7.1. Առարկություն. – Ավետարաններն ընդօրինակել են մահվան ու վերածննդի հեթանոսական աստվածություններից. – Գրադարան – Mashtoz.org

7.1. Առարկություն. – Ավետարաններն ընդօրինակել են մահվան ու վերածննդի հեթանոսական աստվածություններից.

Հայտնի է գործունեությունն այսպես կոչված առասպելականացնողների, այսինքն՝ նրանց, ովքեր պնդում են, թե Քրիստոսի կերպարը սոսկ մի առասպել է, և թվարկում են ենթադրյալ զուգահեռներ, համանմանություններ Հիսուսի և անթիվ անհամար հեթանոսական աստվածությունների միջև, լինեն դրանք եգիպտական, հունական, հնդկական, թե հռոմեական։
Առասպելականացնողներից ոչ մեկը մասնագիտությամբ պատմաբան չէ, խոսքը մեծ մասամբ վերաբերվում է վիպագիրների, բլոգգեռների, սպիրիտուալիստների, մարտնչող աթեիստների և, բոլորն անշուշտ, ինքնուսույցների։ Վերջին տասնամյակներում ամենահայտնիներից մեկը եղել է Դոռոթի Մառդոկքը (1960-2015), ով հայտնի է եղել նաև « Acharya S » կեղծանունով։ Նրանց գրքերից շատերը կրկնօրինակում են 19րդ դարի սպիրիտիստներից մեկի՝ Գեռալդ Մասսեյի (1828-1907) գրքերում շարադրված գաղափարները։
Հին դարերի Միջին Արևելքի ''մահվան ու վերածննդի'' աստվածությունները, որ ամենաշատն են վկայակոչվում առասպելականացնողների կողմից, սրանք են. Հոռուսը, Միթռան, Դիոնիսոսը, Ապոլլոնիոս Թիանացին, Քռիշնան և Քոնին։ Բոլորն էլ իբր թե ծնվել են Դեկտեմբերի 25-ին, քարանձավում, կույս մորից, հրաշքներ են գործել, հրապարակային ուսուցումներ են տվել, տասներկու առաքյալներ են ունեցել, մեռել են խաչված և հարություն են առել մեռելներից։ Առասպելականացնողներից յուրաքանչյուրը պաշտպանում է իր սեփական զուգահեռությունը Հիսուսի և հեթանոսական աստվածություններից մեկի միջև, քննադատելով մյուս առասպելականացնողների զուգահեռությունները հեթանոսական ուրիշ որևիցէ մի աստվածության հետ։
Հետագայում առանձին հոդվածներով կներկայացնենք հեթանոսական աստվածություններից յուրաքանչյուրին, որոնք ''ներշնչանքի աղբյուր'' են հանդիսանում առասպելականացնողների համար։ Այստեղ սահմանափակվում ենք մի քանի մեջբերում կատարելով լուրջ մասնագետների աշխատություններից, որոնք զբաղվել են այդ ենթադրյալ զուգահեռությունների վերլուծությամբ։
Թռիգգվե Մետթինգեռը (1940-), օրինակի համար, ով Հրեական Սուրբ Գրքի դոցենտ է եղել Լունդի Համալսարանում (Շվեդիա), նախաքրիստոնեական աստվածությունների ու առասպելների իր կոթողային համեմատական ուսումնասիրության ավարտին՝ գրել է. «Մահվան ու վերածննդի աստվածները սերտորեն կապակցված էին տարվա եղանակների պարբերաշրջանին, նրանց մահն ու նրանց վերադարձը նկատվում էին որպես հայելացումներ բուսական կյանքի փոփոխությունների մեջ։ Հիսուսի մահն ու հարությունը, մինչդեռ, եզակի իրադարձություն է, չկրկնվող և եղանակային փոփոխություններին չառընչվող։ Հիսուսի մահը աղբյուրներում ներկայացվում է որպես [մարդկության] մեղքերի քավության ակտ, մինչդեռ այսպիսի բանի փաստեր չկան մեռնող ու վերածնվող աստվածների համար։ Չկա, որքան որ ես գիտեմ, ոչ մի փաստ առ այն, որ Հիսուսի մահն ու հարությունը առասպելական կառուցվածք ունեն, որ ներշնչված են հին աշխարհի մեռնող ու վերածնվող աստվածների առասպելներից ու ծիսակարգերից։ Հիսուսի մահվան ու հարության վերաբերյալ հավատքը պահպանում է իր եզակի նկարագիրը կրոնների պատմության մեջ։ Առեղծվածը շարունակում է առեղծված մնալ»[1]։
