14. ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ԱՌԱԿԸ – Գրադարան – Mashtoz.org

14. ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ԱՌԱԿԸ

Հիսուսն այս առակով մեր առջև է դնում Աստծուց հեռանալու պատկերը, միաժամանակ Աստծո կողմից մեր նկատմամբ ունեցած անհուն գութը, երբ դեպի Նա ենք դառնում։ Խորը կերպով մտածենք Ավետարանի այս պատմության շուրջ (հմմտ. Ղկս 15, 11-32), որպեսզի գտնենք այն բոլոր պատճառները, որ հարկավոր են մեզ Աստծուն շատ սիրելու։

Մի հայր երկու զավակ ուներ. կրտսերը հորից պահանջում է իրեն հասանելիք ժառանգությունը, և հայրը տալիս է։ Շատ անգամ նույնն ենք անում նաև մենք. Աստծուց պահանջում ենք առողջություն, գիտելիք, հարստություն, գեղեցկություն և նման բարիքներ, բայց ո՛չ թե Իր փառքի համար գործածելու, այլ՝ մեր անձնական հաճույքի ու հանգստի համար, ինչը որ մեզ դեպի կորուստ է առաջնորդում։

Մի քանի օր անց տղան հեռու երկիր է մեկնում և այնտեղ անկարգ ու անառակ կյանք վարելով՝ վատնում է ունեցածը։ Երբ մի հոգի հեռանում է Աստծուց, արդեն իսկ սկսում է իր կործանումը. կարծում է, թե երջանիկ է ապրում, և սակայն ապրում է թշվառության մեջ, խիղճն իրեն տանջում է՝ Աստծուն թշնամի լինելու պատճառով։ Կորցնում է ամեն շնորհ, հատկապես Մկրտության օրը ստացած մաքուր պատմուճանը, Աստծո հայրական թելադրությունները՝ խղճի ճանապարհով, բարի օրինակները. մի խոսքով, ամեն շնորհ ոտնակոխ է անում։

Անառակ որդին, երբ ամբողջ ունեցածը վատնում է, նույն երկրում սաստիկ սով է սկսվում։ Ո՞վ կարող է նկարագրել, թե ի՛նչ կարիքի է մատնվում այն մեղավորը, որ Աստծուց հեռանում է և ինքն իրեն աշխարհին է տալիս։ Այդ հոգին փոխանակ դրանցով հագենալու, ավելի է դատարկանում, և անառակի նման չի գտնում ուտելու կերակուրը։ Եվ ի՞նչ է անում. գնում է տեղի բնակիչներից մեկի մոտ ծառայության է մտնում, ու խոզարածի պաշտոն է ստանում։

Խեղճ մեղավորն ի՞նչ է շահում Աստծուց հեռանալով. երջանկության տեղ՝ լաց է ստանում, սրտի խաղաղության տեղ՝ մահվան ու դժոխքի սարսափը, և խիղճը միշտ ավելի է տանջում իրեն։ Խե՜ղճ հոգի, որ Աստծո զավակ լինելու շնորհից զրկվում է և գերի դառնում սատանային, որն իրեն դարձնում է իր խոզարածը՝ հոգին մատնելով ամենից կեղտոտ ախտերի։ Այնուհետև սատանան ջանում է մոռացնել տալ, որ հոգին սահմանված է հավիտենական երջանկության, և որ Աստված իր Հայրն է։ Ա՜հ, ի՜նչ աստիճանի անկարգություն և խեղճություն։

Թշվառության ծայրը հասնելով, անառակը մտածում է՝ ասելով. «Քանիներ հորս զավակը չլինելով, տանս մեջ ուտում են ու խմում, մինչ ես քաղցից մեռնում եմ»։ Մեղավորն էլ իր անկարգությունների մեջ հիշում է իր ունեցած նախկին անմեղությունն ու երջանկությունը, հիշում է Աստծուց ընդունած շնորհները, և դա լինում է իր դարձի սկիզբը։ Խորհրդածում է ու ինքն իրեն ասում. «Վա՜յ ինձ, որ ա՛յս աստիճան խեղճության մեջ ընկա. մտքիցս դուրս չի գալիս կորցրածս երջանկությունը. ամեն կողմից խիղճս ինձ տառապեցնում է, հանգիստ չունեմ ո՛չ օրվա ընթացքում և ո՛չ էլ գիշերը. շուրջս տեսնում եմ, որ բոլորն ուրախ են ու երջանիկ, միայն ես եմ, որ ախտերիցս տանջվում եմ, որոնք ինձ կապել ու կաշկանդել են. նրանք Աստծո շնորհներն են վայելում, իսկ ես զրկված եմ, նրանք սպասում են Արքայություն մտնելու, իսկ ես կորստյան եմ սահմանված. իրենք այս հույսով արդեն իսկ երջանիկ են ապրում, իսկ ես դժոխքի վախից՝ խեղճության մեջ տառապում եմ։ Ուստի, ինձ ուրիշ բան չի մնում, եթե ո՛չ միայն՝ անառակ որդու նման ճանապարհ ընկնել, փարվել հորս ոտքերին և ասել. Հա՜յր, երկնքի ու երկրի դիմաց մեղա՜ եմ ասում. ես այլևս արժանի չեմ որդիդ կոչվելու, ինձ էլ դասիր ծառաներիդ շարքին»։

Այսպես է ասում Աստծո շնորհով դարձի եկող մեղավորը. Ո՛չ, ո՛չ, այլևս չեմ կարող շարունակել այս խեղճ վիճակս. վեր կենամ, գնամ Հիսուսի ոտքն ընկնեմ և մեղքերիս թողություն խնդրեմ։

