46. ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ – Գրադարան – Mashtoz.org

46. ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Արքայությո՜ւն, Երկնքի Արքայությո՜ւն։ Այդ գեղեցիկ բնակավայրի մասին մտածելով միայն՝ սիրտս մխիթարությամբ է լցվում և չեմ կարողանում արցունքներս զսպել։ Երբ Արքայության մասին եմ մտածում, քաղցր է թվում Հիսուսին ծառայելը, ըմբռնում եմ, որ անհնարին է համեմատել կրածս վշտերը և դրանց փոխարեն պատրաստված վարձատրությունը։ Երբ Արքայության մասին եմ մտածում, նեղություններս թեթևանում են, նախատինք կրելը փառք եմ համարում և ամեն տեսակ խաչ քաղցրանում է։

Ո՜վ Արքայություն, ո՞վ կարող է պատմել քո ի՛նչ լինելը։ Դավիթ Մարգարեն գոչում է՝ ասելով. «Որքա՜ն սիրելի են օթևաններդ, Զորությունների՜ Տեր» (հմմտ. Սղմ 83, 2)։ Պողոս Առաքյալը մինչև երրորդ երկինք հափշտակված լինելով՝ պիտի որ պատմեր մեզ իր տեսածները, բայց միայն ասում է. «Լեզվով անհնարին է պատմել, մարդ երբեք նման բան չի լսել և մարդու մտքով չի կարող անցնել, թե Աստված ի՛նչ է պատրաստել Իր սիրելիների համար» (հմմտ. 1Կր 2, 9)։

Բայց որքան որ չենք կարող ըմբռնել Արքայության գեղեցկությունը և թե այն ինչի՛ մեջ է կայանում, մարդկային խեղճ բառերով ասենք, որ այն նմանվում է գեղատեսիլ անտառում կառուցված թագավորական մի պալատի, որտեղից միայն ուրախության ձայներ են լսվում և որտեղ բնակվող երանելի հոգիները երգի նոր տեսակներ են եղանակում։ Ամենուրեք անուշահոտ քաղցր բուրմունքներ, խաղաղություն, ուրախություն, ինչին մարդկային միտքը հասու չէ։ Այնտեղ օրը չի ավարտվում, խավար գիշեր գոյություն չունի։ Այնտեղ տիրում է միությունը, որն ամեն ինչ սրտով իրար է միացնում. այնտեղ վախ չկա։ Այնտեղ հավիտյան երջանիկ լինելու վայրն է, անպատմելի քաղցրության վայրը, որտեղ արդարների հոգիներն են փայլում։

Որքա՜ն քաղցր պիտի լինի Հրեշտակների պարերի մեղեդիները լսելը՝ Նահապետների ու Մարգարեների ներկայությամբ, Առաքյալների ու Մարտիրոսների հետ, Հայրապետների ու Կույսերի հետ, որտեղ Աստվածամայրը միշտ ներկա է։ Որքա՜ն երջանիկ կյանք է, որտեղ չկա վախ, տրտմություն, ձանձրույթ, վիշտ, մտահոգություն։

Այնտեղ կա միայն մխիթարություն, զվարճություն, ուրախություն, որտեղ հոգիները երգում են Ամենասուրբ Երրորդության փառքը, որտեղ իրենց առջև տեսնում են Նրան հոգու աչքերով, երես առ երես։ Այնտեղ է նաև Հիսուսը, Իր փառավորյալ Մարմնով, Իր սքանչելի փառքով։

Երկրի վրա հոգեկան ուրախություն ենք զգում՝ տեսնելով աստղերի մեծությունը, զանազանությունը, շարժումներն ու լույսը, հոգեպես բացվում ենք՝ տեսնելով արևի լույսն ու ջերմությունը, լուսնի գիշերային գեղեցկությունը։ Մի զարմանալի ուրախություն ենք զգում՝ բազմագույն թռչուններ, ծաղիկներ տեսնելով և կամ երբ գեղեցիկ երաժշտություն ենք լսում։ Մեզ հաճույք է պատճառում համեղ կերակուրը, զով ըմպելիքը ... ։

Բայց ի՞նչ են այս բոլորը՝ համեմատությամբ այն ուրախությունների ու վայելքների, որոնք Աստված պատրաստել է Իր սիրելի հոգիների համար, այսինքն՝ նրանց տալու է հե՛նց Ինքն Իրեն, Ով պատճառն ու աղբյուրն է բոլոր այդ ուրախությունների։ Այնտեղ ամենամեծ երջանկությունը հավիտյան Ամենասուրբ Երրորդությանն օրհնելն է։

 

