32. ՀԻՍՈՒՍԸ ԽԱՉԻ ՎՐԱՅԻՑ ԻՐ ՄՈՐԸ ՄԵԶ Է ՏԱԼԻՍ – Գրադարան – Mashtoz.org

32. ՀԻՍՈՒՍԸ ԽԱՉԻ ՎՐԱՅԻՑ ԻՐ ՄՈՐԸ ՄԵԶ Է ՏԱԼԻՍ

Հասնում է վերջին վայրկյանը, երբ Հիսուսը մեր սիրո համար Իր կյանքն է տալիս։ Արդեն խրատները տվել էր, Իր օրինակը, Իր արժանիքները, նաև Ինքն Իրեն էր տվել մեզ՝ որպես կերակուր, որպեսզի մեր հոգին սնունդ առնի և զորանա։ Կարծես ոչինչ չէր պակասում և կարող էր հոգին ավանդել։

Բայց մեր բարեգութ Փրկիչը մտածում է, որ մեզ Մայր չի տվել։ Գիտի, թե ի՛նչ է նշանակում գթասիրտ մայր ունենալը. գիտի, թե որքա՜ն քաղցր է մարդու համար իր բոլոր հոգսերի մեջ հանձնվել կարեկցանքով գերառատորեն հարուստ սիրտ ունեցող մորը. գիտի, թե նման մայրը ի՜նչ մեծ գանձ է մարդու համար, և ուստի կամենում է, որ Իր Մայրը նաև մեզ Մայր լինի։

Սուրբ Կույսը և Հովհաննես Ավետարանիչ Առաքյալը խաչի ստորոտում էին։ Հիսուսը խաչի վրայից դիմում է Իր Մորը և ասում է. «Ո՜վ Կին, ահա՛ քո որդին» (Հվհ 19, 27)։ Ապա Հովհաննեսին է ասում. «Ահա՛ քո Մայրը» (Հվհ 19, 28)։

Հիսուսի այս խոսքերը միայն Հովհաննեսին չէին ուղղված, այլ՝ բոլոր քրիստոնյաներին, «աշակերտին, որին Հիսուսը սիրում է», ասում է Ավետարանը։ Հիսուսն Իր Մորը քեզ էլ է ցույց տալիս՝ ասելով. «Ահա՛ Մայրդ»։ Երանի՜ է քեզ, որ նման Մայր ունես։ Աստվածամայրը նաև քո Մայրն է։ Որքա՜ն երախտապարտ պիտի լինես, ինչպիսի՜ մեծ վստահություն պիտի ունենաս իր հանդեպ։ Ամենակարող է իր Որդիով և իր ամեն խոսքը կատարվում է Հիսուսի դիմաց. իր աղաչանքը հրամանի է նմանվում, որովհետև անկարելի է, որ Հիսուսն Իր Մոր փափագը չկատարի։ Դու քեզ ասա՛. «Հիսուսի Մայրն իմ Մայրն էլ է, ինձ սիրում է, իմ փրկությունն է կամենում, ինչպե՞ս կարող եմ իրեն չվստահել»։

Մարիամը նաև քո Մայրն է։ Այս քաղցր ու մխիթարական անունը թող միշտ շուրթերիդ լինի։ Մարիամն իմ Մայրն է։ Երանի՜ է քեզ, եթե կարողանաս կյանքդ այնպես հյուսել, որ ապրես այսպիսի հզոր Մոր պաշտպանության ներքո։ Ո՞վ կարող է Սուրբ Կույսից իր զավակին բաժանել, երբ նա դժոխքի կատաղությունից փախչելով՝ իրեն է ապավինել. ո՞ր կիրքը կամ կատաղությունը կարող է հաղթել քեզ, երբ դու վստահել ես այսքա՜ն զորեղ Մոր պաշտպանության։