Ո՞վ կարող է բացատրել մեղավորի զգացածներն ու տագնապը, երբ սկսում է իր սխալներին անդրադառնալ։ Իր չար ախտերը, որ ներսում զորավոր են, իրեն տակնուվրա են անում, ցանկանում է դրանցից հեռանալ և չի հաջողվում. վարժվել է դրանց հետևելու և հանկարծ ինչպե՞ս հետ կանգնի դրանցից։

Բայց Աստծո շնորհը չի թողնում իրեն։ Երբ հոգին Հիսուսին է ապավինում, Հիսուսն էլ օգնում է իրեն ու անսահման քաղցրությամբ խոսելով հոգու հետ՝ ասում է. «Դժվարություններիցդ մի՛ վախեցիր, դեպի ինձ դարձիր, և ես քեզ իմ օգնությունն եմ խոստանում։ Քեզնից ավելի տկարների արածը մի՞թե չես կարող անել նաև դու, զգայարաններիդ թելադրությանը մի՛ հետևիր, որովհետև դրանք վայելք են խոստանում, բայց չեն տալիս, քանի որ ճշմարիտ վայելքը պիտի ստանաս՝ Աստծո պատվիրանները պահելով»։

Սոսկալի է դարձի եկողների ներքին պատերազմը, բայց ի՜նչ մեծ է մխիթարությունը, երբ ընդմիշտ կտրում են աշխարհի ու մարմնի հետ կապը՝ հանձնվելով Հիսուսին։ Երբ հոգին հաշտ է Աստծո հետ, այն ժամանակ կարող է ճաշակել աշխարհի անմեղ զվարճությունները։

Եվ վերջապես, անառակ որդին ինքն իրեն հաղթելով գնում է իր հոր մոտ՝ նրա ոտքերի առաջ ծնկի գալու համար։ Բայց դեռ չհասած, երբ հայրն իրեն հեռվից տեսնում է, շարժվում է գութը, վազում է, որդու պարանոցին փաթաթվում և համբուրում է նրան։

Ահա՛ այստեղ է, որ հայտնվում են Հիսուսի բարությունն ու ողորմությունը։ Երբ տեսնում է, որ մեղավոր հոգին ցանկանում է իր մեղքի ճանապարհը լքել, իրեն օգնության է հասնում և սիրտ է տալիս։ Հիսուսը չի մերժում մեղավորին, սիրով ընդունում է, համբուրում, հաշտվում է հետը, նրան կրկին պարգևում է անմեղության պատմուճանը, ուրախանում է, ամբողջ Երկինքն է հրավիրում, որպեսզի Իր ուրախությանը մասնակից լինեն՝ ասելով. «Իմ այս որդին մահացած էր և հարություն առավ»։

 

Հիսո՜ւս, ըմբռնել տուր ինձ մեղավորի վիճակը, որպեսզի սոսկամ և մեղքից զգուշանամ։

Ո՜վ Հիսուս, չեմ մոռանում այն պահը, երբ Քո շնորհը բացեց հոգուս աչքերը և ճանաչեցի խեղճությունս։ Ի՞նչ էր կյանքս՝ հեռու Քեզնից, եթե ո՛չ միայն՝ տառապանք, և անկարելի էր, որ մոտենայի Քեզ, եթե շնորհդ ձեռքիցս բռնած՝ ինձ չբերեր երկնավոր Հորդ առաջ։

Հա՜յր երկնավոր, փոխանակ ինձ արդարացի կերպով հանդիմանելու՝ այնպիսի՜ սիրով ընդունեցիր, որ երբ հիշում եմ, սիրտս գորովով է լցվում և չեմ կարող արցունքս զսպել։ Ահա՛ ոտքերիդ առջև ընկած՝ չեմ համարձակվում ո՛չ իսկ աչքերս բարձրացնել դեպի Քեզ, քանի որ արժանի եմ վտարվելու և դասվելու դատապարտյալների խմբի մեջ։ Դո՛ւ էիր, որ ինձ ոտքի կանգնեցրեցիր, գիրկդ առար, իմ բոլոր մեղքերին թողություն տվեցիր՝ մոռանալով հանցանքներս։

Ինչպե՞ս կարողացա ես այսքա՜ն բարի հորը թողնել և մեղքերով վշտացնել։ Թող նզովյա՜լ լինի ապերախտությունս, և ես առաջադրում եմ սրանից հետո կյանքս փոխել, Քեզ սիրել, ո՜վ Հիսուս, սիրույդ համար ամեն տեսակ խաչ կրել։ Ցանկանում եմ խոնարհվել, ցանկանում եմ անարգվել, տգետ կամ անպիտան նկատվել, Քո սիրո համար պատրաստ եմ կրելու ներքին ու արտաքին վշտեր, այնպես՝ ինչպես Քո սուրբ կամքն իմ համար տրամադրել է։

Միայն ուժ տուր ինձ, ո՜վ Հիսուս, քանի որ գիտես, որ ես իմ տկար ուժերով ոչինչ չեմ կարող անել։ Եթե օգնելու լինես, ամեն բանի կարող կդառնամ։ Տո՜ւր ինձ շնորհ, որպեսզի լամ մեղքերս և մինչև մահս ապաշխարողի կյանքով ապրեմ, որպեսզի մի օր գամ Երկինք և հավիտյան օրհնեմ ողորմությունդ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։