոսն ասում է. «Տե՜ր, երբ ստեղծում ես մեկին, և նա Քո հանդեպ ապերախտ է լինում, ապա դժոխքի է արժանանում, իսկ երբ ապերախտ է լինում իրեն փրկելուդ համար, ապա մի նոր դժոխք պիտի բացվի նրա դիմաց»։ Երբ լսես, որ Աստված որևէ մեկին հատուկ շնորհի է արժանացրել, մի՛ զարմացիր. զարմացիր այն բանի վրա, որ Աստված ա՜յն աստիճան է սիրել մարդկանց, որ Իր Միածին Որդուն տվել է նրանց համար։

 

Հա՜յր երկնավոր, փառք եմ տալիս Քեզ, որ Քո Որդուն ինձ որպես Փրկիչ տվեցիր։ Քեզ էլ եմ փառք տալիս, իմ Փրկիչ, որ այդչա՜փ սիրով և այդքա՜ն չարչարանքով ինձ փրկեցիր։ Այսքա՜ն մեղքերի մեջ ընկնելուց հետո ի՞նչ պիտի լիներ իմ վիճակը, եթե իմ համար մահացած չլինեիր։ Վա՜յ ինձ, «անօրենություններս բազմացան, գլխիցս վերև բարձրացան» (Սղմ 37, 5)։ Այսքան ժամանակ Քո դեմ մեղանչելով անցկացրեցի. «Վա՜յ ինձ, որովհետև երկար եղավ պանդխտությունս» (Սղմ 119, 6)։ Ինչո՞ւ, երբ մկրտվեցի, իսկույն չմահացա. երանի՜ թե մահացած լինեի, քան Քո դեմ մեղանչեի։ Ափսո՜ս, որ մեղանչել եմ։

Խնդրում եմ Քեզնից, իմ Փրկիչ Հիսուս, մասնակից դարձրու ինձ այն ատելությանը, որ ողջ կյանքիդ ընթացքում ունեցար մեղքի հանդեպ. ինձ թողությո՜ւն պարգևիր։ Բայց թողություն տալդ բավական չէ. Քո սերն էլ եմ խնդրում, քանի որ Դու անհուն սիրո ես արժանի։ Ուրեմն թույլ տուր, որ Քեզ սիրեմ։ Դու ինձ մինչև մահ սիրեցիր, ես էլ եմ ցանկանում մինչև մահ Քեզ սիրել։

Սիրում եմ Քեզ, անհո՜ւն Բարություն, ողջ սրտովս սիրում եմ Քեզ։ Ինձնից ավելի եմ սիրում, սրտիս ողջ կարողությամբ ցանկանում եմ Քեզ սիրել։ Օգնիր ինձ և թույլ մի՛ տուր, որ դարձյալ Քո հանդեպ ապերախտ լինեմ։ Ինձ ցույց տուր, թե ո՛րն է Քո փափագը, քանի որ Քո շնորհով կամենում եմ անել այն, ինչը որ ինձնից կամենում ես։ Արդարև, միշտ ցանկանում եմ Քեզ սիրել, ո՜վ իմ Գանձ, իմ Կյանք, իմ Տեր, իմ Ամեն Ինչ։ Ամեն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։