ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Պահել սրտի խաղաղությունը – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Պահել սրտի խաղաղությունը

Որդյակ, այս օրից իսկ սկսիր Հիսուսին նմանվել՝ Իր նման հանդարտ ու խաղաղ լինելով, պահելով սրտիդ խաղաղությունն ու հանդարտությունը՝ ի՛նչ տեսակ նեղություն և վիշտ էլ որ ունենաս։ Որովհետև ուր որ խաղաղություն կա, այնտեղ է, որ բնակվում է Աստված։ Եթե ուզում ես, որ Աստված քո հետ մնա, պահիր հոգուդ խաղաղությունը և մի՛ թող, որ խռովքը մտնի հոգուցդ ներս։

Երբ փորձությունները քեզ նեղեն կամ ներքին կրքերդ արթնանան, երբ տեսնես թերություններդ, անհավատարիմ լինելդ կամ ուրիշ տեսակ խեղճություններ, մի՛ խռովվիր, մի՛ հուսալքվիր։ Այդ պահերին մտածիր Հիսուսի մասին, որ խաչին գամված է և Նրանից խաղաղություն խնդրիր. միայն Նա կարող է այն քեզ տալ։

Կպատահի քեզ էլ, որ քեզ երկար սպասեցնեն, դեմդ խոսեն կամ քեզ ստիպեն, որ նույն բանը կրկին անես, կամ անտեսեն քո բարի գործերդ։ Ջանա՛ չխռովվել, չբարկանալ՝ ո՛չ ներքուստ և ո՛չ էլ, մանավանդ, արտաքուստ, այլ՝ հանդարտ պահիր սիրտդ և հեզությամբ խոսիր։

Կարող է քեզ որևիցէ մի հիվանդություն պատահի, կամ կորցնես քո համար սիրելի մի անձ կամ մի իր և կամ ձախորդություն պատահի. այդ ժամանակ մտածի՛ր Աստծո մասին, որ թույլ պիտի չտար, որ այդ ամենը քեզ պատահեր, եթե քո համար օգտակար չլինեին։

Ներքին վշտերիդ մեջ էլ պահիր խաղաղությունդ. հոգեկան ցամաքություն, տրտմություն, փորձություն, անտրամադրություն և կամ որևէ վիշտ որ ունենաս, սիրտդ հանդարտ պահիր։

Հաղթանակած պիտի լինես, երբ կյանքիդ հաջողությունների ու ձախորդությունների մեջ մնաս նույն հանդարտությամբ, միշտ նույն հեզ ժպիտով՝ հպատակվելով Աստծո կամքին։

Եվ ուստի, երբ քեզ գովեն, մի՛ հպարտացիր. երբ անարգեն, համբերի՛ր և ների՛ր։ Սրտիդ խաղաղությունը դրսից էլ է տեսնվում։ Եթե դու ստանաս խաղաղությունը, քո մի խոսքը և կամ ֆիզիկական ներկայությունը բավական է՝ մեկ ա՛յլ խռովված հոգու խաղաղեցնելու համար։ Եթե սա անես, ուրիշին էլ բարիք արած կլինես, գործադրած կլինես Հիսուսի խոսքերը. «Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն» (Մտթ 5, 9)։

Արդ, աղոթքով խնդրի՛ր Հիսուսից խաղաղության շնորհը, ո՜վ հավատացյալ հոգի, որպեսզի ուսուցանի քեզ, և դու կյանքի բոլոր դժվարությունների դիմաց կարողանաս ասել. «Աստված է, որ սա թույլ է տալիս. ուրեմն, այստեղ մի բարիք կա։ Օրհնյա՜լ լինի Իր սուրբ կամքը»։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։