30. ՀԻՍՈՒՍՆ ԱՂՈԹՈՒՄ Է ԻՐԵՆ ԽԱՉՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ – Գրադարան – Mashtoz.org

30. ՀԻՍՈՒՍՆ ԱՂՈԹՈՒՄ Է ԻՐԵՆ ԽԱՉՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հիսուսը խաչի վրայից տեսնելով Իրեն չարչարողներին ու խաչողներին, աչքերը Երկինք է բարձրացնում ու ասում. «Հա՜յր, ների՜ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում» (Ղկս 23, 34)։

Մինչև այդ պահը ձայն չէր հանել. առաջին խոսքը, որ ուղղում է Իր Երկնավոր Հորը, լինում է «Հա՜յր» անունը։ Այնպես է թվում, որ հետևից պիտի շարունակեր՝ ասելով. «Տե՛ս, թշնամիներս ինձ խաչ հանելով էլ գոհ չեն, չեն դադարում ինձ նախատելուց, ուստի պատիժ տուր նրանց, որպեսզի փառքդ ու անունդ բարձրանա»։

Այս կերպով չէր աղոթում Հիսուսը, սա բարեգութ Հիսուսի Սրտին հարմար աղոթք չէ, այլ՝ խնդրում է, որ նրանց ների, մեղք չհամարի նրանց արածը՝ արդարացնելով Իրեն խաչողներին, իբրև թե չեն գիտակցում իրենց արածը. «Հա՜յր, ների՜ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»։ Հիսուսի սիրտն ի՞նչ սիրով պիտի լցված լիներ, որ չարչարանքի ամենասաստիկ պահին Ինքն Իրեն մոռանալով՝ աղոթում է Իր թշնամիների համար։

Մեր մարդկային մտքից վեր ու գերազանց է Հիսուսի ողորմությունը։ Ո՞ր մեղավորը տեսնելով այս եղելությունը՝ դեռ կարող է տարակուսել Հիսուսի վրա, թե արդյոք իր մեղքերը պիտի ների՞ կամ ո՛չ. ո՞վ կարող է հուսահատվել Հիսուսի ողորմությունից՝ տեսնելով իր մեղքերի ծանրությունը։

Ո՜վ իմ հոգի, քաջալերվիր և մի՛ հուսալքվիր, երբ մտածելու լինես մեղքերիդ շատության ու ծանրության վրա։ Որքան էլ որ կրքերդ քեզ խռովեն և փորձությունները տանջեն, ապավինի՛ր Հիսուսի վերքերին, որոնք քեզ ապահովություն պիտի տան, որ Հիսուսը քեզ պիտի ների։

Երբ զղջացել ես մեղքերիդ համար, կարո՞ղ ես հույսդ կտրել Իրենից, երբ տեսնում ես, որ Նա Իր Հորից թողություն է խնդրում Իրեն խաչողների համար, ովքեր դեռ չեն զղջացել։

Բայց եթե ուզում ես, որ Աստված աղոթքդ շուտով լսի, կամ փափագում ես ապահով լինել Հիսուսի գթության համար և որ Իր սիրույն արժանի ես եղել, դու էլ Իր նման սրտանց ներիր բոլոր նրանց, ովքեր քեզ անարգում են ու նեղում։ Ների՛ր նրանց հանցանքները, որպեսզի Հիսուսն էլ ների քո հանցանքները։ Նրանց հոգիների փրկության համար աղոթիր այնպե՛ս, ինչպե՛ս աղոթում ես ինքդ քո համար, որպեսզի լինես Հիսուսի աշակերտը, քանի որ Նա պատվիրեց, որ սիրենք նաև մեր թշնամիներին և աղոթենք նրանց համար։

Որքա՜ն երջանիկ պիտի զգաս մահվանդ պահին, երբ խիղճդ քեզ վկայի, որ միշտ համբերել ես և ներել ես քո դեմ գործողներին։

 

Հիսո՜ւս, Դու, որ ասացիր. «Ներեցե՛ք, որպեսզի ներեմ ձեզ», ների՜ր իմ մեղքերը, որ գործել եմ Քո դեմ, որովհետև ես էլ ներում եմ բոլոր նրանց, որ գործել են իմ դեմ։ Ներում եմ նրանց և պատրաստ եմ ամեն բարիք անել նրանց։ Ուրիշ բան չեմ խնդրել Քեզնից, եթե ո՛չ միայն՝ Քո սերը. եթե Քո սերն ունենամ հոգուս մեջ, ինձ ոչինչ չի պակասի և ոչ մի բանից չեմ վախենա, ո՛չ նախատվելուց և ո՛չ էլ խաչ կրելուց։ Քո սերն ամեն բան քաղցրացնում է, աղքատությունս դառնում է իմ համար հարստություն, արցունքը՝ ուրախություն, նեղությունը՝ երջանկություն, զրկանքը՝ վայելք։ Քո սերն ունենալու դեպքում ո՛չ միայն թշվառությունը, այլ՝ մահն անգամ սոսկում չի բերում իմ վրա։ Երանի՜ այն հոգուն, որ սիրում է Քեզ, երանի՜ թե ես էլ կարողանայի ասել, թե Քեզ սիրում եմ։

Սուրբ Աստվածածին, ընդունի՜ր այս շնորհն իմ համար քո խաչված Որդուց։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։