19. ՀՈՒԴԱՅԻ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆԸ. ՀԻՍՈՒՍՆ ԱՎԱԶԱԿԻ ՆՄԱՆ ԿԱՊՎՈՒՄ Է – Գրադարան – Mashtoz.org

19. ՀՈՒԴԱՅԻ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆԸ. ՀԻՍՈՒՍՆ ԱՎԱԶԱԿԻ ՆՄԱՆ ԿԱՊՎՈՒՄ Է

Հուդան ծրագրում է մատնել իր Տիրոջը։ Նույն երեկո, հետն առած հռոմեացի զինվորներ և ուրիշ շատ ա՛յլ սպասավորներ, լապտերներով ու գավազաններով գալիս է Ձիթենյաց պարտեզ, որովհետև գիտեր, որ իր Վարդապետը երեկոներն այնտեղ աղոթքով անցկացնելու սովորություն ունի։ Ճանապարհին Հուդան ասում է իր հետևորդներին. «Դուք իրեն չեք ճանաչում, ուստի ես ո՛ւմ որ համբուրելով բարև տամ, նա՛ է, նրան բռնեցե՛ք»։ Տված նշանն իրեն արժանի նշան էր։

Ամեն բան կարգավորելուց հետո մտնում է պարտեզ, մի քիչ հեռու է կանգնեցնում իր հետևորդներին, և ինքը վազելով գնում է Հիսուսի մոտ՝ համբուրելու Նրան։ Հիսուսը՝ Աստծո Գառը, չի մերժում նրան։ Եվ սակայն, այդ համբույրը բոլոր չարչարանքներից ավելի է վիրավորում Իր բարեգութ սիրտը։ Եվ Հուդայի սիրտը շարժելու և մի վերջին անգամ էլ զղջման առաջնորդելու համար, Աստվածային Վարդապետը հեզությամբ ասում է. «Հուդա՜, համբուրելո՞վ ես մատնում ինձ» (Ղկս 22, 48)։

Հուդան նշանը տվել էր, ուստի մի կողմ է քաշվում և սպասում զինվորներին։ Հիսուսն ընդառաջ է դուրս գալիս նրանց և հարցնում. «Ո՞ւմ եք փնտրում»։ Նրանք ասում են. «Նազովրեցի Հիսուսին»։ Հիսուսը պատասխանում է. «Ձեր փնտրածը ես եմ, ինձ կարող եք բռնել, ուրեմն թողեք նրանց» և ցույց է տալիս Իր աշակերտներին (Հվհ 18, 4-8)։

Այս է ահա՛ Հիսուսի գութը մեր հանդեպ. թշնամիները եկել են Իրեն բռնելու, կապելու ու սպանելու, մինչդեռ Ինքը հոգում է Իր աշակերտների մասին։ Թույլ է տալիս, որ թշնամիներն Իր հետ ամեն բան անեն, բայց արգելում է, որ աշակերտներին որևէ վնաս հասցվի։ Որքան քաղցր է ծառայել նման Տիրոջ, իրեն թողնել մեր ամեն հոգսը։

 

Հիսո՜ւս, այսուհետև ցանկանում եմ այնպիսի վստահություն ունենալ Քո հանդեպ, որ Քեզ հանձնած լինեմ իմ ամբողջ անձը՝ առանց ինձ որևէ բան պահելու։ Դու ես իմ պահապանը, Դու ես, որ շարունակ հսկում ես ինձ, իսկ ես ի՞նչ բանից պիտի վախենամ։ Երկրի թագավորներն իրենց շուրջ ունենալով մի քանի պահապան զինվոր՝ իրենք իրենց ապահով են զգում. մարդ մեկ ուրիշի պահպանությանը հանձնվելով՝ վստահ է զգում և չի վախենում, իսկ ես ինչո՞ւ վախենամ, երբ Դու ես իմ պահապանը։ Եթե դժոխքի բոլոր սատանաներն էլ իմ վրա գալու լինեն, չեմ վախենա, որովհետև Դու ես իմ պաշտպանը։ Այս վստահությունն ինձ տալիս է սրտի հանգստություն, և ես չեմ ցանկանում բնավ անհանգստանալ, քանի որ Դու ես իմ ապավենը։

