ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սիրել առանձնությունը – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սիրել առանձնությունը

Ամբողջ կյանքումդ, հատկապես այսօր, սիրի՛ր առանձնությունը։ Եթե ֆիզիկապես չկարողանաս առանձնանալ, գոնե մտքովդ ու հոգովդ քաշվիր և ամփոփվիր՝ դու քեզ դնելով Հիսուսի Սուրբ Սրտի ու վերքերի մեջ։ Եթե փորձություն ու դժվարություն ունենաս, Իրե՛ն դիմիր։

Շատերը չեն առաջադիմում սրբության կյանքում, որովհետև դեռ առանձնության ու ներքին լռության համը չեն առել։ Նրանք ցանկանում են սիրել Հիսուսին, բայց միաժամանակ այնպիսի կերպով են զբաղվում աշխարհով և դրա հետ կապված բաներով, որ հեռանում են Հիսուսից։ Սիրում են աղմուկը, աշխարհային տեսարանները, աշխարհային երաժշտությունը, աշխարհականների սիրած հեռուստացույցի ծրագրերը, ... սրտները կապվում է դրանց, և հետևաբար՝ վախենում են ու փախչում Հիսուսի հետ առանձին մնալուց։ Մի՛ նմանվիր նրանց, և եթե անկեղծ է Հիսուսին սիրելու փափագդ, սիրի՛ր նաև առանձնությունը։ Երբ ֆիզիկապես մենակ մնաս, Հիսուսն է, որ կգա քո հետ ընկերություն անելու։

Հոգևոր լռության մեջ է միայն, որ կարող ես գտնել Հիսուսին, Նրան սիրելու արվեստը, մեղքերիդ վրա լալու սուրբ ժամը, ապաշխարելու փափագը, մեղքերն ատելու զգացումը։ Այնտեղ է, որ պիտի սովորես, թե երկրային կյանքը որքա՜ն համառոտ է, և որքա՜ն երկար՝ հավիտենականությունը, աշխարհի ունայն լինելը, հարստության ու պատվի՝ ծխի նման անցավոր լինելը։

Առանձնության ու լռության մեջ է, որ Հիսուսը պիտի խոսի սրտիդ հետ, պիտի կարողանաս ամբողջ սիրտդ Նրան բացել՝ փառավորելով Իր ողորմությունը քո հանդեպ, ճաշակելով Իր քաղցրությունը։ Այնտեղ է, որ մտածելով Երկնքի մասին՝ պիտի կարողանաս սիրտդ անջատել աշխարհից։

Երանի՜ քեզ, եթե իմանաս լռության հարգը, որովհետև դա նշանակում է, որ գտել ես Հիսուսի հետ մենակ մնալու գաղտնիքը, որը միակ ճշմարիտ ուսումն է այս աշխարհում։

Խնդրի՛ր Հիսուսին, որ քեզ պարգևի առանձնության շնորհը, որ որքան էլ շրջապատված լինես մարդկանցով ու աղմուկով, կարողանաս հոգուդ մեջ ստեղծել լռության մի անկյուն՝ Հիսուսի հետ առանձին ապրելու համար։

Աղոթքով խնդրիր այս շնորհը, բայց իմացի՛ր նաև, որ շնորհն ընդունելու համար դու էլ պետք է ջանք անես և սիրես առանձնությունը՝ առանց, սակայն, պարտականություններիդ մեջ թերանալու։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։