ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սրբագրել սեփական թերությունները – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սրբագրել սեփական թերությունները

Ամփոփվի՛ր սրտիդ խորքում և ինքդ քեզ հարցրու, թե կարո՞ղ ես քեզ մխիթարված զգալ և ասել, թե դու ամբողջովին Հիսուսին ես պատկանում։

Քննի՛ր և տե՛ս, թե ի՞նչ ես անում Հիսուսին հաճելի դառնալու համար և արածդ ինչպե՞ս ես անում։ Մտքիդ բեր բոլոր գործերդ և տե՛ս, թե արդյոք դրանք Հիսուսին հաճելի՞ են։

Քննիր հատկապես աղոթքներդ. դրանք ամեն օր կատարո՞ւմ ես այնպես, որ Հիսուսը գոհ մնա քեզնից։ Հավատարիմ կերպով կատարո՞ւմ ես վիճակիդ պարտականությունները։ Խոնարհություն ունե՞ս կամ հնազանդվո՞ւմ ես վերադասիդ ու հոգևոր հորդ։ Պայքարո՞ւմ ես թերություններիդ դեմ, հատկապես՝ գլխավոր պակասությանդ դեմ, որ տիրացել է քեզ։ Ամեն օր կատարո՞ւմ ես խղճիդ քննությունը. զգուշանո՞ւմ ես աշխարհային հաճույքներից։ Խոստովանանքից առաջ կատարո՞ւմ ես հարկավոր պատրաստությունը. կամ Հաղորդությունն ընդունելուց առաջ հոգիդ պատրաստո՞ւմ ես։

Այս ամենի մասին խորհրդածիր և պիտի բազմազան կետեր գտնես, որոնց համար պիտի խոնարհվես։ Իսկ եթե սուտ վկայելու ախտը կամ դիմացինին ծաղրելու սովորությունը և կամ ուրիշի մասին վատաբանելու թերությունն ունես, ինչպես նաև ուրիշին չհավանելու կամ դատելու սովորությունը, դե՛ռ ավելի պիտի խեղճությունդ զգաս։

Արդ, դի՛ր հաստատ առաջադրությունը՝ ինքդ քեզ ուղղելու և սրբագրելու։ Սկսի՛ր գլխավոր թերություններիցդ, որոնց մասին վստահաբար գիտես, որ ունես։ Միաժամանակ, Հիսուսից շնո՛րհ խնդրիր, որպեսզի քեզ օգնի և պատրաստ եղիր ամեն բան ընդունելու, որպեսզի ժամանակի ընթացքում դու քեզ ուղղես և արժանավոր կերպով Հիսուսին նվիրվես։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։