41. ՀԻՍՈՒՍԸ ՍԻՐՈՒՄ Է ՄԵԶ. ՊԵՏՔ Է ՓՈԽԱԴԱՐՁԵՆՔ ԱՅԴ ՍԻՐՈՒՅՆ – Գրադարան – Mashtoz.org

41. ՀԻՍՈՒՍԸ ՍԻՐՈՒՄ Է ՄԵԶ. ՊԵՏՔ Է ՓՈԽԱԴԱՐՁԵՆՔ ԱՅԴ ՍԻՐՈՒՅՆ

Չկա մի բան, որ սիրտդ այնքան դրդի դիմացինին սիրելու, որքան նրա կողմից քո սիրվելը։ Երբ գիտես, որ ինչ որ մեկը քեզ սիրում է, ստիպվում ես դու էլ նրան սիրելու, ի՛նչ աստիճանի մարդ էլ լինի։ Եթե բարձրաստիճան մեկն է, դե՛ռ ավելի ես ստիպվում, իսկ եթե թագավոր է, մտածիր, թե ի՛նչ աստիճանի է հասնում սերդ նրա հանդեպ։

Արդ, իմացի՛ր, որ Հիսուսը՝ Տերդ և Թագավորդ, քեզ այնքա՜ն է սիրել, որ կյանքը տվել է քո համար՝ խաչի վրա։ Կարո՞ղ ես անտարբեր մնալ Իր հանդեպ և չսիրել Իրեն։ Քեզ սիրելու համար է, որ հաստատեց Սուրբ Հաղորդությունը, որպեսզի ամբողջ կյանքիդ ընթացքում Ինքն Իրեն շարունակի քեզ տալ։

Հիսուսն այլևս չի կարող ավելի բան տալ քեզ և քեզ սիրելու համար է, որ քեզ հրավիրում է Իրեն սիրելու։ Կարո՞ղ ես անտարբեր մնալ Իր սիրո հանդեպ, կարո՞ղ ես Իրեն չսիրել։

Ո՛չ, Հիսուսին սիրելուց ավելի քաղցր, արդարացի և պատվաբեր բան չկա։ Եթե Հիսուսը մեզ արգելած լիներ Իրեն սիրել, սրանից ավելի ծանր ու անտանելի բան աշխարհում պիտի գոյություն չունենար, որովհետև դա դժոխքի կյանքին հավասար բան է։ Աղոթքով Հիսուսից խնդրիր Իր սերը՝ նախընտրելով ամբողջովին ոչնչանալ և անհետ կորել, քան Իրեն չսիրել։ Հիսուսի սրտի բոցը թող սիրտդ այրի ու սպառի։ Ափսո՜ս, որ ուշ սկսեցիր ճանաչել Նրան. պիտի կորցրածդ ժամանակը ետ բերես՝ ամբողջ սրտովդ Հիսուսին սիրելով։

 

Հիսո՜ւս, սիրելի Փրկիչս, օգնի՜ր ինձ, աղաչում եմ, ե՜կ և սրտումս բնակվիր՝ ինձ Քո սիրով լցնելով, որն աղբյուրն է սիրո, մեղրից ավելի քաղցր է և ձյունից ավելի սպիտակ։ Երկրավոր գանձը, արծաթը, ոսկին, գոհարը, պատիվը և ամեն տեսակ զվարճություն՝ Քո քաղցրության հետ համեմատելով՝ աչքիս փոշի են երևում։ Ուրիշ բան չեմ փափագում Քեզնից բացի, ցանկանում եմ Քոնը լինել և Քեզնից հավիտյան չբաժանվել։

 

Քանի որ Հիսուսն ամբողջովին Ինքն Իրեն քեզ տվեց, պետք է, որ դու էլ նույն կերպ Իրեն ամբողջապես նվիրվես։ Այս ընծան դժվարին է, բայց որքան էլ դժվարին լինի, քեզ չի վնասի. նույնիսկ եթե կորցնես բոլոր ունեցածներդ, հանգիստդ ու պատիվներդ, դարձյալ քեզ չեն վնասի, որովհետև Հիսուսին պատկանելով՝ ամենից էականն ունես։ Արդարությունը պահանջում է, որ ստացածդ սիրո փոխարեն սիրով պատասխանես։ Մեծագույն վնասդ Աստծուն կորցնելդ համարիր։

 