Գլխավոր ուսումնասիրողներից մեկը, որ վերջին տարիներին ավելի է զբաղվել առասպելականացնողների պնդումներով, Բառթ Դ. Էհռմանն է, ով, հիշենք, Քրիստոնեության ծագման (ագնոստիկ) ուսումնասիրող է և Կրոնական Ուսումների ամբիոնի նախագահն է Հյուսիսային Քառոլինայի Համալսարանում։ Հիսուս Նազովրեցու և հեթանոսական անթիվ անհամար աստվածությունների միջև ամենատարբեր տեսակի զուգահեռներ անցկացնողներին բազմաթիվ անգամներ պատասխանելուց հետո, եզրակացրել է. «Առասպելականացնող գրականության մեջ ամենահաճախակի գործածվող դրույթներից մեկն այն է, որ Հիսուսն իբր թե հորինվել է առաջին քրիստոնյաների կողմից, որոնք իբր թե խորապես ազդված էին մահվան ու վերածննդի աստվածության գերիշխող հասկացողությունից, որը բավականին տարածված էր հին աշխարհի հեթանոսական կրոններում։ Հիսուսը իբր թե դրանց հրեական տարբերակն է։ Լուրջ կասկածներ կան առ այն, որ հեթանոսական աշխարհում իսկապես գոյություն ունեին մահվան ու վերածննդի աստվածություններ, և, լինելու դեպքում, որ ինչ որ մի համընդհանուր բան ունեին Հիսուսի մահվան ու հարության հետ։ Կարծիքը, մի ժամանակ ընդունված, թե մահվան ու վերածննդի աստվածները տարածված էին հին հեթանոսական աշխարհում, մի կողմ է դրվել մասնագետների կողմից։ [...] Պատճառներից մեկը, որի հիման վրա ուսումնասիրողները չեն կարծում, որ Հիսուսը կաղապարվել է այդ աստվածություններից որևէ մեկի բնորոշ հատկանիշներով, նաև բացակայությունն է փաստերի, որոնք կարող են վկայել հօգուտ այն բանի, որ Նրա հետևորդներից ինչ որ մեկը տեղյակ էր այդ աստվածությունների գոյությանը այն ժամանակ և այն վայրում, ուր Հիսուսը իբր թե հորինվել է։ Հիսուսի մահն ու հարությունը եզակի իրադարձություն են, Մերձավոր Արևելքի հին աստվածությունների մեջ ոչ մի նման բան չի հանդիպում։ Յուրաքանչյուր ոք, որ մտածում է, թե Հիսուսի կերպարը կաղապարվել է՝ որպես մոդել վերցնելով այդ աստվածությունները, պետք է հիմնավորումներ ներկայացնի, – որևիցէ մի տեսակի, – որ պաղեստինաբնակ հրեաները ազդեցություն են կրել [այդ առասպելներից]։ Հիսուսի և մահվան ու վերածննդի աստվածների միջև գոյություն ունեցող տարբերությունները փաստում են, որ Հիսուսը չի կաղապարվել նրանց բնորոշ հատկանիշներով, նույնիսկ եթե ընդունելու լինենք, թե Իր ժամանակներում եղել են անձինք, որ խոսել են այդ աստվածությունների մասին»[2]։
[1] T.N.D. Mettinger, The Riddle of Resurrection. Dying and Rising Gods in the Ancient Near East, Wiksell International 2001, p. 220, 221.
[2] B.D. Ehrman, Did Jesus Exist?, Harper Collins Publishers 2012, p. 225-235.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։