27. ՀԻՍՈՒՍԸ ԳԱՄՎՈՒՄ Է ԽԱՉԻՆ – Գրադարան – Mashtoz.org

27. ՀԻՍՈՒՍԸ ԳԱՄՎՈՒՄ Է ԽԱՉԻՆ

Երբ Հիսուսը հասնում է Գողգոթա, ուր պիտի Իր զոհը լրացներ՝ տալով մեզ սիրելու մեծագույն ապացույցը, զինվորներն ու հրեաները շունչ առնելու ժամանակ չեն թողնում։ Վրայից քաշում են զգեստը, որ կպած էր վերքերին, և Նրան նետում են խաչի վրա, որպեսզի գամեն։

Հիսուսը չի դիմադրում, թույլ է տալիս, որ ոտքերն ու ձեռքերը քաշեն, թողնում է, որ փշե պսակը կրկին գլխի վրա սեղմեն։ Անմեղ գառան նման լուռ է մնում՝ առանց ձայն հանելու, աչքերը Երկինք է բարձրացնում, մեզ սիրելու համար Իր ցավերն ու կյանքը նվիրում է Հորը։ Նրա ձեռքերն ու ոտքերը գամում են խաչին և այն պարաններով քաշելով ու վեր բարձրացնելով՝ կանգնեցնում են փոսի մեջ։ Ո՞վ կարող է երևակայել այդ սոսկալի ցավերը ... ։

 

Ի՛մ համար կրեցիր այդ բոլորը, Տե՜ր իմ Հիսուս, ի՛մ համար, որ այսքա՜ն ապերախտ եմ Քո հանդեպ, ի՛մ համար, որ այսքա՜ն գաղջ եմ Քեզ ծառայելուս մեջ։ Տե՜ր, աղաչում եմ Քեզ, ահա՛ հոգով ծնկի եկած խաչելությանդ դիմաց՝ ներողություն եմ խնդրում կատարածս մեղքերի համար. ողորմի՜ր ինձ՝ խեղճ մեղավորիս։

 

Ո՜վ իմ հոգի, տե՛ս Տիրոջդ խաչի վրա. տե՛ս, թե ինչպե՛ս խաչին գամված՝ չունի մի դիրք, որ հանգիստ գտնի։ Հենվի ձեռքերի՞, թե՞ ոտքերի վրա. երկու ցավերն էլ, մեկը մյուսից ավելի սոսկալի, ավելի են պատռում վերքերն այդքան ծանրության տակ, իսկ գլուխը որ կողմ էլ դարձնի, փշերը խորը մտնում են մարմնի մեջ։

Եթե հարցնելու լինես Հիսուսին, թե ինչո՞ւ այսքան սոսկալի չարչարանքներով կամեցավ մահանալ, պիտի լսես Իր ձայնը, որ ասում է. «Որդյակ, քեզ սիրելուս համար, քեզ սիրելս է, որ ինձ գամել տվեց խաչին։ Անպատմելի է կրածս ցավը, բայց եթե կարիք լիներ, մինչև աշխարհի վերջն էլ պատրաստ եմ այդպես չարչարվել, որպեսզի դու փրկության հասնես։ Ամեն անգամ, որ Սուրբ Պատարագ է մատուցվում, վերանորոգում եմ Զոհս։ Քեզ ա՜յս աստիճանի եմ սիրում, դու իմ համար այսքա՜ն հարգի ես»։

 

Հիսո՜ւս, Քո այս խոսքերն ինձ ամոթով են թողնում. Դու ինձ ա՜յս աստիճանի ես սիրում, իսկ ես որքա՜ն ապերախտ եմ Քո հանդեպ։ Ա՜հ, բա՛ց սիրտս, բա՛ց միտքս, որպեսզի զգամ և ըմբռնեմ այն գութը, որ ունես իմ հանդեպ։

 

Որդյակ, քո փոխադարձ սերը բավական է ինձ. եթե ուզում ես սիրույս համապատասխանել, ինձ վերապահիր սերդ և մի՛ կապվիր ուրիշ որևէ բանի. փափագիր միայն ինձ, փափագի՛ր, որ Արքայության մեջ ինձ վայելես և ինձնով երանելի լինես։

 

Տե՜ր Աստված իմ, Հիսուս Քրիստոս, ահա՛ տեսնում ես սիրտս, տեսնում ես, թե որքա՜ն եմ փափագում Քեզ սիրել։ Սիրտս հանգիստ չունի, եթե Քեզ չսիրի. կարոտ եմ Քեզ, ծարավի եմ սիրույդ, ուրիշ ոչ մեկն ինձ չի օգնում, բացի Քո սիրուց։ Տո՜ւր ինձ սերդ, բարեգո՜ւթ Հիսուս։ Ե՞րբ է գալու այն օրը, որ հոգեպես մաքուր լինեմ ու սուրբ, որպեսզի Քեզ այդպե՛ս ներկայանամ. ե՞րբ է գալու այն պահը, որ Քո սիրո համար արհամարհեմ աշխարհը և սիրեմ միայն Քեզ. ե՞րբ է, որ դադարելու են գաղջությունս ու անտարբերությունս, որպեսզի ողորմությանդ օվկիանոսի մեջ վերագտնեմ Քեզ։ Հիսո՜ւս, Դո՛ւ ես իմ մխիթարությունը, Դո՛ւ ես իմ բարիքը, Դո՛ւ ես իմ գանձը։ Ե՞րբ պիտի լինի, որ փարվեմ Քեզ ու չբաժանվեմ Քեզնից և մնամ այդպես՝ առանց անջատվելու։ Հիսո՜ւս, դադարեցրո՛ւ իմ մեջ աշխարհի ձայնը, որպեսզի իր հանդեպ մնամ անտարբեր։ Ե՞րբ է, որ ավարտվելու են երկրավոր այս պանդխտության ու աքսորիս օրերը, որպեսզի վերջ գտնի գերությանս շրջանը։ Ե՞րբ եմ դուրս գալու այս մութ գիշերվա միջից և վայելելու հավիտենական լույսդ։ Ե՞րբ եմ տեսնելու Քեզ և հավիտյան օրհնելու Քեզ Սրբերի հետ։ Տե՜ր Հիսուս, լցրո՜ւ սրտիս փափագները, տո՜ւր ինձ Երկինքը, որպեսզի կարողանամ Քեզ ավելի սիրել։ Սուրբ Աստվածածին, ընդունի՜ր իմ համար այս շնորհը, որ սիրեմ Որդուդ ինչպե՛ս որ պետք է։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։