ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Անկարգ ախորժակների սանձումը – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Անկարգ ախորժակների սանձումը

Քեզ չի վայելում, որ կյանքդ ցանկանաս անց կացնել միայն ուրախության և աշխարհի վայելքների մեջ, երբ Փրկիչդ Իր կյանքն անցկացնում է չարչարանքների մեջ։ Եթե չես ցանկանում նմանվել Հիսուսին, ինչպե՞ս կարող ես հուսալ Արքայություն մտնել։

 

ա) Սանձի՛ր զգայարաններդ

Այսօր ջանա՛ Հիսուսի սիրո համար սանձել զգայարաններդ։ Մի՛ վախեցիր սանձում բառից. եթե մեջդ սեր ունես Հիսուսի հանդեպ, այդ բառն անուշ է հնչում հոգուդ։ Ինքդ քեզ զրկելը մի բանից, մի զոհ անելը Հիսուսի համար՝ աշխարհի բոլոր վայելքներից վեր նկատիր։ Փորձի՛ր և համոզվի՛ր։

Երկու տեսակ սանձում կա։ Ներքին, որն ավելի դժվարին և էական է. և արտաքին, որ շատ է օգնում առաջինին։

Սանձի՛ր ամբողջ մարմինդ, այսինքն մի՛ փնտրիր հանգիստդ. աղոթքի պահին սիրի՛ր ծնկի եկած աղոթել, և կամ առավոտյան, երբ ժամը հասնի, մի՛ դանդաղիր անկողնուցդ վեր կենալ։

 

բ) Սանձի՛ր աչքերդ

Ո՛չ միայն անվայել բաներ մի՛ դիտիր, այլ նաև՝ որևէ բան, որ հոգուդ համար կարող է վտանգավոր լինել։ Հրահանգվիր չդիտել նույնիսկ օրինավոր ու անտարբեր բաները, որոնք ծառայում են սոսկ հետաքրքրությունդ հագեցնելու համար։ Նման հրահանգները – օրինակ՝ չդիտել գեղեցիկ մի տուն, պարտեզ, ծաղիկ, – թե՛ դյուրին են քո համար և թե՛ հաճելի են Հիսուսին։ Նման առիթները չեն պակասում մեր կյանքում, որոնք պատճառ են լինում Արքայության մեջ արդյունք շահելու։

 

գ) Սանձի՛ր լեզուդ

Բերանիցդ մի խոսք անգամ թող որ դուրս չգա, որ Աստծո պատվին դիպչի կամ ընկերոջդ վնաս պատճառի։ Շատ անգամ մոռանում ես, որ ամեն մարդու առաջին պատիվն իր անունն է։ Եթե առիթը ներկայանա խոսելու կամ ներկայացնելու քո կարողությունը կամ գիտելիքը, լռի՛ր Հիսուսի սիրո համար։ Փախի՛ր անօգուտ կամ քեզ պարծանք բերող խոսքերից։

 

դ) Սանձի՛ր լսողությունդ

Բամբասանք, տրտունջ, երկդիմի կամ ուրիշին ծաղրող խոսքեր լսելուց զգուշացի՛ր։ Փախի՛ր ո՛չ միայն խիղճդ ծանրացնող խոսքեր լսելուց, այլ՝ երբեմն հրաժարվիր նաև հաճելի խոսակցությունից կամ քաղցր երաժշտությունից, համակամ ականջ դնելով անախորժ մի երաժշտության, և կամ ծանր ձայնով անախորժ մի դասախոսության։

 

ե) Սանձի՛ր հոտոտելիքդ

Հրաժարվի՛ր նույնիսկ անմեղ կարծված անուշահոտ յուղերի կամ պարտեզի ծաղիկների հոտերից։ Զրկի՛ր ինքդ քեզ օրինավորից՝ միշտ շարժված լինելով Հիսուսի սիրուց։

 

զ) Սանձի՛ր ճաշակելիքդ

Մի՛ կեր և մի՛ խմիր, որովհետև համեղ են, ո՛չ էլ փնտրիր թանկ և աչք շոյող կերակուրներ։ Երբեմն կերակուրդ կարող է անհամ լինել. մի՛ փախցրու առիթը՝ ինքդ քեզ սանձելու։ Մի՛ գանգատվիր, երբ կերակուրն անհամ է կամ առանց աղի։ Երբեմն սիրածդ կերակուրից հրաժարվիր և կեր անախորժը։

 

է) Սանձի՛ր շոշափելիքդ

Մի՛ տրտնջա օդի տաք կամ սառը լինելու համար, և երբ առողջությանդ վնաս չեն տալիս, սիրով համբերիր։ Մի՛ նեղացիր հիվանդությանդ ժամանակ և մի՛ ծանրացիր նրանց վրա, ովքեր քեզ ծառայում են, հիշելով, որ հիվանդությունը մարդու հոգին մաքրում է ու զորացնում։ Հիվանդությունը հարմար առիթ է ապաշխարելու, թերություններն ուղղելու և ակնհայտ նշան տալու Հիսուսին, որ սիրում ես Իրեն։

 

Սրանք պարզ կերպեր են՝ արտաքին սանձումն իրագործելու համար։ Եթե իսկապես Հիսուսի հանդեպ սեր ունես, դեռ ուրիշ շատ ա՛յլ միջոցներով կարող ես սանձել ինքդ քեզ՝ առանց, սակայն, չափազանցությունների գնալու։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։