Արդեն վնաս և կորուստ ունեցա անցյալ կյանքիս ընթացքում, ո՜վ Հիսուս, երբ Քեզնից հեռու էի ապրում. կույր էի այն ժամանակ, չէի իմանում, թե Քո կողմից սիրված եմ։ Հիսո՜ւս, ինձ Քո շնո՜րհը տուր, որպեսզի մտքիս մեջ քանդակվեն Քո Սուրբ Չարչարանքները, որոնք իմ համար կրել ես, ողորմությունդ ու սերդ, որ ինձ ցույց ես տվել։ Այնքա՜ն տպավորվեն հոգումս, որ սիրտս չդադարի Քեզ սիրելուց։ Եթե մինչև այսօր հեռու ապրեցի Քեզնից, պատճառը սիրույդ մասին չմտածելս էր. գիտեի, թե կամքիդ դեմ եմ գործում և սակայն մեղանչելուց չէի դադարում։ Բայց այսուհետև հանձն եմ առնում մահանալ, քան Քո դեմ մի բան անել։ Հիսո՜ւս, պիտի չհամարձակվեի մեղքերիս համար թողություն խնդրել, եթե ներելու համար կյանքդ իմ համար տված չլինեիր։ Մահացար խաչի վրա, որպեսզի Քեզ սիրեմ։ Այլևս ուրիշ փափագ չունեմ, եթե ո՛չ միայն՝ սիրել Քեզ և սիրվել Քո կողմից։ Մոռացի՜ր Քո դեմ կատարածս մեղքերը, նկատի մի՛ առ ապերախտությունս, շարունակի՜ր ինձ սիրել, որպեսզի կարողանամ ես էլ Քեզ սիրել։ Գիտես տկարությանս չափը, օգնի՜ր ինձ։ Տե՜ր Հիսուս, ինձ շնո՜րհ տուր, որ կյանքիս ընթացքում և հատկապես մահվանս պահին կարողանամ ասել. «Տե՜ր Աստված, Դու ես իմ ամեն բարիքը»։

 

Պետք է, որ դու քեզ ամբողջովին Հիսուսին տաս՝ առանց քեզ որևէ բան պահելու. դու ի՛նչ էլ որ ընծայես Աստծուն քեզնից դուրս, ոչինչ է։ Ճգնություն, զգայարանների սանձում, խաչակրություն, նույնիսկ կյանքդ տաս, ոչինչ են, որովհետև դու ինքդ ոչնչություն ես՝ Աստծո մեծության համեմատ։ Ոչինչ ես դու և դու քեզնից ոչինչ չես կարող անել. ի՛նչ էլ որ անելու լինես, Աստծուց է. ինչպե՞ս կարող ես Աստծո իրավունքը հափշտակել։ Երբ Հիսուսը քեզնից պահանջում է սիրտդ, ուրիշ բան չի ուզում, եթե ո՛չ միայն այն, ինչը որ արդեն Իրեն է պատկանում։ Ի՞նչ մեծ բան արած կլինես, երբ Իրենն Իրեն վերադարձնես։ Դու Աստծո համար ի՛նչ էլ անելու լինես, միշտ պիտի պակասավոր մնաս, իսկ եթե կամավոր կերպով չցանկանաս Աստծուն բան տալ, պիտի ինքդ քո խեղճության մեջ մնաս։ Պիտի ամոթ զգաս, որ Հիսուսի կողմից քո համար արվածների փոխարեն ոչինչ չունես Իրեն տալիք։ Հիսուսը քեզ սիրել է և դեռ սիրում է Աստվածային Սրտի ընդարձակությամբ. սրա համեմատությամբ՝ ի՞նչ է քո սերն Իր հանդեպ։

 

Հիսո՜ւս, չեմ ցանկանում ապերախտ լինել Քո այսքա՜ն բարիքների փոխարեն։ Տե՜ր Հիսուս, սիրտս ամբողջությամբ ընդունի՜ր. իմացիր, որ ոչինչ ինձ չեմ ցանկանում պահել։ Դու, որ կարդում ես սրտերը, գիտես, որ սիրում եմ Քեզ ավելի, քան երկրի ու Երկնքի բոլոր բարիքները. գիտես, որ ցանկանում եմ ամբողջովին Քոնը լինել՝ առանց ինձ որևէ բան պահելու։ Սիրտս ինձ չի պատկանում այլևս, այլ՝ Քեզ. բժշկի՜ր այն, որպեսզի Քեզ արժանի ընծա լինի, և թույլ մի՛ տուր, որ ընկնի իր նախկին խեղճության մեջ։ Ինձ շնո՜րհ տուր, որ ամեն օր իմ այս ընծան նորոգեմ, որպեսզի կարողանամ ասել, որ ես հավիտյան Քեզ եմ պատկանում։ Թող Երկինքն ու երկիրը, անգամ դժոխքը վկա լինեն, որ ես Քեզ եմ պատկանում, և Քո շնորհով հույս ունեմ այնպես մնալ, որ միշտ Քո զավակը լինեմ, Քո սիրելին։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։