Ա. – Աստծո պատվիրանները – Գրադարան – Mashtoz.org

Ա. – Աստծո պատվիրանները

232. – Փրկվելու համար բավակա՞ն է հավատալ նրան, ինչ որ Եկեղեցին ուսուցանում է:

– Ո՛չ, փրկվելու համար բավական չէ սոսկ հավատալ այն ամենին, ինչ Եկեղեցին ուսուցանում է, այլ՝ հարկավոր է նաև այդ հավատքի համեմատ ապրել ու գործով կատարել Աստծո և Եկեղեցու պատվիրանները։

 

233. – Ի՞նչ են Աստծո պատվիրանները:

– Աստծո պատվիրաններն աշխարհի վրա մեզ առաջնորդելու և երկնքի մեջ մեզ երջանկացնելու համար տրված հրահանգներ են, որ հրամայում են բարի գործեր և արգելում են ամեն չար գործ։

 

234. – Աստծո պատվիրանները քանի՞ տեսակ են:

– Երկու տեսակ՝ բնական և դրական. բնականը մտքի լույսը և խղճի ձայնն է, որ Աստված դրել է ամեն մարդու հոգու մեջ, իսկ դրականը կազմում են այն Տասը Պատվիրանները, որ Մովսես մարգարեի ձեռքով Սինա լեռան վրա տվեց։

 

235. – Աստծո պատվիրանները կատարելու համար ի՞նչն է կարևոր:

– Աստծո պատվիրանները լավ կատարելու համար նախ պետք է սովորել և ճանաչել դրանք, ապա պետք է սովորել նաև ուղիղ բարոյականի սկզբունքները, որպեսզի ծուռ գաղափարներով մեր խիղճը չավիրենք։

 

236. – Աստված Իր կամքն ուրիշ ի՞նչ կերպերով է մեզ հայտնում:

– Աստված Իր կամքը մեզ հայտնում է նաև Իր ներկայացուցիչների ձեռքով, այսինքն՝ ծնողների, վերադասների, եկեղեցական ու քաղաքական իշխանությունների և նրանց կողմից դրված հրամանների ու կանոնների միջոցով, երբ դրանք չեն հակասում Աստծո պատվիրաններին։

 

237. – Որո՞նք են Աստծո Տասը Պատվիրանները:

– Աստծո Տասը Պատվիրանները սրանք են.

1) Ես Եմ քո Տեր Աստվածը, Ինձնից բացի ուրիշ Աստված մի՛ ունեցիր.
2) Աստծո Անունը զուր տեղը մի՛ գործածիր.
3) Հանգստյան յոթերորդ օրը (Կիրակին) սուրբ պահիր.
4) Պատվի՛ր քո հորն ու մորը.
5) Մի՛ սպանիր.
6) Մի՛ շնացիր.
7) Մի՛ գողացիր.
8) Սուտ վկայություն մի՛ տուր.
9) Ուրիշի կնոջը մի՛ ցանկացիր.
10) Ուրիշի ունեցվածքը մի՛ ցանկացիր։

 

238. – Այս Տասը Պատվիրանները Քրիստոսն ինչպե՞ս կատարելագործեց:

– Քրիստոսն Աստծո Տասը Պատվիրանները կատարելագործեց՝ ամփոփելով դրանք Սիրո երկու պատվիրանների մեջ. այնպես, որ այս երկուսը պահողը մյուս տասն էլ կպահի։

 

239. – Որո՞նք են այդ երկու գլխավոր պատվիրանները:

– Այդ երկու պատվիրաններն են.

1) Պիտի սիրես քո Տեր Աստծուն ողջ սրտովդ, ողջ հոգովդ ու ողջ զորությամբդ (այսինքն՝ կամքդ, միտքդ, զգացումներդ ու գործերդ բոլորն Աստծո համար պիտի անես).
2) Պիտի սիրես մերձավորիդ քո անձի նման (այսինքն՝ ինչ որ ուզում ես, որ ուրիշները քեզ անեն, դու էլ նրանց արա, և ինչ որ չես ուզում, որ քեզ անեն, դու էլ ուրիշին մի՛ արա)։ Որովհետև ով սիրում է, չար ոչինչ չի անի իր մերձավորին: Հիսուսն ընդգծում է այն փաստը, որ կարևոր է ո՛չ թե սոսկ արտաքուստ ինչ-ինչ գործեր անել, կամ ինչ-ինչ գործեր չանել, այլ՝ գործել միմիայն սիրուց մղված:

 

240. – Կարո՞ղ է մեկն Աստծուն սիրել և մարդկանց ատել:

– Ո՛չ, Աստծո և մարդկանց ճշմարիտ սերն անբաժան են իրարից, առանց մարդկանց հանդեպ սիրո՝ Աստծո հանդեպ սերը կեղծ է։

 

241. – Եթե մարդ չի պահում այս պատվիրանները, Աստված նրան պատժո՞ւմ է:

– Աստված ոչ ոքի չի պատժում, այլ՝ բոլորին միշտ հրավիրում է զղջման և ուղղման: Բայց մարդիկ իրենք են, որ սխալ գործելով՝ հեռանում են Աստծուց, իսկ Աստծուց հեռանալով՝ հեռանում են Նրա փառքից, երանությունից, ներդաշնակությունից, իրենք իրենց դատապարտում են տարատեսակ տառապանքների այս կյանքում, իսկ վերջնական կերպով չուղղվելու դեպքում՝ իրենք իրենց ընտրությամբ դատապարտվում են դժոխքի: Դա Աստված չէ, որ անում է: Դա մարդիկ անում են իրենց ազատ ընտրությամբ:

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Փրկվելու համար բավակա՞ն է սոսկ տեսական հավատքը։
– Որո՞նք են Աստծո Տասը Պատվիրանները։
– Քրիստոսը քանի՞ պատվիրանի մեջ ամփոփեց բոլորը, և որո՞նք են դրանք։
– Հնարավո՞ր է սիրել Աստծուն առանց սիրելու մարդկանց, որ Իր զավակներն են ինչպես մենք:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։