ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դիտավորության մաքրություն – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դիտավորության մաքրություն

Տեսար, թե Քրիստոս ի՛նչ է արել քո համար։ Չե՞ս ցանկանում քո կողմից ինչ որ մի բան անել այդ ամենի փոխարեն։

Հիսուսը քեզնից դժվարին և անկարելի բաներ չի սպասում։ Կամենում է, որ քո ամենօրյա գործերը, որքան կարող ես, լավ կերպով կատարես։ Կյանքը, որ անցնում է, հյուսված է երկու տեսակ գործերով՝ բարի և անտարբեր. քնել, արթնանալ, աղոթել, այցելություններ կատարել, աշխատել, դաս սովորել, ուտել և սրանց նման գործեր։

Եթե ցանկանում ես սուրբ լինել և Հիսուսին հաճելի դառնալ, կատարիր այդ բոլորը մաքուր դիտավորությամբ, այսինքն՝ միայն Աստծուն հաճելի լինելու նպատակով։ Եթե այս կերպով գործելու լինես, քիչ ժամանակ անց բարձր սրբության կհասնես։

Եթե սրբանալու համար պահանջվեր մեծ և դժվարին գործեր, վերանալ կամ երկինք հափշտակվել, կարող էիր պատճառ բերել, թե անկարող ես դրանք կատարելու։ Եթե սրբանալու համար պետք լիներ ամեն օր մարմինը արյունլվա լինելու աստիճան խարազանել կամ միայն չոր հացով ու ջրով անցկացնել կյանքը, կոպիտ զգեստներով կամ բոբիկ ոտքերով շրջել, ... կարող էիր ասել, թե այդ ամենն անելու ուժը չես զգում։ Բայց Քրիստոսը քեզնից այդ բաները չի պահանջում. կամենում է միայն, որ արած գործերդ լավ կերպով կատարես։

Արդ, եթե մինչև այսօր անհոգ ես գտնվել և սովորություն չես արել գործերդ Աստծուն նվիրելու, սկսի՛ր այս օրվանից։ Եթե աղոթքներդ պարկեշտությամբ կամ մտամփոփությամբ չէիր կատարում, ջանա՛ այսօրվանից իսկ սկսած՝ լավագույնդ անել։ Վաճառականն իր գործի մեջ, մայրը տան գործերը կատարելու ընթացքում, աշակերտը իր դասերը սովորելու ժամանակ, ... քիչ աշխատանքով կարող է կատարելության հասնել, եթե ասվածները կատարի։

Հանցավոր կլինես, եթե Աստծուն հաճելի դառնալու համար այսքա՜ն դյուրին ճանապարհով չես ցանկանում քայլել։ Հիշիր, որ Հիսուսը քո սիրո և երջանկության համար չխնայեց ո՛չ Իր փառքը, ո՛չ Իր հանգիստը, և ո՛չ էլ Իր կյանքը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։