ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Փախչել ցուցամոլությունից – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Փախչել ցուցամոլությունից

Ինքդ քեզ քննիր և տե՛ս, թե գործերդ ի՛նչ նպատակի համար ես անում։ Եթե նյութապես ես կատարում, առանց նպատակի, ո՛չ բարի և ո՛չ վատ դիտավորությամբ, այդ գործերը հոգուդ համար ոչ մի օգուտ չունեն։ Եթե կատարում ես մարդկանց հաճելի լինելու կամ փառավորվելու համար, բարի գործերդ անգամ քո համար դառնում են վնասաբեր և պատժի արժանի։ Իսկ եթե գործերիդ մեջ ա՛յլ բան չես փնտրում, եթե ո՛չ միայն՝ Աստծո փառքը և Նրա կամքի կատարումը, ուրեմն երանի՜ է քեզ, որովհետև Երկնքի մեջ գանձ ես հավաքում։

Փախիր փառքը սիրելուց և զգուշացիր, որ հանկարծ գործերդ մարդկանց հաճելի դառնալու համար չանես, ապա թե ո՛չ՝ Աստծուց վարձք չես ստանա։ Հիսուսն ասաց. «Զգո՛ւյշ եղեք, ողորմություն տալիս մարդկանց առջև մի՛ արեք, իրենց հաճելի դառնալու համար, ապա թե ո՛չ՝ Հորից, որ երկնքում է, վարձատրություն չեք ստանա» (Մտթ 6, 1)։

Ի՞նչ է աշխարհի փառքը, եթե ո՛չ՝ ծուխ։ Խղճիդ վկայությունը քո համար բավական համարիր, երբ որևէ մի բարիք ես անում։ Բավական է, որ Աստված արածդ տեսնի. մարդկանցից փառք մի՛ մուրա, որպեսզի ճշմարիտ փառքը չկորցնես։

Մարդկանց կարծիքը ոչինչ է։ Եթե քեզ գովելու լինեն, դրանով չպիտի մեծ դառնաս։ Հաճախ կրկնիր Պողոս Առաքյալի խոսքերը. «Միակ Աստծուն են պատկանում փառքն ու պատիվը» (1Տմ 1, 17; հմմտ. 1Մն 29, 10-13; Հյտ 5, 11-14; 15, 4)։ Դավիթ Մարգարեն էլ է նույնը կրկնում. «Ո՛չ մեզ, Տե՜ր, ո՛չ մեզ, այլ՝ միայն Քո Անվանն է փառքը վայելում» (Սղմ 114, 1)։

Որքան որ կարող ես, գաղտնի պահիր բարի գործերդ և դրանք կատարելուց առաջ ուղղիր դիտավորությունդ՝ ասելով. «Տե՜ր Հիսուս, այս գործը կատարում եմ Քո սիրուց մղված և մեծագույն փառքիդ համար»։

Եթե սատանան մեջդ փառասիրության զգացումներ է արթնացնում, մի՛ նահանջիր, այլ՝ Սրբերի նման ասա՛ սատանային. «Քո համար չէ, որ սկսեցի այս գործը և քո համար չէ, որ պիտի ավարտեմ այն, այլ՝ Աստծո։ Ամեն բան Նրա փառքի համար է»։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։