ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Երանի՜ սգավորներին – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Երանի՜ սգավորներին

Ո՜վ բարի ընթերցող, մտածիր Հիսուսի այս խոսքերի շուրջ. «Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն» (Մտթ 5, 4)։ Սգալու և լացելու որքա՜ն պատճառներ ունես։

Նախ պետք է լացես մեղքերիդ համար։ Արդյո՞ք կյանքիդ մեջ գոնե մի անգամ լացել ես այդքա՜ն ծանր մեղքերիդ համար, որոնք գործել ես՝ Հիսուսին մահ պատճառելով, և դրանց համար թերևս դժոխքի էլ էիր սահմանված։ Կարո՞ղ ես ապահով լինել, թե մեղքերդ ներված են. կարո՞ղ ես իմանալ՝ արդյոք ատելությա՞ն ես արժանի, թե՞ սիրո։

Պողոս Առաքյալը, չիմանալով, դողում էր. ուրիշ Սրբեր՝ սարսափում էին։ Իսկ դու վախ չունես և, սակայն, սրանք վախենալու և մեղքերիդ վրա լացելու պատճառ են։

Երկրորդ, պիտի լացես նաև ուրիշների մեղքերի համար։ Հա՞յր ես, մա՞յր ես, եղբայրներ և քույրե՞ր ունես. պիտի լացես նրանց մեղքերի համար, որոնց պատճառը թերևս դու ես՝ քո չար օրինակով։ Եկեղեցական կյանքի մե՞ջ ես, քո մերձավորների մեղքերի քավության համար հոգածություն ունեցիր, որովհետև նրանց հետ մի մարմին ես կազմում։ Ամենքս էլ պիտի լացենք մեր եղբայրների ու քույրերի մեղքերի համար, որովհետև դրանք պատճառ են եղել, որ Աստված վշտանա։

Երրորդ, պիտի լացես քո ապրած կյանքի համար, որովհետև կարող ես ամեն վայրկյան կորցնել Աստծո շնորհը։ Ունեցածդ շնորհը դյուրաբեկ ամանի մեջ է գտնվում. քանի՜ հոգիներ քեզնից առաջ կորցրել են այդ շնորհը և կրկին չեն կարողացել գտնել։

Միշտ փորձությունների մեջ ես. մարմինը, աշխարհը և սատանան շուրջբոլորդ են. ամեն վայրկյան կարող ես կորցնել հավիտենական փրկությունդ և դատապարտվել։

Լացի՜ր, ուրեմն, պանդխտությունդ։ Այսօր քո մյուս մտածություններդ մի կողմ դիր և զղջման աղոթքներ արա։ Մտածիր անցյալ մեղքերիդ մասին և աղոթիր «Ողորմի՜ր ինձ, Աստված» սաղմոսը, որպեսզի հոգիդ ստանա Դավիթ Մարգարեի զղջման հոգին։ Հոգեպես լացիր և մի՛ դադարիր լացել։ Սովորիր Հիսուսից, որ լացեց մեր մեղքերի համար։ Լաց եղիր և կզգաս, քիչ ժամանակ անց կտեսնես, թե որքա՜ն քաղցր է զղջման և արցունքի մխիթարությունը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։