ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ներքին մղումների սանձումը – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ներքին մղումների սանձումը

Եթե Հիսուսը քեզ սիրելու համար այսքա՜ն փափագ ունեցավ կրելու և չարչարվելու, դու էլ այսօր գտիր առիթն Իր սիրո համար ինչ որ մի նեղություն կրելու։ Իմացի՛ր, որ առանց ներքին մղումների սանձման չես կարող կատարելության մեջ առաջանալ, և ունեցածդ սրբությունը կմնա սոսկ արտաքին դիմակ։ Ներքին մղումների սանձումը նշանակում է հաղթել անձնասիրությանդ, բայց հաջողելու և երջանկության հասնելու համար պիտի լուրջ պատերազմ մղես։ Եթե ցանկանում ես սրբության ճանապարհի մեջ առաջանալ և սրտումդ Հիսուսի սերը վառել, կարևոր է, որ հետևյալ ջանքերը գործադրես.

 

ա) Սանձի՛ր բնական հոժարություններդ

Որևիցէ գործ մի՛ կատարիր զուտ այն բանի համար, որ քո կամքին համաձայն է, որևիցէ բանից մի՛ հրաժարվիր, երբ կամքիդ հակառակ է։ Ջանա՛ կատարել ուրիշների ցանկացածը, երբ մեղքի մասին չէ խնդիրը։ Երբեմն օրինավոր բաներից էլ հրաժարվի՛ր, որովհետև պարզապես կամքիդ համաձայն է։ Հաճախ Աստծուց խնդրիր, որ քեզ օգնի, որպեսզի հաղթես ինքդ քո կամքին։ Սա ամենադժվարին սանձումն է։

 

բ) Սանձի՛ր կամքդ

Մի՛ կատարիր քո կամքը, այլ՝ վերադասինդ։ Դու քո համար պաշտոն կամ գործ մի՛ որոշիր, թո՛ղ, որ ուրիշները որոշեն։ Երբ ինչ որ մի բան կատարելու ուժգին փափագ զգաս, իսկույն դա մի՛ ձեռնարկիր։ Մի՛ ցանկացիր փախչել, երբ ուրիշին ենթարկվելու հարց լինի։ Իմացի՛ր, որ ավելի հեշտ է հնազանդվելը, քան հրամայելը։

 

գ) Սանձի՛ր անձնասիրությունդ

Անձնասերը միշտ ինքն իր մասին է մտածում, ինքն իր համար է ամեն բան անում, ինքն իր մասին մեծ համարում ունի՝ կարծելով, թե շատ կատարելություններ ունի. այնպես է կարծում, թե բոլորն իր մասին են մտածում։ Նա չի՛ կարող հավանել մյուսների արածները. ամեն գործի խառնվում է, շարունակ գովասանքի է սպասում։ Չի կամենում ուրիշի ենթարկվել, բայց ցանկանում է, որ ամենքն իրեն հնազանդ լինեն, չի ցանկանում, որ որևէ մեկն իր կարծիքի դեմ արտահայտվի, սիրում է հրամայել՝ կարծելով, որ մեծ հատկություններով է օժտված։ Կամենում է, որ իրեն գովեն, բոլոր գործերը կատարում է՝ գովասանք լսելու համար, սակայն չի ցանկանում, որ մնացածն իմանան, որ ինքը գովասանքի հետամուտ է։ Չի սիրում ուրիշների վերաբերյալ գովասանք լսել, և երբեմն, երբ մյուսներին է գովում, իր սեփական անձի օգտի կամ էլ նրանից իր հասցեին գովասանք լսելու համար է։ Անարգանքից սաստիկ վախենալով՝ իր թերությունները ծածկում է։ Հետամուտ է իր հանգստին, առանց ուշադրություն դարձնելու, որ իր շրջապատի մարդկանց է անհանգստացնում։ Իր ամենից փոքր ցավն իր համար մեծ է, իսկ շրջապատի մարդկանց կրածների հանդեպ անտարբեր է։

Այս ամենի հետքերը գտիր նաև ինքդ քո մեջ, որպեսզի ազատվես անձնասիրությունից, և ինքդ քո առաջ հաստատուն առաջադրություն դիր, որպեսզի հարատև պայքարով ազատվես դրանից։

 

դ) Սանձի՛ր ախտերդ

Ամենից առաջ պետք է պայքարես գլխավոր թերությանդ դեմ. եթե կարողանաս դրան հաղթել, այնուհետև հեշտ կլինի հաղթել մյուս բոլոր թերություններիդ։ Գլխավոր թերությանդ դեմ հաղթական լինելու համար դու ինքդ քո հանդեպ ներողամիտ մի՛ եղիր, որքան էլ որ թերությունդ փոքր կարծես։ Միշտ ինքդ քեզ կասկածիր. մի՛ կարծիր, որ դու ինքդ քեզ հաղթել ես և վերջնական հաղթանակ տարել, երբ որևէ փոքրիկ աշխատանքից հետո լավ արդյունքներ ես տեսնում։ Քանի դեռ ողջ ես, թերություններդ կրկին կարող են գլուխ բարձրացնել, և երբ կկարծես, թե դրանք սանձված են, հանկարծ կապստամբեն։

Թեև շատ աշխատանք և պայքար պիտի մղես թերություններդ մահացնելու համար, սակայն մտածի՛ր, որ այս կյանքը կարճատև է, և հավիտենական վարձատրությունը քեզ է սպասում։ Չես կարող Արքայություն մտնել առանց ջանքի ու աշխատանքի։ Հիշի՛ր, որ երբ սկսես հոգևոր ներքին պատերազմդ, քեզ օգնության կհասնի նաև Աստծո Շնորհը, և գործդ կթեթևանա, քանի որ սրտի խաղաղություն կստանաս և քո համար առաքինի կյանքը քաղցր կդառնա։ Որքան էլ աշխատելու լինես, միևնույնն է, դա քիչ է՝ Հիսուսին և Նրա Արքայությանը հասնելու համար։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։