Մարկոսի լռությունը – Գրադարան – Mashtoz.org

Մարկոսի լռությունը

Չորս Ավետարաններից առաջինը Մարկոսի Ավետարանն է, որն անկասկած շարադրվել է 70 թվականից առաջ, և որն Հռոմում հավաքել և տարածել է Պետրոս Առաքյալի և իր միջավայրի հիշողությունները: Եվ արդեն մի ուսուցում է. Մարիամի մեծությունն ակնհայտ չէ և ո՛չ իսկ Պետրոսի համար:
Մարկոսի լռությունը տևական է, բայց ո՛չ թշնամական. Մարիամն այս Ավետարանում հիշատակվում է սոսկ որպես Հիսուսի ''անձնագրային'' մայրը, և ուսմունքային արտահայտությունների որևէ փորձ այստեղ բացակայում է (Մրկ 3, 31-35): Մարկոսը ոչ մի կարևորություն չի ընծայում Հիսուսի մանկությանը: Նրա Ավետարանն, արդարև, սկսվում է Հիսուսի մկրտության պատմությամբ: Մարկոսի համար Հիսուսը Մարիամի որդին է, բայց այս արտահայտությունը նա հասկանում է որպես ուրիշ որևիցէ մի արտահայտությանը հավասարազոր արտահայտություն, այնպես՝ ինչպես Սաղոմեի համար ասվում է, որ Զեբեդեոսի որդիների մայրն էր: Ինչպես նաև, հարկավոր է հաշվի առնել փաստը, որ Մարկոսի Ավետարանում սակավաթիվ կանայք են հայտնվում իբրև դերակատարներ: Զարմանալի է նաև տեսնելը, որ ուրիշ Մարիամներ Մարկոսի ուշադրությունը գրավել են ավելի, քան այն մեկն ու միակը, որը Քրիստոսին կապված էր ամենասերտ կերպով, ըստ մարմնի ու արյան (եթե անշուշտ դրանում չտեսնենք հետքն ու արտահայտությունն այն ''հեռավորության'', որ Պետրոսը կամեցել է պահպանել Հիսուսի արյունակից ազգականների նկատմամբ): Նույնիսկ խաչելության գերագույն պահին Մարկոսն հիշատակում է ներկայությունը մի քանի կանանց, որոնց մեջ նաև Մարիամ Մագդաղենացուն՝ գալիլեացի աշակերտուհիների ճանաչված խմբապետին, և նրա հետ՝ Հակոբոսի և Հովսեի մայր Մարիամին, և Հովհաննեսի ու Հակոբոսի մայր Սաղոմեին (Մրկ 15, 40-41), բայց ո՛չ Հիսուսի Մորը:
Մարկոս-Պետրոսի Ավետարանը հայելացումն է այն իրականության, որը կարող ենք անվանել ''պետրոսյան եկեղեցի'', հետևելով Հանս Ուրս ֆոն Բալթասարի արգասավոր մտքին, որի համաձայն՝ Եկեղեցու ներսում նշմարելի են երկու սկզբունք. պետրոսյանը և մարեմականը: Պետրոսյան սկզբունքն առաջնորդում է նվիրապետությանը, պաշտոններին, կազմակերպությանը, համակարգին, ուսմունքին. մարեմական սկզբունքն առաջնորդում է հաղորդակցությանը, ընդունմանը, աղոթող կյանքին, սիրո մեջ փոխադարձ կերտմանը, վանականությանը, ժողովրդական հոգուն: Մարիամի վերաբերյալ լռությունը նորածին Եկեղեցուց փոխանցվել է պետրոսյան սկզբունքով առաջնորդվող եկեղեցիներին և տիրող է դարձել քրիստոնեական որոշ դավանությունների մոտ: Արևելյան Եկեղեցիներին պատկանող քրիստոնյաներն ավելի մոտ են Հովհաննես Առաքյալի՝ Նոր Կտակարանի վերջին հեղինակի տեսությանը, որն առավել այլաբանական է, ներիմացական, աստվածաբանական. Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու հետևորդներն առավել ներդաշնակ են Ղուկաս Ավետարանչի տեսության հետ: Մարիամի վերաբերյալ գոյություն ունի աստվածաշնչյան մի բազմազանություն, որից էլ սերում է դավանական բազմաձայնությունը, որը վատառողջ ու վնասակար իրականություն է, եթե տարբեր մոտեցումներն հակադրվում են միմյանց, բայց դառնում է հարստություն, եթե համատեղվում են և փոխադարձաբար լրացնում միմյանց:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։