40. ՀԻՍՈՒՍՆ ԱՆԵԾՔ ԿՐԵՑ ՄԵՐ ՀԱՄԱՐ, ՈՐՊԵՍԶԻ ՄԵԶ ԱԶԱՏԻ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԱՆԵԾՔԻՑ, ՈՐԻՆ ԱՐԺԱՆԻ ԷԻՆՔ – Գրադարան – Mashtoz.org

40. ՀԻՍՈՒՍՆ ԱՆԵԾՔ ԿՐԵՑ ՄԵՐ ՀԱՄԱՐ, ՈՐՊԵՍԶԻ ՄԵԶ ԱԶԱՏԻ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԱՆԵԾՔԻՑ, ՈՐԻՆ ԱՐԺԱՆԻ ԷԻՆՔ

Աստված ատում է մեղքը՝ որտե՛ղ էլ որ այն տեսնում է, ու պատժում է՝ առանց ողորմելու, որովհետև դա՛ է պահանջում Իր արդարությունն ու սրբությունը։ Աստծո կամքն էր, որ Իր Միածին Որդին մեզ փրկի, ուստի Որդին Աստված մարդացավ, մեր նման մարմին առավ, և թեև մեղքի նշույլ անգամ չուներ, բայց Երկնավոր Հոր դիմաց իբրև անիծյալ ներկայացավ։ Պողոս Առաքյալն ասում է Հիսուսի համար. «Մեր համար անեծք կրեց» (Գղտ 3, 13)։ Արդ, Հիսուսը հավիտենական անեծքից մեզ փրկելու համար հանձն առավ անիծված լինել՝ չարագործի նման խաչվելով։

 

Այս որքա՜ն գութ, որքա՜ն սեր, ո՜վ իմ Փրկիչ Հիսուս, որ ինձ ազատեցիր թե՛ սկզբնական մեղքից, թե՛ Մկրտությունիցս հետո գործածս մեղքերի անեծքից, թե՛ սատանայի ժանգոտած շղթաներից։ Ինձ Քեզ կապի՜ր Քո սիրո ոսկեղեն շղթայով, որպեսզի Քեզնից չբաժանվեմ։ Ինձ Քո շնորհի զորությունը ցո՜ւյց տուր՝ սուրբ դարձնելով իմ նման մեղավորին։

 

Քրիստոնեական հավատքի մաս է, որ Քրիստոսը հանձն առավ մեր մեղքերի համար անիծված համարվել։ Դու սրանից հասկացի՛ր մեղքի ծանրությունը, որից ազատվելն այսքա՜ն թանկ արժեցավ Հիսուսի համար։ Աշխարհում մեղքից ավելի զազրելի բան չկա։ Որքա՜ն պիտի զգուշանաս, որ մեղքը քեզ չտիրի, և որքա՜ն պիտի սոսկաս՝ մտածելով, որ եղել է մի ժամանակ, որ դրա գերին ես դարձել և որ այդ ամոթալի գերությունից Հիսուսի Սուրբ Արյամբ ես ազատվել։ Նա՛ է, որ գեղեցկացրել է հոգիդ, մաքրել է քեզ, որպեսզի Իր աչքերին հաճելի դառնաս։

 

Տե՜ր Աստված իմ, թույլ մի՛ տուր, որ կրկին անգամ աղտոտվի հոգիս ու տգեղանա, մի՛ թող, որ կորցնեմ Քո տված շնորհը։ Առանց Քո շնորհի ի՞նչ կդառնամ, եթե ո՛չ միայն՝ որդի դժոխքի, հեռու Քեզնից, հեռու Սրբերիցդ, հեռու Սուրբ Աստվածածնից, հեռու Քո Միածին Որդուց։ Վա՜յ թշվառությանս, որ վաղուց այնտեղ պիտի լինեի, վաղուց հավիտենական անեծքի էի արժանի, և միայն ողորմությունդ է, որ ինձ Քո Որդու անգին Արյան շնորհիվ ազատեց դրանից։

Աստվա՜ծ իմ, անհուն շնորհակալություն եմ հայտնում Քեզ և փափագում եմ սիրել Քեզ սրտիս ողջ զորությամբ, իսկ Քեզնից դուրս բաները սիրում եմ միայն Քո համար։ Դո՛ւ եղիր իմ սրտի Տերը, որպեսզի հնազանդվեմ Քեզ և ուրիշ բանի հետամուտ չլինեմ։ Ինձնից հեռացրո՜ւ ամեն տեսակ սեր ու փափագ, որ Քո համար չէ, վառի՜ր սիրտս Քո սիրով։ Տե՜ր Աստված իմ, ցանկանում եմ Քեզ սիրել, որ միակդ ես, որ ինձ ճշմարտապես սիրում է. Դո՛ւ ես իմ գանձը և իմ ամբողջ հարստությունը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։