36. ՀԻՍՈՒՍՆ ԻՐ ՀՈԳԻՆ ՀԱՆՁՆՈՒՄ Է ԻՐ ԵՐԿՆԱՎՈՐ ՀՈՐԸ – Գրադարան – Mashtoz.org

36. ՀԻՍՈՒՍՆ ԻՐ ՀՈԳԻՆ ՀԱՆՁՆՈՒՄ Է ԻՐ ԵՐԿՆԱՎՈՐ ՀՈՐԸ

Հիսուսն Իր կյանքի ընթացքում ի՛նչ որ ասեց ու արեց, այդ ամենը ո՛չ միայն Իր սերն են մեր հանդեպ ցույց տալիս, այլ նաև՝ մեզ հորդորում են կատարելության դիմելու։ Չկա մի խոսք, որ մեր սրբության համար ասած չլինի։

Մտածի՛ր, թե ինչո՛ւ Հիսուսը վերջին վայրկյանին ասաց. «Հա՜յր, Քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին» (Ղկս 23, 46)։ Տարբեր բառերով ասած՝ իմաստն այս է. «Հա՜յր, ինձ ամբողջապես Քեզ եմ հանձնում, ինչ որ կամենում էիր, որ աշխարհում անեմ, արեցի, և հիմա ա՛յլ բան չի մնում, եթե ո՛չ՝ մահանալ, բայց եթե կամքդ է, որ դեռ շարունակեմ ապրել, պատրաստ եմ կամքդ կատարելու, իսկ եթե մահս ես կամենում, դրան էլ եմ պատրաստ»։

Որքա՜ն գեղեցիկ օրինակ, դրանից դո՛ւ էլ սովորիր ինքդ քեզ Աստծուն հանձնել՝ կերպարանակից լինելով Իր սուրբ կամքին։ Դո՛ւ էլ պատրաստվիր մահանալու, Հիսուսի տված օրինակի նման ասելու.

«Տե՜ր, եթե Քո կամքն է, որ ապրեմ, ուրեմն պատրաստ եմ, իսկ եթե Քո կամքն է, որ մահանամ, դարձյալ պատրաստ եմ։ Տե՜ր Հիսուս, ինձ շնո՜րհ տուր, որ այս գեղեցիկ աղոթքը կարողանամ անել մահվանս պահին, Քո հետ կրկնելով. ''Հա՜յր, Քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին''։ Ինձ արժանի արա՛ մահվանս պահին կրկնելու Հիսուսի ու Մարիամի անունները»։

Երջանկությունը երկրի վրա գտած պիտի լինես, երբ միշտ ինքդ քեզ Աստծո ձեռքերին հանձնես։ Ժամանակն անցնում է, և դու սուրբ չես դառնում, որովհետև դու ինքդ քեզ Աստծո ձեռքերին չես հանձնել և չես նմանվում Հիսուսին, Ով այս բանը լիովին կատարել է։ Մի՛ նմանվիր նրանց, ովքեր իրենց օրը սկսում են Աստծուն հանձնվելով, բայց օրվա մեջ հետամուտ են իրենց քմահաճույքների կատարմանը, չեն ցանկանում որևէ նեղություն կրել, ցանկանում են, որ վերադասը միայն հաճելի հրամաններ տա և կամ որևէ եղբայրակից իրենց բնավ չհակառակվի։

Այս տեսակ հոգին միայն խոսքով է, որ Աստծուն է հանձնվում, իսկ գործով հակառակն է անում, և ի՞նչ զարմանք, եթե երկրի վրա հոգեկան խաղաղություն և երջանկություն չի գտնում, ընդհակառակը՝ խիղճն իրեն տանջում է։

 

Ո՜վ Հիսուս, քաջալերված Քո օրինակից, ես ինքս ինձ Քո ձեռքերին եմ հանձնում։ Եթե կամենում ես, որ անմխիթար մնամ, օրհնյա՜լ լինես. եթե փափագում ես, որ կամքիս հակառակ նեղություններ ունենամ, դարձյալ օրհնյա՜լ լինես. եթե սիրելի դառնամ շրջապատիս և կամ ատելի, եթե ինձ տրված հրամանը դյուրին լինի կամ դժվարին, թող միշտ Քո սուրբ կամքը կատարվի իմ վրա։

 

Եթե քեզ մի գործ է հանձնված կատարելու, մի՛ ցանկացիր այդ պահին գնալ և ջերմեռանդությամբ աղոթել, իսկ եթե աղոթքի ժամն է, մի՛ ցանկացիր նյութական կամ բարեպաշտական գործով զբաղվել։ Լռի՛ր, երբ լռության պահն է, խոսի՛ր, երբ զբոսանքի ժամն է։ Եթե այս սկզբունքով ապրես, մահվանդ պահին հանգիստ կերպով կարող ես ասել. «Տե՜ր, արեցի ի՛նչ որ Քո կամքն էր, և հիմա ինձ մնում է հոգիս Քեզ հանձնել, ինչպես կյանքիս ընթացքում միշտ արեցի. Քեզ եմ հանձնում միտքս, սիրտս, հոգիս, ինչ որ ունեմ, ինչ որ եմ, որպեսզի այն կառավարես, ինչպես որ Քեզ հաճելի է։ Սիրո՜ւմ եմ Քեզ, Տե՜ր, ողորմությանդ եմ ապավինում, թե՛ հիմա և թե՛ Արքայության մեջ։ Մեղավոր լինելուս հակառակ՝ չեմ հուսահատվում, որովհետև Քեզ եմ ապավինում»։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։