Հոգեգալուստ. Գործք Առաքելոց 1, 14 – Գրադարան – Mashtoz.org

Հոգեգալուստ. Գործք Առաքելոց 1, 14

Բոլորը, միասիրտ, հարատև աղոթքի մեջ էին մի քանի կանանց և Հիսուսի մոր՝ Մարիամի ու նրա եղբայրների հետ:
 
 
Մարիամը բացակա չի եղել Քրիստոսի պատմությանն առնչվող որոշիչ պահերից ոչ մեկի ժամանակ (մարդեղություն, զատկական խորհուրդ, հոգեգալուստ), որպես եզակի ու անփոխարինելի հիշողություն ինչ որ մի բանի, որ միայն ինքն է ապրել Որդու հետ իր մայրական բացառիկ հարաբերության ներսում, որպես ճշմարիտ ոսկե թել, որով ամեն բան միավորվում է ու լուսավորվում:
Հարյուր քսան եղբայրների խմբում, որոնք աղոթքի մեջ սպասում էին ըստ Հոգու մկրտությանը, Ղուկաս Ավետարանիչը նշում է նաև նրա ներկայությունը: Մարիամը չի լքում նրանց, որոնց կողմից լքվել էր, Առաքյալներին, այլ՝ հավաքում է նրանց իր շուրջը, աղոթում է նրանց հետ, բարեխոսում է նրանց համար, պարգևում է նրանց ինչ որ մի բան: Հոգու «dýnamis»ը (զորությունը, ուժը և էներգիան), որն իջնելու էր Առաքյալների ու եղբայրների վրա և որը նրանց վրա հեղվելու էր ի վերուստ, այն նույն զորությունն էր, որն արդեն իջել էր Կույսի վրա և հմայել էր նրան (հմմտ. Ղկս 1, 35), նրան ի վիճակի դարձնելով աստվածային մայրությանը: Հոգեգալստյան ժամանակ Հոգու պարգևը նորության արժեք ունի միայն սկզբնական հասարակության, բայց ո՛չ Մարիամի համար: Սուրբ Կույսը, մինչդեռ, Հոգու ձգողականության ծածուկ, բայց կենդանի բևեռն է հասարակության ներսում: Նա արդեն իսկ, մի դինամիկ լարվածությամբ, Հոգու գերագույն վայրն է: Անտեսանելիի եզրագիծն ու տեսանելիի եզրագիծը Փրկության պատմության մեջ միմյանց հանդիպում են Մարիամի անձում:
Գործք Առաքելոց գիրքը ներկայացնում է սկզբնական Եկեղեցին հավաքված Մարիամի շուրջը, Վերնատանը (Գրծ 1, 13), մինչ սպասում են Հոգու գալստյանը: Պետրոսն է, որ Մարիամի հետ է, ո՛չ թե Մարիամը՝ Պետրոսի: Մարիամն այնտեղ է ո՛չ թե Հոգին ստանալու համար, այլ՝ պարգևելու: Այնտեղ է որպես նա, ով առաջինն է ստացել Սուրբ Հոգու լիությունը, Ավետման ժամանակ (Ղկս 1, 26-38):
Ղուկասի Ավետարանն ավարտվում է աշակերտների ''խմբակային լուսանկարով''. «Եվ միշտ տաճարում էին, գովաբանում և օրհնաբանում էին Աստծուն» (Ղկս 24, 53): Գործք Առաքելոց գիրքը սկսվում է աղոթող աշակերտների միևնույն ''խմբակային լուսանկարով''. «Բոլորը, միասիրտ, հարատև աղոթքի մեջ էին մի քանի կանանց և Հիսուսի մոր՝ Մարիամի ու նրա եղբայրների հետ» (Գրծ 1, 14): Ղուկասի համար կարևորագույն հարց է ընդգծելը, որ հասարակությունը հավաքված էր համատեղ աղոթքի, որին ներկա էր Մարիամը: Այս հստակ ու բացահայտ նշումը չի կարող դիտավորյալ չլինել: Ինչպես Ավետարանում նա նկարագրում է Քրիստոսի ծնունդն ու մանկությունը, այնպես էլ Գործք Առաքելոցում նկարագրում է Եկեղեցու ծնունդն ու մանկությունը: Եվ Մարիամը ներկա է այդ երկու իրադարձություններին եզակի ու ինքնատիպ ձևով: Ղուկասն ընդգծում է պատմական շարունակականությունը Սուրբ Հոգու ներգործությամբ Կույս Մարիամից ծնված Հիսուսի և Սուրբ Հոգու ներգործությամբ ծնված Եկեղեցու միջև, որտեղ տակավին ներկա է Կույս Մարիամը, Մայրը «բազում եղբայրների մեջ Առաջնեկի»:
Մարիամը բոլոր ժամանակների հավատացյալների համայնքներում է, ներկա է որպես Մայրը Առաջնեկի, ամեն տեղ, ուր կան Առաջնեկի եղբայրներն ու քույրերը, Հարուցյալի վկաները. ամեն տեղ, ուր արք և կանայք հավաքվում են Առաքյալների հետ միասին, սպասելով Տիրոջ Հոգու գալստյանը, որն իրենց դարձնում է Հարուցյալի վկաները: Այստեղ էլ Մարիամը Եկեղեցու առաջին բջիջն է. նա, ով արդեն իսկ ստացել է Հոգին, ով Նրանով արդեն իսկ լիուլի է: Նա ընկերակցում է Եկեղեցու աղոթքին և կանխավ ցույց է տալիս Հոգու ներգործությունը, որպեսզի Եկեղեցու մեջ իրագործվեն Քրիստոսի ընթացքի քայլերը:
Գործք Առաքելոցում ներկայացված ''Եկեղեցու մանկության'' պատմություններում ընդգծվում են երկու տեսանկյուններ. միասիրտ աղոթքը. աշակերտների հարատևությունը աղոթքի մեջ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։