Երեք անգամ հրեշտակը – Գրադարան – Mashtoz.org

Երեք անգամ հրեշտակը

Հրեշտակի կողմից արտասանված երեք խոսքերի մեջ պարփակված է հազարամյա իմաստությունն այն բանի մասին, թե ինչպես է տեղի ունենում ճշմարիտ հանդիպումն Աստծո հետ: Դրանց քերականական կառուցվածքը միայն քննարկելն էլ կօգնի մեզ հասկանալու ամեն բան:
Հրեշտակի առաջին նախադասության մեջ ենթակաները երկուսն են. Մարիամը և Տերը: Նրանցից յուրաքանչյուրը կրում է մի բայ: Հրեշտակը մատնացույց է անում երկու անձանց միջև ծավալվող մի հարաբերություն, «դու» առ «դու», մի երես առ երես, դեմ առ դեմ հարաբերություն արարածի և Արարչի միջև: Պատմության ակնաբուխ աղբյուրը այս անձնական ու ծածուկ հանդիպումն է:
Երկրորդ խոսքի մեջ հրեշտակն արտասանում է երեք նախադասություն, որոնցից յուրաքանչյուրը տարբեր ենթակայով. Մարիամը, Աստված և մի Ուրիշը, «որ մեծ է լինելու, Բարձրյալի Որդի է կոչվելու»: Մարիամի և Տիրոջ միջև հարաբերությունը դառնում է բեղուն, ստեղծագործող, հանդիպումը ծնունդ է տալիս: Իմ և Աստծո միջև միշտ մտնում է մի երրորդ մեկը. իմ զավակը, իմ եղբայրը, աղքատը, աշխարհն ամբողջ: Աստծո հետ սիրտ սրտի հարաբերությունը ծնում է սիրո մի շրջանառություն, ճիշտ այնպես, ինչպես կատարվում է Երրորդության մեջ, ուր Սուրբ Հոգին սերն է, որ շրջագայում է Հոր և Որդու միջև:
Երրորդ խոսքի մեջ հրեշտակը խոսում է միայն Աստծո զորության մասին, որի համար «ոչինչ անհնարին չէ»: Նախադասությունների ենթական այժմ միայն Մեկն է ( – Եղիսաբեթը երկխոսությունից դուրս գտնվող կերպար է – ): Մարիամն անհետանում է Աստծո հովանու ներքո, Հոգու թևերի ներքո, անհետանում է Նրա ետևում, ով ծնվելու է: Մնում է Աստծո գերագահությունը: Եվ մարդն այլևս Աստծո հետ չէ, Աստծո մեջ է: Աստծո կողքին լինելուց՝ Աստծո մեջ լինելու: Այլևս չի ասում. «Սերը քո հետ է», այլ. «Դու՝ Մարիամ, դու՝ հոգի, սիրո գրկում ես»: Ընթացքն է հանդիպման քաղցն ունեցող յուրաքանչյուր արարածի, Աստծո մեջ լինելու ծարավն ունեցող յուրաքանչյուր խորհրդազգացի:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։