ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հեզությունը – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հեզությունը

Հեզությունը մի առաքինություն է, որ շատերին է սիրելի, բայց քչերն են ուզում գործադրել այն։ Շատերը կարծում են, թե այն ունեն, և իրենք իրենց ստում են, քանի որ հեզ են քաղաքավարի, մինչև որ իրենց ուզածներն են լինում, բայց վա՜յ նրան, ով փոքր կերպով դպչի իրենց, և ահա՛ հեզությունը փոխվում է բարկության։

Զգույշ եղիր, որ սրանց մեջ չլինես նաև դու։ Ամեն դեպքում հեզությունդ թող նույնը մնա։ Նախատինքի ու անիրավության դիմաց Պողոս Առաքյալի նման ասա՛. «Չարին պիտի բարիով հաղթեմ» (Հռմ 12, 21)։

Շատ զգուշացիր վիճելուց, սիրիր հրաժարվել քո կարծիքից, որպեսզի ուրիշի կարծիքի դեմ չլինես։ Հրաժարվիր քո ուզածից, քո կամքից, քո փափագից, որպեսզի ուրիշին դեմ չելնես։ Իսկ եթե վիճակդ ու եղբայրսիրությունը պահանջի, որ ստիպված լինես դիմացինիդ հակառակ որևէ բան ասել, ամեն ջանք գործադրիր հեզությամբ խոսելու համար։

Պատրաստ եղիր ներելու բոլոր նրանց, ովքեր քո դեմ որևէ բան են արել կամ խոսել, երեսդ ցույց տուր նրանց ժպտուն և անկեղծ։ Խստությամբ մի՛ հանդիմանիր ոչ ոքի։ Մի՛ վշտացիր փոքր կատակներից, որ շրջապատիդ մարդիկ քո հետ անում են, և երբ վշտացնող մի խոսք լսես, Հիսուսի սիրո համար բարի իմաստով մեկնաբանիր, ժպիտով հանգստացրու հոգուդ խռովքը։ Մի խոսքով, միշտ հեզ և համբերող եղիր, և փոխանակ ուրիշին նեղություն տալու՝ դո՛ւ նեղությունը կրիր։

Երանի՜ է քեզ, եթե այս առաքինությունը ստանաս։ Հիսուսի ամենից ավելի սիրած առաքինությունը սա է, և այն ցույց է տվել բարիք անելով ապերախտներին՝ քաղցրությամբ խոսելով Իր հետ վատ վարվողների հետ, առանց տրտունջի համբերելով Իրեն անիրավություն անողներին։ Հիսուսն այսպես է ապրել և հրավիրում է մեզ էլ նույնը գործադրել՝ ասելով. «Ինձնից սովորեք, թե ինչպե՛ս սրտով հեզ եմ ու խոնարհ»։

Սովորի՛ր, ուրեմն, որ բարկությամբ դու ավելի քեզ ես վնասում, քան երբ ուրիշները քո դեմ անիրավություն են գործում։ Հեզությամբ վարվիր ուրիշների հետ, բայց նաև անձիդ հետ։ Կան հոգիներ, ովքեր երբ որևէ թերություն են գործում կամ երբ իմանում են, որ որևէ պակասություն ունեն, շփոթվում են, նեղվում են, իրենք իրենց անձի դեմ զայրանում են։ Բայց սա մեծ հանցանք է, որովհետև սատանան պղտոր ջրի մեջ որսալ է սիրում, և հոգին այդ խռովության ժամանակ ավելի թերությունների մեջ է ներքաշվում։

Մի՛ շփոթվիր, երբ քո մեջ որևէ թերություն ես տեսնում. դա հպարտության նշան է։ Մի՛ կարծիր, որ առաքինություններով ես զարդարված։ Ճանաչիր թերություններդ, եղիր խոնարհ հոգի և դիմիր Հիսուսին, որպեսզի Իր շնորհով ստանաս այն առաքինությունը, որն այնքա՜ն մոտ է Իր Սուրբ Սրտին։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։