 

Զինվորները վազում են Հիսուսի մոտ, կապում են Նրան և կատաղի կերպով սկսում են քաշքշել։ Արդյոք հրեշտակները նույն պահին ի՞նչ սոսկում զգացին՝ տեսնելով իրենց Արարչին, որ ձեռքերը կապված, զինվորներով շրջապատված անցնում էր Երուսաղեմի միջով։

 

Իսկ Դու, Տե՜ր իմ, ինչպե՞ս թույլ տվեցիր, որ Քեզ կապեն, Դու, որ ստեղծել և անչափ բարիքներով լցրել էիր նրանց։ Իմ նման մեղավորն ու հանցավորն էր, որ պիտի կապվեր և ո՛չ թե Քո նման անմեղ գառը։ Հիսո՜ւս, գիտեմ, որ Քո սիրո մի նոր ապացույց տալու համար է, որ այս բանն էլ հանձն առար. կամեցար այդ անարգանքը կրել, որպեսզի ինձ հեզության հիանալի դաս տաս։

 

Տե՛ս, ո՜վ իմ հոգի, տե՛ս, թե ինչպե՛ս է Տերդ կապված՝ անարգ ու անօրեն մարդկանց կողմից քաշքշվում, Նրան տանում են Աննայի ու Կայիափայի դիմաց, իսկ Ինքը բնավ չի հակառակվում. կապում են ձեռքերը, և բերանից գանգատի մի խոսք անգամ դուրս չի գալիս, քաշում են, տանում, և հնազանդվում է նրանց։ Չունի տրտունջ, միշտ անխռով, քաղցր, անմեղ գառնուկի նման, որին տանում են մորթելու, և Ինքը համբերում է։ Այս բոլորը տեսնելով՝ դեռ դժվարանո՞ւմ ես հպատակվելու վերադասիդ կամ կանոններիդ, դեռ ծա՞նր է թվում հնազանդությունը, դեռ փափագո՞ւմ ես կատարել սեփական կամքդ։

 

Տե՜ր Հիսուս, ինձ շնո՜րհ տուր, որ Քեզ նմանվելու համար ես էլ սիրով հնազանդվեմ վերադասներիս։ Համբուրում եմ այն կապանքները, որ ինձ Քեզ են կապում՝ ազատելով ինձ հավիտենական կապանքներից։ Սրտանց ցավում եմ, որ շատ անգամ կամքս կատարելու համար չեմ ցանկացել ենթարկվել և բաժանվել եմ Քեզնից։ Նզովված թող որ լինի անձնասիրությունս։ Օգնի՜ր ինձ, որ ամբողջովին հնազանդ լինեմ Քո սուրբ կամքին։ Այնպես արա՛, որ այնքան աշխատեմ Քեզ հաճո լինելու համար, որքան դու աշխատեցիր ինձ երջանկացնելու համար։ Գիտեմ, ո՜վ Հիսուս, որ միայն Դու ես ինձ ճշմարիտ կերպով սիրողը, ես էլ ամբողջ սրտով ցանկանում եմ Քեզ սիրել՝ հրաժարվելով ամեն բանից, քանի որ Դու ինձ բավական ես։ Ցավում եմ, որ Քեզ ուշ ճանաչեցի։ Այնպես արա՛, որ կյանքս ապրեմ Քեզ սիրելով՝ լցնելու համար մինչև այսօր վատնածս ժամանակը։ Երանի՜ թե Սրբերի նման Քեզ սիրեի և մինչև մահս չդադարեի Քեզ սիրելուց։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։