Ավետումը. Ղուկաս 1, 26-38 – Գրադարան – Mashtoz.org

Ավետումը. Ղուկաս 1, 26-38

Այդ ժամանակ Գաբրիել հրեշտակն Աստծո կողմից ուղարկվեց Գալիլեայի մի քաղաքը, որի անունն էր Նազարեթ, մի կույսի մոտ, որ նշանված էր Դավթի տնից Հովսեփ անունով մի մարդու հետ: Կույսի անունը Մարիամ էր: Հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ողջո՜ւյն քեզ, ո՜վ շնորհներով լի, Տերը քո հետ է»: Նա խռովվեց, լսելով այս խոսքերը, և իր մտքում խորհում էր, թե ի՛նչ էր նշանակում այդ ողջույնը: Հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիամ, որովհետև դու շնորհ գտար Աստծո առաջ: Ահա՛, դու կհղիանաս ու մի որդի կծնես, և նրա անունը կդնես Հիսուս: Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի: Տերը՝ Աստված, նրան կտա նրա հոր՝ Դավթի գահը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, և նրա թագավորությունը վախճան չի ունենա երբեք»:
Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպե՞ս է դա հնարավոր: Ես տղամարդ չեմ ճանաչում»: Հրեշտակը պատասխանեց նրան. «Սուրբ Հոգին կիջնի քո վրա, և Բարձրյալի զորությունը քո վրա կտարածի իր հովանին: Նա, ով քեզնից ծնվելու է, սուրբ է և Աստծո Որդի է կոչվելու: Տե՛ս. Եղիսաբեթն էլ, քո ազգականուհին, որդի է հղացել իր ծերության մեջ, և սա հղիության վեցերորդ ամիսն է նրա, ում բոլորն ամուլ էին կոչում. ոչինչ անհնարին չէ Աստծո համար»:
Եվ Մարիամն ասաց. «Ահա՛ ես, Տիրոջ աղախինն եմ, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»: Եվ հրեշտակը հեռացավ նրանից:
 
 
Ղուկասի Ավետարանի սկիզբը հրեշտակային թևերի հողմապտույտ է ասես: Հրեշտակները բանաստեղծական կամ աստվածաբանական միամտություն չեն, բնակվում են սահմանագծերի վրա, այնտեղ՝ ուր պատմությունը կանգ է առնում, իբրև խոսք, որ մարտահրավեր է նետում իրականությանը. կարող է լինել «ավելին»: Այդ «ավելին», որը մարդն ինքն իրեն տալ չի կարողանում, որը գերազանցում է պատնեշը և անցնում է սահմանից այն կողմ, Աստծո գալուստն է մարմնի մեջ, որպեսզի մարմինը դառնա հոգի. քաջությունն է ապրելու գաղափարականների համար, և ո՛չ թե միայն կարիքների, քաջությունն է ապրելու մի նվիրյալ կյանքով. «Ահա՛ ես: Տիրոջ աղախինն եմ»:
Ավետումը պատմության հափշտակությունն է. գալիս է այն, ինչը որ մարդկությունը չի կարող ինքն իրեն տալ միայն իր սեփական ուժերով: Պատմությունը դուրս է գալիս ինքն իրենից, իր կենտրոնը կրկին հաստատում է մի ա՛յլ առանցքի վրա, լուսավորվում է մի ա՛յլ արևով:
Ղուկասը, հունական ծագում և կրթություն ունենալով, իր հաշվետվությունը կատարում է այն նոր մեթոդների համաձայն, որոնցով հույները սկիզբ տվեցին պատմագրությանը, այսինքն՝ պատմության գիտությանը. իր Ավետարանի սկզբում իսկույն հայտարարում է, թե որոնք են իր աղբյուրները.
– Երուսաղեմում գտած ականատես վկաները. «Որոշեցի բծախնդիր պրպտումներ կատարել նրանց մոտ, ովքեր ... » (1, 3), և իր հետաքննությունը կատարել է Հիսուսի մանկության վկաների մոտ: Օրինակ, Հովհաննես Մկրտչի ընտանիքի հարևանները, որոնք – ինչպես հենց ինքն է ասում – «Իրենց հիշողության մեջ և իրենց սրտերում պահում էին այդ խոսքերն ու դեպքերը» (1, 66):
– ուրիշների կողմից շարադրված պատմությունները, որոնց հիմքում ընկած են խոսքերը նրանց, ովքեր սկզբից ևեթ եղել են Հիսուսի վկաները (1, 1-2).
– հավանաբար հենց ինքը՝ Կույս Մարիամը, Ղուկասի պատմական չհայտարարված աղբյուրը, «սրտի դիվանը» այն ամենի, ինչ պատահել էր. Ղուկասը երկու անգամ շեշտում է, որ Մարիամը հիշում էր, իր սրտում պահում էր, խորհրդածում էր խոսքերի ու դեպքերի մասին. Սուրբ Ծննդյան պատմության ավարտին (2, 19) և Մանկության Ավետարանի վերջավորությանը (2, 51): Այս հիշողությունից է, որ ծնվել է նաև ավետման պատմությունը, մի դեպք, որը միայն Մարիամը կարող էր պատմել Ղուկասին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։