Գ. – Դրոշմ – Գրադարան – Mashtoz.org

Գ. – Դրոշմ

435. – Ի՞նչ է Դրոշմը:

– Դրոշմը Ողջերի խորհուրդ է, որի նպատակն է մկրտվողին քրիստոնեական կատարելության հասցնել։ Աստված Դրոշմով լրացնում է մեր մեջ այն, ինչը որ Մկրտությամբ սկսեց անել։

 

436. – Դրոշմի խորհուրդն ա՛յլ անուն ունի՞:

– Քանի որ մկրտվածի հոգում դրոշմում է Սուրբ Հոգու կնիքը, կոչվում է նաև Կնունք:

 

437. – Դրոշմն ի՞նչ շնորհներ է տալիս:

– Դրոշմը մասնավորապես տալիս է Սուրբ Հոգու զորությունը՝ ճշմարիտ Հավատքի մեջ է՛լ ավելի հաստատվելու, այն աներկյուղ դավանելու և քրիստոնեական առաքինություններով աճելու համար։ Սրանից բացի, անջնջելի կերպով զինվորի կնիք է դրոշմում հոգու վրա, ուստի այս խորհուրդն էլ է մեկ անգամ ընդունվում։

 

438. – Դրոշմվողն իբրև Քրիստոսի զինվոր ի՞նչ պարտավորություններ է ստանձնում:

– Դրոշմվողը, Քրիստոսի զինվոր դառնալով. 1) պետք է պայքարի իր հոգու թշնամիների՝ մեղքի ու փորձությունների դեմ. 2) քաջությամբ ու սիրով կրի Աստծո թույլտվությամբ և մարդկանց չարությունից առաջ եկած նեղությունները. 3) առաքինությամբ և բարի գործերով հաճո լինի Աստծուն, Ով իր Թագավորն ու Հայրն է։

 

439. – Դրոշմի խորհուրդը կարևո՞ր է:

– Փրկվելու համար Դրոշմի խորհուրդն անհրաժեշտ չէ, բայց մեծապես օգտակար է քրիստոնեական կատարելության համար, ուստի այն արհամարհելն ու անտարբերությամբ չընդունելը մեղք է։

 

440. – Ո՞րն է Դրոշմի նյութն ու ձևը:

– Դրոշմի նյութը Եպիսկոպոսի կողմից օրհնված ձեթն է՝ Մյուռոնը, որով օծվում են դրոշմվողի ճակատն ու զգայարանները: Իսկ ձևը՝ ճակատն օծելու ժամանակ ասված խոսքերն են։

 

441. – Ո՞վ է Դրոշմի պաշտոնյան:

– Արևմտյան ավանդության եկեղեցիներում Դրոշմի սովորական պաշտոնյան Եպիսկոպոսն է, ով սակայն կարող է որոշ դեպքերում քահանային փոխանցել իր այդ իշխանությունը: Իսկ արևելյան ավանդության եկեղեցիներում, ներառյալ՝ Հայ Եկեղեցում, հնագույն սովորության համաձայն՝ Դրոշմի խորհուրդը մատակարարվում է Մկրտությունից անմիջապես հետո, և մկրտող քահանան է հանդիսանում Դրոշմի սովորական պաշտոնյան։

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ի՞նչ է Դրոշմը և ուրիշ ի՞նչ անուն ունի։ Ի՞նչ շնորհներ է տալիս հոգուն:
– Դրոշմվողն ի՞նչ պարտավորություններ է ստանձնում:
– Ո՞րն է Դրոշմի նյութն ու ձևը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։