Սիրելի Երկնավոր Մայրս, օրհնյա՜լ լինես։ Հազար փա՜ռք եմ տալիս Հիսուսին, որ քեզ իմ Մայրը դարձրեց։ Այսուհետև ապահով եմ ամեն տեսակ փորձանքից, քանի որ քեզ եմ դիմում՝ ասելով. «Քո հովանու պաշտպանությանն եմ ապավինում, Սուրբ Աստվածածին»։ Քանի՜ քանիներ այս համառոտ աղոթքով ազատվել են դժոխքից, և ես էլ վստահում եմ Մորս։

Ուրախացի՜ր, ուրեմն, որդյակ, Աստվածամոր որդի լինելուդ համար։ Նա ոչ մեկի չի մերժում, երբ իրեն են դիմում։ Քո էլ ամբողջ վստահությունն ու ուրախությունը թող լինի Երկնավոր Մայրիկը։ Սիրի՛ր նրան, իր պաշտպանությանն ապավինիր և ասա՛. «Ինչի՞ց պիտի վախենամ, երբ հավիտենական փրկությունս ապահով է, քանի որ այն Հիսուսի ձեռքերում է, իսկ Հիսուսն ինձ Իրեն եղբայր դարձրեց՝ ինձ Իր Մոր որդեգիրը դարձնելով»։

Աստծո Մայրը քո Մայրն էլ է, երկրի վրա ավելի ի՞նչ ապահովություն ես փնտրում, երբ փրկությունդ Հիսուսի հետ միասին՝ Մայրիկիդ ձեռքերում է։ Ինչպես մանկությանդ ժամանակ, երբ մի վտանգի էիր հանդիպում, «մա՜մ, մա՜մ» էիր կանչում, հիմա էլ հոգևոր մանկությանդ մեջ նույնը արա՛ Երկնավոր Մորդ հանդեպ։ Սուրբ Կույսը ցանկանում է լսել, որ դու, որպես իր զավակը, իրեն վստահում ես և կյանքիդ վտանգների մեջ կանչում ես իրեն «Մայր» անունով։

Եթե կյանքիդ ընթացքում հանդիպես հոգևոր փոթորիկների, դիմի՛ր Սուրբ Կույսին, ալեկոծությանդ ժամանակ դիմի՛ր Սուրբ Կույսին և հայացքդ իրեն հառիր. եթե կյանքի լեռներում կամ անապատներում մոլորվես, նրան օգնության կանչիր, Մայրիկիդ անունը միշտ թող շուրթերիդ լինի։ Եթե իր հետ քայլելու լինես, անկարելի է, որ մոլորվես. եթե իրեն աղոթելու լինես, անհնարին է, որ հուսալքվես. եթե ինքը քո ձեռքից բռնի, չես կարող ընկնել. և եթե քեզ պաշտպան կանգնի, վախենալու բան չունես. եթե քեզ օգնի, անպայման փրկության նավահանգիստ կհասնես։

 

Ո՜վ իմ քաղցր Մայրիկ, ցանկանում եմ քեզ միշտ սիրել, ցանկանում եմ միշտ քեզ դիմել և Անունդ ունենալ շուրթերիս վրա։ Բարեգութ Մայրս ու Պաշտպանս, օգնի՜ր ինձ հատկապես մահվանս վայրկյանին. այս պահից իսկ հոգիս հանձնում եմ ձեռքերիդ։ Ե՜կ, մխիթարի՜ր ինձ այդ ժամանակ, որպեսզի ձեռքդ բռնած Արքայություն մտնեմ։ Հիսուսից իմ համար ընդունի՜ր մեղքերիս թողությունը և հավիտենական Արքայության դուռը բաց արա՛ իմ առջև։

 

Մարիամը քո Մայրն է։ Ի՜նչ հուզիչ բառ է «մայր»ը և ամեն անգամ լսելիս, անտարակույս, սիրտդ բացվում է։ Մարիամը քո և ամբողջ մարդկության Մայրն է. խաչի ստորոտին ծնեց մեզ, երբ ցավերի մեջ ընկղմված՝ իր Միածին Որդուն մեր փրկության համար Երկնավոր Հորն ընծայեց։ Մարիամը Մայրդ է ո՛չ թե նյութական կամ մարմնավոր կերպով, այլ՝ մայրական սրտով, և քեզ անչափ սիրում է։

