Զ. – Յոթերորդ և տասներորդ պատվիրանները – Գրադարան – Mashtoz.org

Զ. – Յոթերորդ և տասներորդ պատվիրանները

283. – Ի՞նչ են հանձնարարում Յոթերորդ և Տասներորդ Պատվիրանները:

– Յոթերորդ և Տասներորդ պատվիրանները հանձնարարում են այն բոլոր պարտականությունները, որոնցով Աստված կամենում է ապահովել մեր երկրավոր կյանքը՝ պաշտպանելով մարդու օրինավոր ունեցվածքը։

 

284. – Ե՞րբ է մարդու ունեցվածքը օրինավոր կոչվում:

– Մարդու ունեցվածքը օրինավոր է կոչվում, երբ այն ձեռք է բերվել արդար աշխատանքով, գնելով, նվեր ընդունելով, ժառանգելով կամ լքված մի իր վերցնելով։

 

285. – Յոթերորդ Պատվիրանն ի՞նչ է արգելում:

– Յոթերորդ Պատվիրանն արգելում է անիրավությամբ վերցնել կամ պահել ուրիշի ունեցվածքը և նրա ունեցածներին որևէ վնաս հասցնել։

 

286. – Որո՞նք են Յոթերորդ Պատվիրանի դեմ գործված գլխավոր մեղքերը:

– Յոթերորդ Պատվիրանի դեմ գործված գլխավոր մեղքերն են գողությունը, վաշխառությունը, կողոպուտը, հափշտակությունը, թալանը, կաշառքը, աշխատավարձ չվճարելը, նախանձը, առևտրի, ծառայությունների կամ համաձայնությունների մեջ խարդախությունը, ուրիշի ունեցվածքը փչացնելը կամ առանց դրա իրավունքն ունենալու իր մոտ պահելը, պարտքերը չվճարելը կամ շատ ուշ վճարելը, ծուլությամբ չաշխատելը, այլ՝ դատարկապորտությամբ ուրիշի հաշվին ապրելը, այսպիսի բաների դրդելը կամ խորհուրդ տալը, և այլն։

 

287. – Յոթերորդ Պատվիրանն ի՞նչ է հրամայում:

– Հրամայում է վերադարձնել անիրավությամբ ձեռքբերված ունեցվածքը, հատուցել պարտքերը և արդարությամբ վճարել աշխատավարձերը, փոխհատուցել այն վնասները, որոնք կամա թե ակամա, ուղղակի թե անուղղակի կերպով հասցրել ենք ուրիշի օրինավոր ունեցվածքին։

 

288. – Ով որ չի հատուցում գողացածի դիմաց կամ ուրիշի կրած վնասը չի փոխհատուցում, Աստծուց թողություն գտնո՞ւմ է, եթե խոսքի մակարդակում խոստովանում է իր մեղքը:

– Ո՛չ, ով որ դրա կարողությունն ունի ըստ կոնկրետ պարագաների, բայց չի ցանկանում գողացածի կամ հասցրած վնասի փոխարեն հատուցել, թողություն չի գտնում և խոստովանանքի մեջ արձակում չի ստանում, քանի որ ճշմարիտ զղջում չունի: Իսկ ով որ իսկապես չի կարող փոխհատուցել, պետք է առնվազն անկեղծ փափագ ունենա փոխարինելու ըստ այդ պահի իր կարողությունների, որպեսզի թողություն գտնի։ Անկեղծ զղջումը արդար է և միշտ հարգում է ուրիշի իրավունքը։

 

289. – Կա՞ն կոնկրետ պարագաներ, երբ տվյալ արարքը արտաքուստ գողություն է թվում, բայց իրականում այդպիսին չէ:

