Գ. – Չորրորդ պատվիրանը – Գրադարան – Mashtoz.org

Գ. – Չորրորդ պատվիրանը

253. – Ինչի՞ մասին են հաջորդ՝ յոթը պատվիրանները:

– Հաջորդ՝ յոթը պավիրանները վերաբերվում են այն օրենքներին, որոնք կարգավորում են մարդկային փոխհարաբերությունները, և որպես նպատակ ունեն պաշտպանել մեզ բարոյական թշվառությունից՝ երջանիկ դարձնելով մեզ երկրի վրա։

 

254. – Ի՞նչ է հանձնարարում Չորրորդ Պատվիրանը:

– Չորրորդ Պատվիրանը հանձնարարում է բարեխղճորեն կատարել զավակների որդիական պարտավորություններն իրենց ծնողների հանդեպ։

 

255. – Զավակներն ի՞նչ պարտավորություններ ունեն իրենց ծնողների հանդեպ:

– Զավակները պարտավոր են իրենց ծնողներին հարգել, սիրել, հնազանդվել և – երբ իրենք չափահաս ու ընդունակ կլինեն, իսկ ծնողները՝ տարեց ու անկարող – օգնել նրանց՝ հոգեկան և նյութական կարիքների մեջ, սիրով ստանձնելով նրանց խնամքը։

 

256. – Սա միայն մարմնական ծնողների՞ն է վերաբերվում:

– Ո՛չ, այլ նաև հոգևոր ու կրթական իմաստով ծնողներին փոխարինող անձանց: Հոգևոր առումով դրանք քահանաներն ու մայրապետներն են, որ հոգում են պատանիների հոգևոր կարիքները և նրանց դաստիարակում են Աստծո ճանապարհների մեջ: Կրթական առումով դրանք ուսուցիչներն են, որ զբաղվում են պատանիների գիտական ու մշակութային կրթությամբ: Հետևաբար, պատանիները միևնույն պարտավորություններն ունեն իրենց հոգացող ու դաստիարակող մեծերի հանդեպ, քանի որ նրանք են իրենց մտքի ու հոգու կյանքն ապահովում։

 

257. – Մարդն ինչո՞ւ պետք է հնազանդվի իր օրինավոր վերադասներին:

– Որովհետև եկեղեցական, քաղաքական և ուրիշ որևէ օրինավոր իշխանություն ունեցող վերադասներն աստվածային կարգի ներկայացուցիչներն են, և իրենց իշխանությունն ուղղակի կամ անուղղակի կերպով Աստծուց է գալիս: Հետևաբար, նրանց օրինավոր պահանջներին հակառակվելը՝ Աստծո դրած կարգին հակառակվել է նշանակում։

 

258. – Աստված ի՞նչ է խոստանում հնազանդություն և հարգանք ունեցող զավակներին:

– Աստված հնազանդություն և հարգանք ունեցող զավակներին խոստանում է Իր հատուկ օրհնությունները, որոնցով շատ անգամ ո՛չ միայն գործերի հաջողություն, այլ նաև երկար ու երջանիկ կյանք են ունենում երկրի վրա և Արքայության ժառանգ են լինում։

 

259. – Մարդիկ ե՞րբ են մեղանչում Չորրորդ Պատվիրանի դեմ:

– Մարդիկ Չորրորդ Պատվիրանի դեմ մեղանչում են, երբ թերանում են իրենց ծնողների ու վերադասների հանդեպ հարգանքի, սիրո ու հնազանդության մեջ, և իրենց ծնողների կարիքի ժամանակ նրանց չեն օգնում։ Նրանք երկրի վրա էլ են դժբախտ ու անպատիվ լինում, քանի որ Աստված չի հանդուրժում և պատժում է ապերախտությունը։

 

260. – Ծնողներն իրենց զավակների հանդեպ ի՞նչ պարտավորություններ ունեն:

– Ծնողները պարտավոր են սիրել իրենց զավակներին, իրենց բոլոր կարողությունների չափով հոգալ նրանց նյութական ու հոգևոր կարիքները, դաստիարակել նրանց և հոգ տանել նրանց ապագայի համար։

 

261. – Ի՞նչ պարտականություններ ունեն ստորադասներն իրենց վերադասների հանդեպ:

– Ստորադասները պարտավոր են հարգանք, հնազանդություն և հավատարմություն ունենալ ու դրսևորել իրենց վերադասների հանդեպ։

 

262. – Վերադասներն ի՞նչ պարտականություններ ունեն իրենց ստորադասների հանդեպ:

– Վերադասները պարտավոր են արդարությամբ վճարել կատարվող բոլոր, անգամ նվազագույն աշխատանքների դիմաց, սիրով ու քաղաքավարությամբ վարվել իրենց ստորադասների հետ, հարգել նրանց բոլոր օրինավոր իրավունքները (հանգստի, ընտանեկան հանգամանքների, և այլն), և իրենց իշխանությունը պետք է գործածեն ի շահ համընդհանուր բարիքի, բնավ չտրվելով քմահաճույքներին, իշխանատենչությանը, փառասիրությանն ու ա՛յլ մոլություններին։

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ի՞նչ է հանձնարարում Չորրորդ Պատվիրանը։
– Չորրորդ Պատվիրանը միայն մարմնական ծնողների՞ն է վերաբերվում:
– Մարդիկ ե՞րբ են մեղանչում Չորրորդ Պատվիրանի դեմ:
– Ծնողներն իրենց զավակների հանդեպ ի՞նչ պարտավորություններ ունեն:
– Վերադասներն ի՞նչ պարտականություններ ունեն իրենց ստորադասների հանդեպ:
– Մեծերն ու ծնողները, երբ խնամում են փոքրերին, Աստծո՞ւն են ծառայում, թե՞ հասարակությանը։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։