ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Փոքր կարծված թերություններից փախչել – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Փոքր կարծված թերություններից փախչել

Հոգևոր կյանքիդ համար շատ կարևոր է և ամեն բարեպաշտ հոգի պիտի լավ մտածի Սուրբ Գրքի խոսքերի շուրջ, որ ասում է. «Ով որ քիչն արհամարհում է, կամաց կամաց կործանվում է» (Սրք 19, 1)։ Ով որ փոքր թերությունները չի ցանկանում նկատել, աստիճանաբար մեծ թերության մեջ է հայտնվում։ Այսօր փոքրիկ սուտ է խոսում, «Թեթև մեղք է» ասելով, վաղն ավելի թերություն է գործում, մինչև որ ծանր մեղքի մեջ է ընկնում։ Վախեցի՛ր փոքրիկ բաներից, փոքր թվացող թերություններից, որոնք ծանրից ավելի վտանգավոր են։

Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է. «Թեև մարդը չի ցանկանում հավատալ, բայց ստիպված եմ ասել, որ երբեմն ավելի ջանալու ենք թեթև մեղքերից փախչել, քան ծանրերից, քանի որ ծանր մեղքերն ինքնըստինքյան սոսկում են բերում, իսկ թեթևներին հեշտությամբ վարժվում ենք ու, բանի տեղ չդնելով, չենք ջանում ուղղել, և մեր անհոգության պատճառով դրանք քիչ ժամանակում այնքան են մեծանում, որ այլևս չենք կարողանում դրանցից հրաժարվել»։

Դարձյալ եմ ասում. փախի՛ր փոքր պակասություններից և զգուշացի՛ր, որովհետև որքան էլ փոքր թվան, մեր Արարչի դեմ են։ Զգուշացի՛ր դրանցից, որովհետև դրանք քեզ գաղջության են առաջնորդում։ Փախի՛ր թեթև պակասություններից և զգուշացիր, որովհետև մեր Տեր Հիսուսն ասաց. «Քչի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է, իսկ քչի մեջ անիրավը շատի մեջ էլ անիրավ է» (Ղկս 16, 10)։ Այս օրդ այնպես անցկացրու, որ երեկոյան կարողանաս Հիսուսին ասել. Տե՜ր Հիսուս, Քո շնորհով կամավոր թերություն չգործեցի, փա՜ռք Քեզ, որովհետև Դու ինձ օգնեցիր։ Ների՜ր տկարությամբ գործած թերություններս, վաղվա օրը պիտի ջանամ ավելի լավ անցկացնել։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։