Ո՞ր մայրն է այնքան սիրում իր որդուն, որքան Սուրբ Կույսը մեզ. ո՞վ կարող է պատմել, թե իր գութն ի՛նչ աստիճանի է մեր նման խեղճերի հանդեպ։ Քո հանդեպ երկրավոր մորդ ունեցած սերը համեմատելով Սուրբ Կույսի ունեցած սիրույն, ստվերի է նմանվում։

Պահապան Հրեշտակդ կամ Պաշտպան Սրբերդ թեև քեզ սիրում են, սակայն քո հանդեպ Սուրբ Կույսի ունեցած սիրույն ոչ ոք չի հասնում։ Մարիամը քեզ սիրում է որքա՛ն էլ որ մեղավոր ես, և կամ գաղջ՝ Աստծո ծառայության մեջ։ Ամենամեծ մեղավորներն անգամ վայելում են Սուրբ Կույսի սերը, քանի որ միշտ պատրաստ է նրանց օգնելու։

Եթե Մարիամը քեզ ա՛յս աստիճանի սիրում է, կարո՞ղ ես անտարբեր մնալ իր սիրո և գուրգուրանքի հանդեպ։ Իր հանդեպ ապերախտ մի՛ եղիր։ Սիրի՛ր նրան և մի՛շտ սիրիր, որովհետև խեղճ ես և մեղավոր, իր մայրական պաշտպանության կարիքն ունես։ Մարիամը զորավոր է, քանի որ ունի Միածին մի Որդի, Ով հաղթել է աշխարհին, դժոխքին ու դևերին։

Դու քեզ հանձնի՛ր Մարիամի մայրական սիրույն. ի՛նքը թող լինի լինի քո պաշտպանը և քո սիրտն իրեն այնպիսի՛ կերպով հանձնիր, որ մահվանդ պահին ապահով լինես, որ իր օգնությամբ պիտի Արքայություն մտնես։

 

Հիսո՜ւս, երախտագիտության ի՞նչ բառեր գործածեմ՝ Քո Մորը ինձ տալուդ համար։ Քեզ էլ, ո՜վ բարեգութ Մայրիկս, ինչպե՞ս շնորհակալ լինեմ, որ ինձ մայրաբար խնամում ես։ Թե՛ քեզ և թե՛ Հիսուսին սրտանց սիրում եմ, իմանալով հանդերձ, որ իմ նման հոգու սերը տկար է։ Վստահացած ձեր վրա, որ չեք մերժի ոչ մեկի ընծան, ձեզ եմ նվիրում սիրտս։

Հիսո՜ւս, ինձ սե՜ր տուր, արբեցրո՜ւ ինձ քո սիրով, պարգևի՜ր ինձ Շնորհդ, որպեսզի սրտիս մեջ միայն մեկ փափագ ունենամ, այն է՝ Քեզ սիրել մինչև վերջին շունչս, և ուրիշ ոչ մի բան չսիրեմ։ Հիսո՜ւս, Քեզնից բացի ամեն ինչ անցավոր է, ամեն ինչ ունայն է, ամեն ինչ ոչինչ է։

Մարիա՜մ, Սուրբ Կույս, այսուհետ քո անունը թող որ լինի իմ կյանքի հոգին, քանի որ դու ես իմ Մայրը. հասի՜ր ինձ օգնության։ Հիսո՜ւս և Մարիա՜մ, իմ սիրելիներ, դրոշմեցե՜ք ձեր անունները հոգուս մեջ, որպեսզի վերջին շունչս ավանդած պահին նույն անունները կրկնեմ՝ ասելով. «Հիսո՜ւս, Մարիա՜մ, սիրում եմ ձեզ, և ձեր ձեռքերի մեջ եմ հանձնում հոգիս»։ Ամեն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։