– Այո՛, կան նման ծայրահեղ պարագաներ: Օրինակ, եթե մի մարդ սովահար է (ինքը, կամ ընտանիքի անդամները), և հասարակությունից խնդրում է օգնել իրեն, և ամենուր քար սրտերի հանդիպելով՝ ոչ մի տեղից օգնություն չի ստանում, խնդրում է նաև օրինավոր աշխատանք և իրեն աշխատելու հնարավորություն էլ չի տրվում, այդպիսի դեպքերում նա իրավունք ունի վերցնելու այն, ինչ հարկավոր է իր և իր ընտանիքի անդամների կենսապահովման համար: Նման դեպքում, նույնիսկ եթե այդ մարդը բռնվի և դատվի քաղաքական օրենքների համաձայն, Աստծո առաջ նա արդար է, քանի որ կյանքի իրավունքն առավել սրբազան արժեք ունի, քան սեփականության անձեռնմխելիությունը: Չպետք է երբեք մոռանանք, որ երկրագունդն իր բոլոր հարստություններով Աստված սահմանել է հավասարապես բոլոր մարդկանց բարիքին, և չնայած այն բանին, որ սեփականության իրավունքը ինքնըստինքյան բարի բան է, սակայն մարդասիրությունը անհամեմատելիորեն ավելի վեհ արժեք է:

 

290. – Ի՞նչ է արգելում Տասներորդ Պատվիրանը:

– Տասներորդ Պատվիրանն արգելում է ապօրինի միջոցներով ուրիշի ունեցվածքը յուրացնելու կամ դրանց վնասելու փափագներն ու մտքերը։

 

291. – Ի՞նչ է հրամայում Տասներորդ Պատվիրանը:

– Հրամայում է նախ արդար և չափավոր լինել մեր նյութական վիճակը բարելավելու փափագի մեջ, և ապա՝ սիրով համբերել աղքատության նեղություններին և ուրիշ խեղճությունների, որ Աստծո թույլտվությամբ պատահում են մեզ։

 

292. – Ապօրինի միջոցներով հարստացողներն ի՞նչ են լինում:

– Հիսուս Քրիստոսը Սուրբ Ավետարանում հստակ կերպով ասում է, որ «չափազանց դժվար է, որ հարուստը Աստծո Արքայություն մտնի»: Դրա պատճառն այն է, որ նյութական ունեցվածք և հարստություն դիզելու անկառավարելի մարմաջը մոռացության է մատնում հոգու խնամքը՝ կլանելով մարդու ողջ ժամանակը, դարձնում է նրան ագահ՝ անտարբեր դարձնելով չքավորների նկատմամբ, և ներշնչում է սին ինքնահավանություն՝ կարծես թե փողով կարող է լուծել ամեն հարց, մոռանալով, որ կյանքը, առողջությունը, երջանկությունը, սերը, հոգու անդորրը, սրտի խաղաղությունը և հոգևոր ա՛յլ բարիքները երբեք ու երբեք չեն վաճառվում ու չեն գնվում փողով: Սուրբ Ավետարանում Հիսուսը կրկին ասում է. «Ի՞նչ օգուտ ունի, եթե մարդն ամբողջ աշխարհը շահի, բայց իր հոգին կորցնի. և ի՞նչ կարող է մարդը տալ Աստծուն իր հոգու փոխարեն»։ Եվ տակավին. «Մարդը չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև մեկին կսիրի, իսկ մյուսին՝ կատի: Անհնարին է ծառայել միաժամանակ Աստծուն ու փողին»:

 

293. – Ուստի հարստությունը միշտ և ինքնըստինքյան չարի՞ք է:

– Ո՛չ, հարստությունն ինքնըստինքյան բարիք է և բնավ վատ բան չէ, երբ մարդն արդարացի կերպով ձգտում է բարելավելու իր նյութական վիճակը: Եվ մեծ առաքինություն է նաև, երբ արդարացի աշխատանքով ձեռքբերված հարստությունից տվյալ անձը մաս է հանում նաև աղքատների համար, ինչպես նաև հատկացնում է տարբեր բարեգործական ծրագրերի իրականացմանը, օգնում է ամենատարբեր կարիքներ ունեցող մարդկանց: Պարզապես մարդն աղոթքով ու Աստծո օգնությամբ պետք է չափազանց զգոն լինի, որպեսզի թույլ չտա, որ հարստություններն ապականեն իր սիրտն ու հոգին՝ անտարբեր դարձնելով իրեն Աստծո ու մարդկանց սիրո դիմաց:

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ի՞նչ է արգելում և ի՞նչ է հրամայում Յոթերորդ Պատվիրանը:
– Սեփականության իրավունքից ավելի գերադաս իրավունք կա՞։
– Հարստությունն ինչպիսի՞ վտանգների է ենթարկում մարդուն։
– Հարուստ մարդն ի՞նչ կերպ կարող է հաճո լինել Աստծուն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։