Ա. – Եկեղեցու Սուրբ Խորհուրդներ – Գրադարան – Mashtoz.org

Ա. – Եկեղեցու Սուրբ Խորհուրդներ

403. – Շնորհ ընդունելու գործնական միջոցները որո՞նք են:

– Շնորհ ընդունելու գործնական միջոցներն են աղոթքը, բարի գործերը և, մասնավորապես, Եկեղեցու Սուրբ Խորհուրդները։

 

404. – Եկեղեցու Սուրբ Խորհուրդներն ի՞նչ են:

– Ծիսական արարողություններ են, որոնց միջոցով մարդուն հաղորդվում է Աստծո փրկարար և սրբարար շնորհը, եթե դրանից զուրկ է, կամ ավելացվում է այն, եթե նա արդեն շնորհի վիճակի մեջ է գտնվում, բայց միշտ կարող է աճել՝ ձգտելով կատարելության։

 

405. – Քանի՞սն են Եկեղեցու Սուրբ Խորհուրդները և ո՞վ է հաստատել դրանք:

– Եկեղեցու Սուրբ Խորհուրդները յոթն են և բոլորն էլ հաստատվել են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողմից:

 

406. – Որո՞նք են դրանք և ո՞րն է դրանցից յուրաքանչյուրի յուրահատկությունը:

– 1) Մկրտությունը, որով մարդու հոգուց ջնջվում է ադամական մեղքը, տվյալ անձը որդեգրվում է Աստծուն և դառնում է քրիստոնյա.
2) Դրոշմը, որով քրիստոնյային տրվում է Սուրբ Հոգու օծումը և նրա հոգու մեջ ցանվում են աստվածային բոլոր կատարելությունների սերմերը և Սուրբ Հոգու բոլոր պարգևները.
3) Հաղորդությունը, որով (Սուրբ Պատարագի ժամանակ) քրիստոնյան հացի և գինու երևույթի ներքո ճաշակում է Աստծո Մարմինն ու Արյունը որպես հավիտենական կյանքի թթխմոր և երաշխիք.
4) Ապաշխարությունը, որով ներվում են Մկրտությունից հետո գործված մեղքերը (կարող է նկատվել որպես Մկրտության շնորհի վերանորոգում).
5) Հիվանդների Օծումը, որով հատուկ ուժ է տրվում ինչ որ մի ծանր հիվանդությամբ հիվանդացած մարդուն, որպեսզի հոգին պայքարի սատանայի փորձությունների դեմ և Քրիստոսի հետ միությամբ ապրի հիվանդության տառապանքները. իսկ եթե Աստծո կամքին և մեր բարիքին համապատասխան է, մարմինն էլ առողջություն գտնի.
6) Ձեռնադրությունը, որով քահանայական ծառայության կանչվածներին հատուկ շնորհ և իշխանություն է տրվում Ծեսը կատարելու և Սուրբ Խորհուրդները մատակարարելու համար.
7) Ամուսնությունը, որով միմյանց սիրող զույգին հատուկ շնորհ է տրվում իրենց միությունը կայացնելու, այդ միության մեջ սրբությամբ ապրելու համար, նմանվելով Քրիստոսի և Եկեղեցու խորհրդավոր միությանը:

 

407. – Յոթ Խորհուրդների մեջ կա՞ն ոմանք, որոնք գլխավոր խորհուրդներ են համարվում:

– Այո՛, Մկրտության և Ամենասուրբ Հաղորդության խորհուրդները քրիստոնեական կյանքի գլխավոր երկու բևեռներն են, որոնց շուրջն է պտտվում մնացած ամեն բան:

 

408. – Այդ արարողությունների մեջ էական մասերը որո՞նք են:

– Էական մասերն են նյութը և ձևը, որոնք Քրիստոսի կողմից են հաստատվել և բուն խորհուրդն են կազմում։ – «Նյութ» է կոչվում այն զգալի ու տեսանելի հատվածը, որ ամեն Խորհուրդի մեջ կա. օրինակ՝ ջուրը Մկրտության մեջ, հացը և գինին՝ Ամենասուրբ Հաղորդության մեջ, մյուռոնը՝ Դրոշմի կամ Ձեռնադրության մեջ, և այլն։ – «Ձև» է կոչվում Խորհուրդը կատարելու ժամանակ արտասանված խոսքերի բաժինը։

 

409. – Այս զգալի նշաններն ի՞նչ դեր ունեն Խորհուրդների մեջ:

– Այս զգալի նշանները երկու դեր են կատարում խորհուրդների մեջ. 1) տեսանելի կերպով նշանակում են այն շնորհը, որ հոգին անտեսանելի կերպով ընդունում է (օրինակ, ջրի լվացումը Մկրտության մեջ նշանակում է հոգու մաքրվելը մեղքերից). առանց զգալի նշանի չէինք իմանա, թե երբ ենք ընդունում կարևոր շնորհ և Սուրբ Խորհուրդ, և պատշաճ պատրաստություն չէինք տեսնի. 2) Հիսուսի խոստումի զորությամբ անմիջապես տալիս են այն շնորհը, որ նշանակում են, ուստի Սուրբ Խորհուրդները կոչվում են նաև շնորհի արդյունաբեր նշաններ։

 

410. – Ուրեմն քանի՞ բան է անհրաժեշտ՝ Խորհուրդ կատարելու համար:

– Ազատակամ ու գիտակցաբար դիմողին՝ Խորհուրդ կատարելու համար երեք բան է անհարժեշտ. նյութը, ձևը և Խորհուրդը կատարող իրավասու պաշտոնյան։