Ո՜վ Արքայություն, բնակարանն իմ Արարչի ու Փրկչի, սիրում եմ քեզ և սրտանց քեզ եմ փափագում, քո մասին մտածելն իմ համար երջանկություն է։ Հյուծվում, մաշվում եմ քո սիրով, որովհետև միայն դու կարող ես ինձ իմ Արարչին տալ։ Երանի՜ թե հենց հիմա կարողանայի քեզ հասնել, որպեսզի ամբողջ սրտովս սիրեմ Նրան։ Ե՞րբ պիտի ավարտվի այս երկրավոր պանդխտությանս օրը, ե՞րբ պիտի ազատվեմ այս աքսորի վայրից, որտեղ չեմ կարողանում հարկ եղածի պես սիրել իմ Տիրոջը։ Հիսո՜ւս, իմ սիրելի՜ Փրկիչ, երկար ժամանակ Քեզնից հեռու մնացի ու մոլորվեցի, բայց Դու ինձ ողորմեցիր և կրկին ինձ գտար։ Քո այդ նույն ողորմությունից եմ խնդրում. գո՜ւթ ունեցիր խեղճությանս հանդեպ և տե՜ս հոգուս արցունքները, և տո՜ւր ինձ Արքայությունդ, որպեսզի սիրեմ Քեզ այնպես, ինչպես Քո սերն արժանի է։

 

Համբերի՛ր, ո՜վ իմ հոգի, որովհետև Հիսուսը խոստացել է, որ ավարտվելու է այս աքսորանքի կյանքը և վերջ է գտնելու պանդխտությունը։ Սիրո՛վ համբերիր աշխարհի նեղություններին, հավատարմությա՛մբ կատարիր պարտականություններիդ, քեզ ներկայացած խաչերը քաջությա՛մբ կրիր։ Հիսուսը պատրաստել է քո վարձատրությունը, և ինչպիսի՜ վարձատրություն։ Հիսուսն Իր ձեռքին փառքի պսակն ունի և քեզ է սպասում։

Ո՜վ երկինք, միայն մի պահ բացվի՜ր իմ առջև, որպեսզի տեսնեմ որևէ մի արդար հոգու այնտեղ ներս մտնելը։ Այդ հոգին իր անմեղության սպիտակ պատմուճանը հագած, հոգևոր պատերազմից ստացած սպիերը վրան, հոգեկան պայքարներով շահած գոհարներով զարդարված, գործած մեղքերի փոխարեն կրած ապաշխարություններով գեղեցկացած՝ առաջանում է իր պահապան հրեշտակի ընկերակցությամբ, որն իրեն ներս է հրավիրում՝ ասելով. «Մտի՜ր, Աստծո սիրելի հոգի, այստեղ է քո հավիտենական հանգստավայրը»։

Այդ պահին ի՞նչ է զգում հոգին, երբ երջանիկ կերպով մուտք է գործում իր Հավիտենական Հայրենիքը, ինչին այնքա՜ն փափագել էր և երկրի վրա նրա գեղեցկությունը տպավորել էր իր հոգում։ Հրեշտակներն ու Սրբերը իրեն ընդառաջ են գալիս՝ ողջունելու և շուրջը հավաքվում են իր ընտանիքի անդամները՝ իրեն երանի՜ տալով. ճանաչում է իր հորը, մորը, եղբայրներին, քույրերին և բոլոր սիրելիներին, ովքեր իրենից առաջ էին մտել այդ երջանիկ Քաղաքը։ Ճանաչում է իր Պաշտպան Սրբերին և բոլոր նրանց, ովքեր օգնեցին իրեն՝ հասնելու փրկության, և անպատմելի ուրախությամբ է լցվում։

Առաջանում է երանելի հոգիների միջով, և Պահապան Հրեշտակն իրեն տանում է Սուրբ Աստվածածնի մոտ։ Ո՞վ կարող է երևակայել իր հիացումը, ուրախությունն ու հոգեկան ուրախությունը, երբ տեսնում է Աստվածամորը, ում այնքա՜ն սիրում էր երկրի վրա և ում ապավինել էր։ Ո՞վ կարող է երևակայել իր երախտագիտությունը՝ այնքա՜ն շնորհներ նրա ձեռքից ընդունած լինելու համար։

