ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Չվստահել սեփական անձին – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Չվստահել սեփական անձին

Մի՛ վստահիր ինքդ քեզ, բոլոր թշնամիներիցդ ավելի՝ դու ինքդ քո հանդեպ անգութ վարվիր։ Եթե ոտքի ես, զգույշ եղիր, քանի որ կարող ես ընկնել։ Շատերն իրենց կարողությունների վրա վստահ են և զգուշություններ չեն ձեռնարկում, այդ իսկ պատճառով չարաչար ընկնում են։ Զգուշացիր, որպեսզի նույնը քո հետ էլ չպատահի։

Հույսդ մի՛ դիր ունեցածդ առաքինությունների վրա, այլ՝ փախի՛ր մեղքի առիթներից։ Ով որ ինքն իրեն վտանգի է ենթարկում, անպայման ընկնում է։ Ունեցածդ առաքինությունը քոնը չէ, դու մեղքից ու մոլությունից բացի ուրիշ ոչինչ չունես։ Առանց Աստծո շնորհի՝ հազիվ կարող ես քայլել կամ մի բարիք անել։ Աստծո շնորհով է, որ ուժ ես զգում և բարին գործելու կարողություն։ Դու բնական կերպով ես հետևում մեղքին, կամ ուր որ բնազդդ քեզ մղում է, այնտեղ էլ ուղղվում ես։ Առանց Աստծո շնորհի չես կարող կանգնել։

Եթե զորավոր ես, կամ հարուստ ու խելացի, այդ բոլորն Աստծո կողմից քեզ տրված պարգևներ են։ Սրբություն, արդարություն, բարություն և կամ որևէ առաքինություն որ ունես, Աստծո շնորհի արդյունքն են։ Ոչ մի բան դու քեզ մի՛ վերագրիր, որպեսզի հույսդ դու քո վրա չդնես։ Փորձության կամ կյանքի վտանգի պահին վստահությունդ թող Հիսուսը լինի և Իրեն միայն ապավինիր։ Եթե սովորես ո՛չ թե ինքդ քեզ վստահել, այլ՝ Հիսուսին, այնժամ Նա քեզ կօգնի, և Իր ողորմությամբ պարիսպ կկանգնի թշնամու դեմ։

Ասա՛ Հիսուսին. «Քեզ եմ ապավինում և Քեզ եմ հանձնում մարմինս, հոգիս և հավիտենական փրկությունս։ Դու իմ տկարությանը զորություն եղիր, և թույլ մի՛ տուր ամենևին, որ Քեզնից բաժանվեմ»։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։