ԺԶ. – Տոներ և ապաշխարության օրեր – Գրադարան – Mashtoz.org

ԺԶ. – Տոներ և ապաշխարության օրեր

615. – Ծիսական տարվա մեծ տոները որո՞նք են:

– Ծիսական տարվա մեծ տոները Հիսուսի կյանքի գլխավոր դեպքերի հիշատակություններն են. Ծնունդ, Մկրտություն, Զատիկ (Խաչելություն և Հարություն), Համբարձում, և այլն: Ապա Հոգեգալուստ, և հետո՝ Աստվածամոր, Հրեշտակների և նշանավոր Սրբերի տոները։

 

616. – Որո՞նք են տերունական կոչված տոները:

– Տերունական կոչված տոները նրանք են, որ վերաբերվում են Հիսուսին, Սուրբ Խաչին, Եկեղեցուն կամ Սուրբ Աստվածածնին, իրենց նախատոնակներով և ութօրյաներով հանդերձ։ Տերունական են նաև տարվա բոլոր 52 Կիրակիները, ընդհանուր առմամբ՝ 136 տերունական օր (միջին հաշվով), մնացած օրերը զբաղեցնում են Ապաշխարության օրերը կամ Սրբերի տոները, որոնք երբեմն միացվում են միմյանց՝ անհիշատակ չանցնելու համար։

 

617. – Որո՞նք են անշարժ կամ հաստատուն տոները:

– Անշարժ կամ հաստատուն տոները նրանք են, որ կապված են կոնկրետ ամսաթվերի հետ, կարող են հանդիպել շաբաթվա տարբեր օրերի (երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ կամ Կիրակի), սակայն ամիսն ու օրը չեն փոխվում։ Օրինակ՝ Աստվածահայտնության տոնը, որ կատարվում է Հունվարի 6-ին, անկախ այն հանգամանքից, թե շաբաթվա ո՛ր օրն է հանդիպում այդ տարի:

 

618. – Որո՞նք են շարժական կամ փոփոխական տոները:

– Շարժական կամ փոփոխական են կոչվում մյուս տոները, որոնք օրվա հետ կապված չեն, ինչպես օրինակ Սրբերի տոները, որոնց թվականները տարուց տարի փոխվում են, երբեմն նաև ամիսների տարբերությամբ։ Դրանք կանոնակարգվում են անշարժ տոների համաձայն. օրինակ, Սրբուհի Շուշանի՝ մեծն Վարդանի դստեր հիշատակը կատարվում է Վարդավառից հետո հանդիպող Առաջին Երկուշաբթի օրը (Վարդավառն էլ իր հերթին կատարվում է Հոգեգալստից հետո Յոթերորդ Կիրակի օրը):

 

619. – Որո՞նք են Հայոց անշարժ տոները:

– Հայոց անշարժ տոները հետևյալներն են.
1) Հիսուսի Ծնունդը՝ Դեկտեմբերի 25-ին (Հայ Առաքելական Եկեղեցին՝ Հունվարի 6-ին).
2) Հիսուսի Հայտնություն և Մկրտություն, նախատոնակով և ութօրյայով՝ Հունվարի 5-13.
3) Տյառնընդառաջ՝ Փետրվարի 2-ին (Հայ Առաքելական Եկեղեցին՝ Փետրվարի 14).
4) Ավետում՝ Մարտ 25-ին (Հայ Առաքելական Եկեղեցին՝ Ապրիլի 7-ին).
5) Սուրբ Կույսի Ծնունդ՝ Սեպտեմբերի 8-ին.
6) Սուրբ Կույսի Ընծայում՝ Նոյեմբերի 21-ին.
7) Սուրբ Կույսի Անարատ Հղություն՝ Դեկտեմբերի 9-ին։

 

620. – Ովքե՞ր են Հայ Եկեղեցում հատկապես հարգված Սրբերը:

– Հայ Եկեղեցում հատկապես հարգված են Սուրբ Աստվածածինը, Սբ. Հովհաննես Մկրտիչը, Սբ. Ստեփանոս Նախավկան և Սբ. Գրիգոր Լուսավորիչը, որոնք ժամերգությունների մեջ ամեն օր հիշատակվում են։ Կան նաև ազգային հատուկ համբավ վայելող Սրբեր, որ տարվա մեջ տոնվում են մեծահանդես շուքով, ինչպես օրինակ՝ Թարգմանիչները, Վարդանանքը, Սբ. Գրիգոր Լուսավորիչը, Սբ. Հռիփսիմե և Սբ. Գայիանե կույսերը, և այլոք։ Ինչպես նաև համաքրիստոնեական մեծ Հայրապետներ, ինչպես օրինակ՝ Սբ. Հովհան Ոսկեբերան, Սբ. Կյուրեղ Ալեքսանդրացի, և ուրիշներ:

 

621. – Որո՞նք են ծիսական տարվա մեջ Ննջեցյալներին հատկացված օրերը:

– Ծիսական տարվա մեջ ննջեցյաներին հատկացված են հինգ մեծ տոներին անմիջապես հաջորդող օրերը, որ կոչվում են Մեռելոց։ Այդ մեծ տոներն են՝ Հայտնություն, Զատիկ, Վարդավառ, Վերափոխում և Խաչվերաց, որ կոչվում են հինգ Տաղավար տոներ։

 

622. – Ի՞նչ են ապաշխարության օրերը:

– Տարվա մեծ տոներին հոգեպես նախապատրաստվելու նպատակով, չորեքշաբթի և ուրբաթ օրերից բացի, Եկեղեցին սահմանել է ապաշխարության համար ծոմի և պահքի զանազան օրեր.
1) Հարության Զատիկի պատրաստության քառասուն օրերը, որ կոչվում են Քառասնորդաց կամ Մեծ պահք.
2) Հինգ շաբաթապահքեր՝ պատրաստվելու համար Վարդավառի, Վերափոխման, Խաչվերացի, Հայտնության տոներին և Սբ. Սարգսի տոնին, որ սկսվում է Առաջավորաց Կիրակիից հետո։

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
ՀԻՆ ԵՎ ՆՈՐ ՏՈՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ժամանակի չափումը կապված է արևի շուրջը երկրի պտույտների հետ: Արդ, նախկինում (Նումայի կոչված օրացույցը) հաստատված լինելով լուսնի փուլերի վրա, տարին 365 օր էին հաշվում։ Շուտով գիտակցեցին իրենց սխալը և այն ուղղելու համար մտածեցին երկու տարին մի անգամ 13-րդ ամիս ավելացնել, որը կազմված լիներ 22 օրից։ Սակայն սա էլ երկրի պտույտներին չէր համապատասխանում։

Հուլիոս Կեսարը Սոսիկես աստղագետի հետ որոշեց սրան լուծում տալ, ու հրամայեց տարին հաստատել 365 օր և 6 ժամ, որով սովորական տարին պիտի հաշվվեր 365 օր, իսկ չորս տարին մեկ՝ նահանջ տարի 366 օրով. այդ մեկ օրն էլ պիտի ավելացվեր փետրվարի վերջում։ Այս միջոցը սկսեցին կիրառել Քրիստոսից առաջ 44-րդ թվականին, արևի հետ համընթաց շարժումով և կոչվեց Հուլյան տոմար։ Մնում էր սրբագրել նախորդ տարիների սխալը կամ մոռացումը, որով օրացույցի մեջ 90 օր զանց էր առնված։ Կեսարը հրամայեց, որ Քրիստոսից առաջ 45-րդ տարին ունենա 445 օր, ուստի այն կոչվեց «խառնակության տարի»։

Ժամանակի ընթացքում պարզվեց, որ Հուլիոս Կեսարն էլ էր սխալվել ու նոր լուծում էր պետք գտնել օրացույցն արևի հետ համընթաց դնելու համար։ Տարին իրապես ուներ 365 օր, 5 ժամ, 48 րոպե, 46 վայրկյան, որոնք տարուց տարի գրեթե 11 վայրկյան տարբերություն բերելով՝ 14րդ դարում, երբ Հուլյան տոմարը գարնան գիշերահավասարն էր նշում, իրականում արևն անցել էր այդ գիշերահավասարից 10 օր առաջ, որով հուլյան տոմարն ամեն տարի ետ էր մնում։

Սրան լուծում գտավ Գրիգոր 13րդ Հռոմի Պապը. անցյալը սրբագրեց՝ օրացույցը 10 օր առաջ տանելով. 1582 թվականին Հոկտեմբերի 4-ի հինգշաբթին դարձավ Հոկտեմբերի 15-ի ուրբաթը։ Ապագա սխալների առջևն առնելու համար էլ հրամայեց, որ ամեն 400 տարին մի անգամ 97 (և ո՛չ թե 100) նահանջ տարիներ ներմուծվեն և մեկ նահանջ տարի էլ ավելացվի ամեն 3963 տարիների շրջանի վրա։

Նոր տոմարն ընդունեցին նախ Ֆրանսիայի և հետո Գերմանիայի կաթոլիկները, իսկ հետո՝ 1600-ին ընդունեցին նաև Գերմանիայի, իսկ 1752-ին՝ Անգլիայի բողոքականները։ Ներկայումս գրեթե ողջ աշխարհն ընդունել է Գրիգորյան տոմարը, ինչպես նաև Հայերը։ Միայն Բյուզանդական ավանդության Եկեղեցիները շարունակեցին հետևել հին տոմարին, որի պատճառով էլ 13 օրվա տարբերություն կա մեր և իրենց տոների միջև։

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ծիսական տարվա մեծ տոները որո՞նք են:
– Որո՞նք են անշարժ կամ հաստատուն տոները:
– Որո՞նք են շարժական կամ փոփոխական տոները:
– Ովքե՞ր են Հայ Եկեղեցում հատկապես հարգված Սրբերը:
– Որո՞նք են ծիսական տարվա մեջ Ննջեցյալներին հատկացված օրերը:
– Ի՞նչ են ապաշխարության օրերը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։