Սուրբ Աստվածածնի ձեռամբ հոգին ներկայանում է Հիսուսին, Ով բարեգութ ժպիտով ընդունում է իրեն՝ ասելով. «Ե՛կ, սիրելի՜ս, ձմեռդ անցավ, նեղությունների անձրևը դադարեց, վարդերը բացվեցին, ծաղիկները սկսեցին տեսնվել, տատրակների ձայնը լսվում է դաշտերում, թզենին բողբոջեց, այգիները ծաղկեցին և սկսեցին բուրել։ Ուրեմն, այստե՛ղ եկ, սիրելի՜, ե՛կ, սիրելի աղավնիս, երևա՛ ինձ, լսեմ ձայնդ (հմմտ. Երգ 2, 8-14). ե՛կ, որ հանգչեմ սրտիդ մեջ և դու վայելես այն երջանկությունը, որ քեզ խոստացել եմ։ Ե՛կ, քո այնքա՜ն աշխատանքներից հետո վայելելու Հրեշտակներիս հետ քո Սերը, տեսնելու Նրան երես առ երես՝ Նրան հավիտյան սիրելու համար»։

Այս խոսքերով Հիսուսն օրհնում է հոգուն՝ նրա գլխին փառքի պսակ դնելով, նրան բազմեցնելով այն գահին, որ պատրաստել է իր համար։ Այդ պահին Հրեշտակներն ու Սրբերը փառք են տալիս Աստծուն՝ ասելով. «Օրհնությո՜ւն և փա՜ռք մեր Տեր Աստծուն, հավիտյանս հավիտենից. ամեն» (հմմտ. Հյտ 7, 12)։

 

Ո՜վ քաղցր Հիսուս, վերջնական կերպով հեռացրո՜ւ ինձնից աշխարհային սնոտի հաղթանակները, սուտ փառքերը, որոնց ամենևին չեմ փափագում այլևս, և հույս ունեմ, որ Քո ողորմությամբ՝ դրանք այլևս երբեք չեն գրավի սիրտս։ Երկնքի փառքի հիշատակը դրոշմի՜ր հոգուս վրա, որպեսզի ամեն երկրավոր փառք իմ համար ատելի ու տաղտկալի դառնա։ Երկնքից բացի, ուրիշ բան չեմ փափագում, Տե՜ր Հիսուս, որովհետև այնտեղ պիտի կարողանամ Քեզ սիրել, այնտեղ պիտի Քո ձեռամբ թագադրվեմ։ Այնտեղ սիրտս պիտի հագենա Քեզնով և Երկնավոր Մորս ժպիտով, այնտեղ պիտի կատարվեն հոգուս բոլոր փափագները։ Այնտեղ Քո Դեմքը տեսնելով՝ պիտի դադարեն լացս ու ցավս, ոչ մի նեղություն և ոչ մի հիվանդություն չպիտի ունենամ, այլևս մահվանից չպիտի վախենամ։

Տե՜ր Հիսուս, եթե երկրի վրա այսքա՜ն քաղցր է Քո մասին խոսելն ու հուսալը, որ Արքայության մեջ Քեզ պիտի տեսնեմ ու վայելեմ, ի՞նչ պիտի լինի, ուրեմն, երբ բոլոր Հրեշտակների ու Սրբերի հետ միասին հետդ ապրեմ՝ հիշելով անցյալ վտանգավոր կյանքս և Քո անչափ ողորմությունը։ Այնժամ պիտի կարողանամ ասել. «Անցա ես կրակի ու ջրի միջով, և դու ինձ հանգստին հասցրեցիր» (Սղմ 65, 12)։ Եթե երկրի վրա մի քանի տարի ծնողներիս ու սիրելիներիս տեսնելով այսքա՜ն ուրախանում եմ, ի՞նչ է լինելու այն ուրախությունը, երբ Քեզ տեսնեմ, Տե՜ր Հիսուս, սիրելիներիս Սիրելին, Ումից հավիտյան չեմ բաժանվելու։

 

Այնտեղ պիտի տեսնենք Աստծուն, ինչպես որ Է. ո՞վ կարող է երևակայել Նրա գեղեցկությունը։ Հիանում ենք ծաղիկների գույնով և գեղեցկությամբ, զարմանում ենք երկրի գեղեցկություններով, որն Աստված մեզ իբրև բնակարան է տվել՝ ծաղկավետ դաշտերով, դալարագեղ պտղալից ծառերով, աղբյուրներով ու գետերով ... ։ Բայց այս ամենն ի՞նչ են՝ իրենց Ստեղծողի գեղեցկության դիմաց։

Սքանչանում ենք՝ տեսնելով մի գեղեցիկ անտառ՝ քաղցրաձայն թռչուններով լի, որոնց երգը խառնվելով տերևների խշշոցին ու ջրերի կարկաչին, մի անույշ զմայլում են բերում մեր վրա։ Գեղեցիկ է անհուն ծովը, որ երբեմն ալիքներով է ծածկվում, և կամ հայելու նման երկնքի կապույտը ցոլացնում է իր մեջ. նույն ծովը երբեմն զայրացած ալիքներով բարձրանում է՝ ժայռերին զարնվելով, ստեղծելով մի վայրի գեղեցկություն։ Բայց այս ամենն ի՞նչ են՝ իրենց Ստեղծողի դիմաց։