 

411. – Ի՞նչ տեսակ շնորհ են տալիս խորհուրդները:

– Եկեղեցու Սուրբ Խորհուրդները տալիս են սրբարար և խորհրդական շնորհ։

 

412. – Ի՞նչ է խորհրդական շնորհը:

– Ամեն խորհուրդ մասնավոր մի նպատակ ունի հոգու զանազան կարիքների համար, և այս նպատակին հասնելու համար տրված շնորհը կոչվում է խորհրդական շնորհ։

 

413. – Ուրիշ ի՞նչ անուններով են խմբերի բաժանվում Եկեղեցու Սուրբ Խորհուրդները:

– Բաժանվում են երկու խմբի. Մեռյալների խորհուրդների և Ողջերի խորհուրդների։

 

414. – Որո՞նք են կոչվում Մեռյալների խորհուրդներ:

– Մեռյալների խորհուրդներ են կոչվում Մկրտությանն ու Ապաշխարությանը, քանի որ չմկրտվածը և մեղավորը, զրկվելով Արքայությունից և իրենց բարի գործերի արդյունքներից, հոգով մահացած են համարվում: Այս երկու խորհուրդները սահմանված են հոգիներին Աստծո հետ հաշտեցնելու և կորցրած իրավունքները վերադարձնելու։

 

415. – Որո՞նք են կոչվում Ողջերի խորհուրդներ:

– Ողջերի խորհուրդներ են կոչվում մյուս հինգ խորհուրդները, որոնք հոգով մահացածները չեն կարող ընդունել, այլ՝ ընդունողը պետք է ի սկզբանե շնորհի վիճակի մեջ, այսինքն՝ հոգով կենդանի լինի։

 

416. – Հոգով մահացածն ի՞նչ է գործում, եթե Ողջերի խորհուրդ է ընդունում:

– Հոգով մահացածը ծանր մեղքի մեջ գտնվելով և Աստծո թշնամի լինելով՝ մեծապես նախատում է Աստծուն և սրբապղծություն է գործում, եթե Ողջերի խորհուրդ է ընդունում։ Մեղավորը պետք է նախ Մեռյալների խորհուրդն ընդունի, հետո՝ մնացածը։

 

417. – Ի՞նչ շնորհներ են տալիս Մեռյալների խորհուրդները:

– Մեռյալների խորհուրդները տալիս են սրբարար կամ առաջին շնորհը, որ հաշտեցնում է մեղավորին Աստծո հետ և ընդունակ է դարձնում հետագա շնորհներն ընդունելու։

 

418. – Ի՞նչ շնորհ են տալիս Ողջերի խորհուրդները:

– Ողջերի խորհուրդները ենթադրում են առաջին շնորհի առկայությունը և աճեցնում են այն, և տալիս են յուրաքանչյուրն իրեն հատուկ խորհրդական շնորհը։

 

419. – Քանի՞ անգամ կարելի է ընդունել Եկեղեցու Սուրբ Խորհուրդները:

– Մկրտության և Դրոշմի խորհուրդները կատարվում են միայն մեկ անգամ և խստիվ արգելված է կրկնել դրանք: Ձեռնադրության խորհուրդն ունի երեք աստիճան (Սարկավագ, Քահանա, Եպիսկոպոս). յուրաքանչյուր աստիճանի Ձեռնադրությունը կարող է կատարվել միայն մեկ անգամ, բայց միևնույն անձը կարող է ստանալ բոլոր երեք աստիճաններն էլ: Ամուսնության խորհուրդը կարող է կրկնվել միայն ամուսիններից մեկի մահվան դեպքում: Ապաշխարության, Ամենասուրբ Հաղորդության և Հիվանդների Օծման խորհուրդները կարող են կատարվել բազմաթիվ անգամներ, առանց որևէ սահմանափակման:

 

420. – Ի՞նչ է խորհրդական կնիքը:

– Հոգու վրա Քրիստոսի կողմից դրոշմված անջնջելի մի նշան է, որ հավիտյան մնում է։ Հանդերձյալ կյանքի մեջ այն հոգիները, որ մկրտված, դրոշմված կամ քահանա են եղել, սրանով զանազանվում են մյուս հոգիներից, որ Քրիստոսի Եկեղեցուց դուրս են մնացել։

 

421. – Ինչպե՞ս պետք է ընդունենք Եկեղեցու Սուրբ Խորհուրդները:

– Մեռյալների խորհուրդները պետք է ընդունենք զղջացած սրտով և մեզ ուղղելու լուրջ դիտավորությամբ. Ողջերի խորհուրդները պետք է ընդունենք շնորհի վիճակի մեջ և ամենամեծ հարգանքով։

 

422. – Խորհրդական շնորհը ինչպե՞ս է հարկավոր պահել:

– Խորհրդական շնորհը պետք է պահենք դրա հետ գործակցելով, այսինքն՝ ինքներս մեզ կրթելով բարի գործերի և առաքինությունների մեջ, և չարից խուսափելով։ – Աստված չի տալիս Իր շնորհները, երբ դրանք չենք հարգում։

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Եկեղեցու Սուրբ Խորհուրդներն ի՞նչ են, քանի՞սն են և ո՞վ է հաստատել դրանք:
– Որո՞նք են դրանք և ո՞րն է դրանցից յուրաքանչյուրի առանձնահատկությունը:
– Քանի՞ անգամ կարելի է ընդունել Եկեղեցու Սուրբ Խորհուրդները:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։