9.4. Ոչ մի անձնական շահ, մարտիրոսության լիակատար պատրաստակամություն. – Գրադարան – Mashtoz.org

9.4. Ոչ մի անձնական շահ, մարտիրոսության լիակատար պատրաստակամություն.

Նույնիսկ եթե որպես վարկած ընդունենք, թե աշակերտներն ինչ որ մի կերպ հորինել են Հիսուսի Հարության պատմությունը, ակնհայտ է, համենայն դեպս, որ դա կարող էր միայն որոշ ժամանակ շրջանառության մեջ մնալ։ Ինչո՞ւ, օրինակի համար, նրանք – բոլո՛րը, ո՛չ թե՝ ոմանք – պետք է պատրաստակամ լինեին հալածվելու և վերջում նաև մեռնելու ստի համար։ Ինչո՞ւ պետք է հեռանային ընտանիքներից, թողնեին իրենց աշխատանքը, ունեցվածքները, ընկերներին, հայրենիքը, հանգիստ կյանքը, և գնային ողջ աշխարհով մեկ արհեստականորեն հորինված հեքիաթներ պատմելու։ Կրկնենք՝ ո՛չ թե նրանցից ոմանք, այլ՝ նրանք բոլորը, առանց փոխարենը ինչ որ մի անձնական շահ ունենալու։ Եվ կարծես այդքանը բավական չէ, պնդելով այդ ժամանակվա մարդկանց ընկալմամբ լիովին սրբապիղծ ու անհեթեթ դրույթներ, որոնք այդպիսին էին և՛ իրենց համար, և՛ այն մարդկանց, որոնց ուղղում էին իրենց խոսքը՝ լի մանրամասնություններով, որոնք կարող էին միայն ավելացնել նրանց կասկածները (օրինակ՝ կանանց վկայությունը)։
Ինչո՞ւ պետք է շարունակեին իրենց այդ քարոզչությունը տասնամյակներ շարունակ, ինչո՞ւ պետք է շարունակեին կրկնել միևնույն ստերը, որոնք իրենց՝ աշակերտներին միայն մի բանով էին ապահովում. դժոխային կյանք, հասարակության և իշխանությունների կողմից մերժվածություն, հալածանք, բանտարկություն, կտտանքներ, քարկոծություն, համընդհանուր ատելություն, միայնություն, անասելի տառապանքներ, և վերջում՝ մահապատիժ ու մարտիրոսություն։ «Նրանց ճշմարիտ, մարդկային և հարմարավետ շահը կլիներ լռելը»[1], իրավացիորեն գրել է Կարդինալ Ջուզեպպե Սիռին (1906-1989)։
Իտալացի լրագրող և ուսումնասիրող Անտոնիո Սոչչին (1959-) իր հերթին իրավացիորեն նշել է. «Եթե Հիսուսը մահացել էր և վերջ, – և չմոռանանք, որ Նրա մահը եղել էր ոճրագործների, անիծյալների մահը, մի մահ, որի պատճառով աշակերտները պետք է ամաչեին, – վստահաբար նրանց ուրիշ ոչինչ չէր կարող տալ, եթե ո՛չ միայն՝ գլխացավանք. միակ խելացի բանը, որ նրանք կարող էին անել, դա իրենք ևս թիրախավորվելուց խուսափելն էր, էջը դարձնելը, ապահովություն փնտրելը։ Եվ, սարսափահար՝ ինչպես որ էին այդ ուրբաթ օրը (վախի պատճառով Հիսուսին միայնակ էին թողել ձերբակալությունից մինչև Գողգոթա), փաստացի հենց այդպես էլ վարվում էին. միայն մի բանի մասին էին մտածում, թաքնված մնալու և հարմար պահին սպասելու՝ Երուսաղեմից փախչելու և Գալիլեա վերադառնալու համար։ Այդ ի՞նչ պատահեց՝ այդքա՜ն տակնուվրա անող, որ կարողացավ այդ սարսափահար խեղճ անհատներին, որոնք իրենց թակարդն ընկած էին զգում, փոխակերպել արիասիրտ անձնավորությունների, որ բացահայտ կերպով մարտահրավեր են նետում իշխանություններին հրապարակներում, առանց այլևս ոչնչից վախենալու, պատրաստակամ ամեն ինչի։ Ի՞նչ ապրեցին այդքա՜ն վիթխարի, որ կարողացավ գլխիվայր շրջել նրանց սարսափը և փոխակերպել բուռն արիության։ Ի՞նչ կատարվեց, որ կարողացավ ծնունդ տալ նրանց մեջ այսպիսի աղմկահարույց փոփոխության, որը դարձրեց նրանց պատրաստակամ, պարզությամբ ու վճռակամությամբ, կրելու մարտիրոսությունը։ Միակ արժանահավատ վարկածն այն է, որ Հիսուսն իրոք վերադարձել է նրանց մոտ՝ ողջ, հարուցյալ։ Սա միակ ֆակտն է, որ կարող է բացատրել այսքա՜ն կտրուկ ու ապշեցուցիչ փոփոխությունը։ Եթե երբեք չկամեցան հրաժարվել այն բաներից, ինչ ասել էին, թե տեսել էին իրենց աչքերով և հպվել էին իրենց ձեռքերով, եթե ետ չքաշեցին իրենց վկայություններն անգամ դահիճների կողմից գործադրվող կտտանքների ներքո, նշանակում է, որ պետք է լիովին վստահ լինեին, և որ նրանց վկայությունները պետք է որ լիովին ճշմարիտ լինեին»[2]։