Գեղեցիկ է արշալույսը, որ ամեն առավոտ մեզ ավետում է արևի ծագումը և արևելքը գեղեցիկ է դարձնում։ Հիանալի է արևը, որ հսկայի նման քայլում է երկնակամարով՝ ամբողջ աշխարհին պատմելով Աստծո փառքի մասին։ Բայց սա էլ ի՞նչ է՝ Աստծո գեղեցկության դիմաց։

Գեղեցիկ է ամառվա երեկոն, երբ արևը մայր է մտնում՝ երկրի վրա սփռելով իր ոսկեգույն վերջին ճառագայթները, ոսկի ներկելով երկնքի ամպերը, մյուս կողմից սկսում է լուսինը բարձրանալ և երկնքի կամարը սկսում է զարդարվել անթիվ աստղերով։ Սքանչելի՜ տեսարան, և ո՞վ գիտի, թե քանի՜ անգամներ դու էլ Դավիթ Մարգարեի հետ կրկնել ես. «Որքա՜ն մեծ են ձեռքերիդ գործերը, ո՜վ Տեր» (Սղմ 91, 6; 103, 24)։ Բայց սրանք ի՞նչ են՝ Աստծո մեծության դիմաց։

Ո՛չ, ո՛չ, Աստծո մեծությանն ու գեղեցկությանը ո՛չ մի բան չի հավասարվում. այն բոլորովին հոգեղեն է և մարմնավոր գեղեցկությունը չի կարող բացատրել դրա սքանչելիքները։ Եթե Աստծո գործերն այսքա՜ն մեծ, այսքա՜ն գեղեցիկ և այսքա՜ն սքանչելի են, ինչպիսի՞ն է լինելու հենց Նա Ինքը. եթե մեզ այսքա՜ն ուրախություն են պատճառում Իր ստեղծած գեղեցկություններն, որոնք արարվածներ են և Իր կատարելության համեմատ՝ ստվերի են հավասարվում, ի՞նչ պիտի լինի, երբ տեսնենք Նրան երես առ երես։

 

Ո՜վ Հիսուս, հավիտյան օրհնյա՜լ լինես, որ բարությամբդ ստեղծել ես Արքայությունը, այդ երկնային հավիտենական Քաղաքը, որտեղ միայն պայծառություն կա և բացակա է խավարը, որտեղ Քո աստվածային իմաստությունն Իր մշտնջենավոր ճառագայթներով լուսավորում է Հավիտենական Օրը՝ ստեղծելով ուրախության և հանգստի վայրը։ Հիսո՜ւս, ե՞րբ պիտի ծագի նաև իմ համար այդ Օրը, ե՞րբ պիտի ավարտվի իմ այս թշվառ կյանքը, ե՞րբ պիտի ազատվեմ իմ այս խեղճություններից։

Հիսո՜ւս, իմ Փրկիչ, ե՞րբ պիտի լինի, որ տեսնեմ Քեզ և զմայլվեմ Քեզնով՝ Արքայությանդ փառքի մեջ, ե՞րբ պիտի մոտդ հասնեմ՝ վայելելու այն, ինչ որ պատրաստել ես Քո սիրելիների համար։ Խեղճ ու աղքատ եմ ես, գտնվում եմ աքսորում, օտար երկրում, որտեղ պատերազմ կա և ամեն տեսակ չարիք։ Մխիթարի՜ր ինձ, թեթևացրո՜ւ սրտիս տագնապը, Քեզ ըղձալով է, որ միշտ հառաչում եմ։ Աշխարհի մխիթարությունները չեն լիացնում հոգիս, ընդհակառակը՝ վշտացնում են։ Հոգիս միայն Քեզ է փափագում, Արքայությունդ է ցանկանում, որպեսզի այնտեղ Քեզ հավիտյան սիրեմ։

Նույն այդ Արքայությունը շնորհի՜ր նաև ծնողներիս ու ազգականներիս, ընկերներիս ու բոլոր մերձավորներիս. նաև նրանց, ովքեր երկրի վրա ընթանում են դժոխքի եզերքով՝ սիրելով երկրի խեղճությունները. որպեսզի ամենքս այնտեղ միացած, մեկ սիրտ և մեկ հոգի դարձած, ամեն խեղճությունից մեկընդմիշտ ազատված, հավիտյան օրհնենք Քեզ Արքայությանդ մեջ։ Ամեն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։