Ձախողված, խաչված, ստորացված և Աստծուց խաչով անիծված Վարդապետի սարսափար աշակերտներից՝ առյուծների, որ պատրաստակամ են մարտիրոսանալու, բայց չուրանալու այն, ինչ տեսել էին իրենց սեփական աչքերով։ Սա հնարավո՞ր է բացատրել առանց հաստատելու, որ կատարվել էր ինչ որ մի բան՝ վիթխարի ու ամեն բան տակնուվրա անող։ Այսպես է, որ բրիտանացի համբավաշատ ուսումնասիրող Ն.Թ. Ռայթը եզրակացրել է. «Այս պատճառով է, որ, որպես պատմաբան, սկզբնական Քրիստոնեության տարածումը չեմ կարողանում բացատրել ա՛յլ կերպ, քան միայն, որ Հիսուսը հարություն է առել՝ Իր ետևում մի դատարկ գերեզման թողնելով»[3]։
Ամերիկացի իրավաբան Սայմըն Գռինլիֆը (1783-1853), Հարվարդի Իրավաբանական Դպրոցի Հիմնադիրը, ով կասկածամտությունից դարձի եկավ քրիստոնեական հավատքի՝ հենց Հարության պատմական աղբյուրները ուսումնասիրելով), ընդգծել է պատմության մեջ այս իրադարձությունների եզակիությունը. «Քարոզելով այս նոր հավատքը, նաև ամենախաղաղ ու ոչ ոքի չվիրավորող եղանակով, [առաջին քրիստոնյաները ենթարկվեցին] ծաղրի, ընդդիմության, [...] մինչև դաժան մահվան։ Եվ սակայն, ջերմեռանդությամբ քարոզեցին հենց այս հավատքը, և համբերությամբ կրեցին բոլոր այդ տառապանքները առանց երկմտելու, մանավանդ թե՝ ուրախությամբ։ Մինչ մեկը մյուսի ետևից բարբարոսաբար ենթարկվում էին մահվան, վերապրողները [շարունակում էին] պարզորեն նրանց գործը՝ հավելյալ կորովով ու վճռակամությամբ։ [...] Զինվորական պատերազմների ժամանակագրություններում հազիվ թե կարող ենք գտնել նման հերոսական հարատևության ու համբերության և նման անհաղթելի քաջության մի օրինակ։ [...] Նույնիսկ եթե կարող էր բարոյապես հնարավոր լինել, որ նրանք խաբված լինեին այդ հարցերում, յուրաքանչյուր մարդկային դրդապատճառ համագործակցում էր՝ մղելու համար նրանց մտորելու և ճանաչելու իրենց սխալը։ Այս [խորհրդածություններից] անհնարին է խուսափել, եթե ո՛չ միայն՝ կատարյալ համոզվածությամբ և ընդունելով, որ նրանք ազնիվ անձնավորություններ էին, որ վկայում էին այն, ինչը որ մանրակրկիտ խնամքով դիտել էին, [...] և հաստատ գիտեին, որ ճշմարտությունն է»[4]։
«Քրիստոնեական համայնքի անփոխարինելի հիմքը Հարուցյալ Հիսուսն է, Նրա կենդանի ներկայությունը»[5], նշել է Խոսե Միգել Գառսիան։
Սրա պատճառով, և առանց փոխարենը ինչ որ մի բան ստանալու, Առաքյալներն ու աշակերտները ենթարկվեցին ամեն տեսակ հալածանքների։ «Նոր Կտակարանի գրությունները ցույց են տալիս, որ նորածին Եկեղեցին դա մի շինություն է, որ վեր է խոյանում Հարության հիմքի վրա, որպես անփոխարինելի սկզբունք»[6], եզրակացրել է անվանի աստվածաշնչագետ Մառիանո Հեռռանց Մառքոն։
Չառլզ Ֆ.Դ. Մաուլն (1908-2007), ի վերջո, ով Նոր Կտակարանի դոցենտ է եղել Քեմբրիջի Համալսարանում, նշել է. «Եթե Նազովրեցիների՝ Նոր Կտակարանի կողմից վկայված անհերքելի ֆենոմենի ծնունդը մի մեծ անցք է բացում պատմության ներսում, մի անցք, որի չափսերն ու ձևերը համապատասխանում են Հարությանը, ինչո՞վ է այն պատրաստվում բացատրել լաիկ պատմաբանը։ Քրիստոնեական Եկեղեցու ծնունդն ու արագ տարածումը շարունակում է մնալ որպես չլուծված առեղծված որևիցէ մի պատմաբանի համար, ով հրաժարվում է լրջովեն հաշվի առնել ինքնին Եկեղեցու կողմից ընծայված միակ բացատրությունը»[7]։
[1] G. Siri, La Rivelazione, Studium 1940, p. 91.
[2] A. Socci, Indagine su Gesù, Rizzoli 2008, p. 269.
[3] N.T. Wright, The New Unimproved Jesus, Christianity Today, 13/09/1993.
[4] S. Greenleaf, The Testimony of the Evangelists, Kregel 1995, p. 31, 32.
[5] J.M. Garcia, Il protagonista della storia. Nascita e natura del cristianesimo, Rizzoli 2008, p. 281.
[6] M.H. Marco, Los evangelios y la critica historica, Ediciones Cristiandad 1978, p. 16.
[7] Մեջբերված է. W.L. Craig, Contemporary Scholarship and the Historical Evidence for the Resurrection of Jesus Christ, Truth 1985, Vol. 1, p. 89-95.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։